Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Պետրոսյանին պաշտոնամուտի առթիվ և շնորհակալություն հայտնել Էրիկ Գրիգորյանին՝ Բնապահպանության, ապա՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում գործունեության համար: Կառավարության ղեկավարը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է և նա հետագա գործունեության մեջ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման ջանքերում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
«Պարոն Պետրոսյանն այստեղ տեղափոխվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից, և պետք է արձանագրենք, որ այդ կարգավիճակում նա բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել: Եվ հույս և համոզմունք պետք է հայտնենք, որ նույնքան կամ ավելի արդյունավետ կլինի այդ գործունեությունը Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում:
Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում այժմ բնապահպանության կամ բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: Մի դեպքում՝ մենք հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթներին, մյուս դեպքում հանդիպում ենք բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Եվ մեր խնդիրն է՝ ընդհանրապես գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կբալանասավորի կամ կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը կա քաղաքակրթության և բնության միջև: Պետք է ցավով արձանագրենք, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է, որովհետև քաղաքակրթության ցանկացած դրսևորում ինչ-որ մի բան վերցրել է բնությունից, և շատ բաներ արդեն բնությունից վերցրած են անվերադարձ: Բայց մյուս կողմից այսօր արդեն դա նաև լուրջ մարտահրավերներ է բերում հենց իրեն քաղաքակրթությանը: Եվ մենք պետք է գտնենք համակեցության ճիշտ ձևը, ճիշտ ճանապարհը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը Հայաստանը պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով: «Եվ մեր կենցաղը, և մեր արդյունաբերությունը, և մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել այն չափանիշներին, որոնք կլինեն բալանսավորված: Ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է ոլորտում առկա լուրջ խնդիրների փաստը՝ սկսած Հայաստանում անկառավարելի աղբի ծավալներից՝ շարունակած Սևանա Լճի խնդրով: «Մենք երկար տարիների ընթացքում խնդիրն ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում Շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ նույնիսկ ամենավատ նախարարի կամ փոխնախարարի կամ ամենավատ կառավարության գործունեության պարագայում նման բաներ չեն կարող տեղի ունենալ մի շաբաթում, նույնիսկ մի ամսում, նույնիսկ մի տարում և նույնիսկ՝ տաս տարում: Դա մեր երկար գործունեության արդյունքն է՝ ամեն օր մեր կենցաղավարման՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե մենք Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ: Սևանի ափով այսօր քայլելիս ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ: Ենթադրենք Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն՝ ինչ Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- նշել է վարչապետը:
Խոսելով վերջին տարիներին ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանի ղեկավարության ընթացքում, օրինակ, Հայաստանում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են: Նաև կառավարության ղեկավարը կարևորել է անտառների պահպանության առումով լուրջ և շոշափելի հաջողությունների փաստը: «Ճիշտ է, ես ասացի, որ բնապահպանական խնդիրները երկար տարիների ընթացքում են ձևավորվում, բայց կարելի ասել, որ նաև բնությունն իր նկատմամբ հոգատար քայլերին շատ արագ է արձագանքում: Շրջակա միջավայրի վիճակը կարևոր է նաև Հայաստանի քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական իմիջի տեսանկյունից: Սա ռազմավարական ուղղություն է, և այստեղ մենք պետք է կարողանանք հասնել էական հաջողությունների»,- ընդգծել է վարչապետը:
Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախկին նախարարը նշել է, որ պարոն Պետրոսյանի հաջողությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաջողությունն է, որովհետև առողջ շրջակա միջավայրը Հայաստանի և գլոբալ բոլոր քաղաքացիների իրավունքն է: «Պարոն վարչապետ, վերջին երկու տարվա ընթացքում տարբեր միջազգային կառույցներից և մասնավոր ոլորտից ներգրավվել ենք լավագույն մասնագետներին և այսօր նախարարությունում բավական բարձրակարգ մասնագետներ են հավաքված: Ինչպես նեշեցիք՝ էական փոփոխություններ կար անտառների, ՀԷԿ-երի ոլորտներում: Վերջինս ընդհանրապես վերահսկողությունից դուրս էր, սակայն այս պահին մեծամասամբ վերահսկողության տարածքում է: Նաև առաջին անգամ պետությունը կառավարության ջանքերով սկսեց ռեսուրսներ ներդնել անտառների վերականգնման աշխատանքների մեջ: Անցյալ տարի կես միլիոն ծառ է տնկվել, այս տարի միայն մեկ հակաճգնաժամային ծրագրով 2 միլիոն ուռենիներ տնկվեցին, տարվա ընթացքում շատ ավելի կտնկվի, բայց այն մեծ գաղափարը, որ մենք ունենք՝ կանաչ Հայաստան դարձնելու, այսինքն անտառային տարածքների ավելացման, հնարավորություն է տալու ոչ միայն բնապահպանական խնդիրներ լուծել, այլև տնտեսական ու սոցիալական, քանի որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ներգրավված են լինելու այդ աշխատանքներում»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև ջրօգտագործման ոլորտում ևս: Նախկին նախարարը նշել է, որ իր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով միշտ կանգնած է լինելու կառավարության կողքին և փորձելու է օգտակար լինել բոլոր այն դեպքերում, երբ դրա կարիքը կլինի: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է ծառայել իր քաղաքացիներին, իր երկրին և իր լուման բերել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ավելի արժանապատիվ և ավելի լավ միջավայրում տեսնի»,- նշել է նախկին նախարարը:
Արձագանքելով՝ վարչապետը ցավով է նշել, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: «Բայց մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:
Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված, պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում:
«Հետհեղափոխական Հայաստանում՝ ժողովրդավարական երկրում, այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շրջակա միջավայրի կառավարաման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև կյանքի որակի վրա: Մենք պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը և համատեղ ջանքերով օր առաջ Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումն իրականացնենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի քաղաքացու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը: