«Սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ, զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում». Աթանեսյան

Երկու ամիս առաջ՝ մայիսի 21-ին, ժամը 16:00-ի սահմաններում փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդ էր  հարձակվել,  հարուցվել էր քրեական գործ, բայց այսօր փաստաբանը 168.am-ի հարցին,   թե ինչ փուլում է իր տան վրա 2 ամիս առաջ կատարված հարձակման գործի քննությունը, պատասխանեց, թե կարծես կարճվելու է:

«Ես, քանի որ վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ, զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում: Այսինքն՝ նորմալ է, երբ  քո կնոջ և մանկահասակ երեխաների վրա 4 հատ ստահակ հարձակվում են, էդ նորմալ է»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ 4 տղամարդ հարձակվել էին փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա: Այդ ժամանակ փաստաբանը տանը չէր եղել, բնակարանում եղել էին փաստաբանի կինն ու անչափահաս երեխաները: Տղամարդիկ սպառնալիքներ էին հղել փաստաբանի հասցեին ու հեռացել էին:

Դրանից հետո հարձակվողները բերման էին ենթարկվել, ապա ազատ  արձակվել:

Աթանեսյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե հարձակումն ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ, «նոր իշխանության օրոք տարածում գտած քաղաքական հետապնդումների ժամանակ այդ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանելու համար»:

Այսօր Աթանեսյանը նաև հակիրճ ներկայացրեց,  թե  այս ընթացքում իր և ընտանիքի անդամների մասնակցությամբ քննչական ինչ գործողություններ են կատարվել.

«Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, իմ ընտանիքի անդամներն են հարցաքննվել, ևս առերեսումներ են եղել: Ես զգում եմ, որ հանձնարարություն կա այդ ստահակներին փրկելու, որովհետև եթե դա չլիներ երկրի գլխավոր, բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն, իհարկե, այդ մարդիկ վաղուց կունենային մեղադրանք: Ես դա գիտեմ, ես չեմ սպասում իրենցից արդարություն: Արդարությունը կլինի իր ձևով, ժամանակին»,- նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դիմեցինք Քննչական կոմիտե՝ ճշտելու, թե ինչ փուլում է գտնվում երկու ամիս առաջ հարուցված այս քրեական գործի քննությունը: ՔԿ-ից պատասխանեցին, որ այս պահի դրությամբ քրեական գործով մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս