Բաժիններ՝

Վարչապետն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործուղել է Տավուշի մարզ

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանին ՀՀ Տավուշի մարզ գործուղելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2020 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քաղաք՝ Բերդ)»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝  անցյալ տարի Կալավան այցի ժամանակ ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր նրան իր խորհրդական նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

168.am-ը Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվելու գործուղման ընթացքում, ո՞ր ուղղություններով է լինելու աշխատանքը:

Քանի որ արդեն Տավուշի մարզի ճանապարհին էր, նա հակիրճ տեղեկացրեց. «Նախ՝ իրավիճակին ծանոթանալու համար, հետո՝ վերականգնման աշխատանքները (կրակոցների հետևանքները վերացնելը) համակարգելու, ինչպես նաև՝ այդ տարածաշրջանի հետագա զարգացման ծրագրեր մշակելու համար»:

Վարչապետի խորհրդականը հավելեց, որ հայ-ադրբեջանական լարվածության առաջին իսկ օրերից նա այնտեղ է եղել:

Հիշեցնենք` հուլիսի 12-ից սկսած իրավիճակը սրվել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները: Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Հաջորդող օրերին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Թիրախավորվել էին  նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ գործուղումից հետո հանգամանալից ներկայացնել արված աշխատանքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս