Անկումը խորանում է

Տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակում է խորանալ։ Խորանում է նաև տնտեսական անկումը։ Մարտից սկսած տնտեսությունը միայն հետ է գնում։ Չորրորդ ամիսն անընդմեջ նվազում է արձանագրվում։

Արդեն տարվա առաջին կեսի արդյունքներով, գրանցվել է 4,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։ Այն առնվազն կրկնակի ավելի է կառավարության կանխատեսումներից։

Հիշեցնենք, որ ապրիլին կառավարությունը տարեկան տնտեսական անկումը գնահատել էր 2 տոկոս։ Տարվա առաջին կեսի արդյունքներով տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներն արդեն էապես շեղվել են այս գնահատականից։ Ու հավանաբար առաջիկայում կառավարությունը ստիպված կլինի կրկին սրբագրումներ մտցնել իր նախորդ կանխատեսումներում։

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է հունիսի տնտեսական զարգացումների օպերատիվ տվյալները։ Դրանք դարձյալ ոչնչով չեն փայլում լավատեսությամբ։ Նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 7,5 տոկոսով։ Անկում է գրանցվել տնտեսության անխտիր բոլոր ոլորտներում։

Չնայած կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ամբողջ երկրով մեկ աննախադեպ շինարարական աշխատանքներ են իրականացվում, այնուհանդերձ դա չի խանգարել, որպեսզի շինարարության ոլորտում վիճակագրական ծառայությունը նույնքան աննախադեպ նվազում արձանագրի։ Շինարարական աշխատանքները 23,3 տոկոսով կրճատվել են։

Հունիսին ներքին առևտրի ոլորտում ունենք շրջանառությունների 12,4 տոկոսանոց անկում։ Իրավիճակն ավելի վատ է ծառայությունների ոլորտում. գրանցվել է շրջանառությունների գրեթե 16 տոկոսանոց նվազում։

Արդյունաբերությունը ևս չի խուսափել արտադրության ծավալների կրճատումից։ Ճիշտ է, անկումն այստեղ շատ մեծ չէ, բայց դրանում, ինչպես հայտնի է, էական է հատկապես հանքարդյունաբերության դերը։ 5 ամիսների տվյալներով, այստեղ ունեինք 25 տոկոսից ավելի արդյունահանման աճ, ինչն իր ուղղակի ազդեցությունն է թողնում արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա։ Չնայած, ինչպես վկայում են հունիսի պաշտոնական տվյալները, նույնիսկ այդ պարագայում արդյունաբերությունն անկում է գրանցում։ Հունիսին ոլորտում արտադրության ծավալների նվազումը կազմել է 2,4 տոկոս։

Անկումային է արտաքին առևտրի շրջանառությունները, ինչն արտահայտվում է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալների նվազման տեսքով։

Միակ աչքի ընկնող ոլորտը, որտեղ հունիսին աճ ունենք, պետական հատվածի աշխատավարձերն են։ Նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձն այստեղ ավելացել է 7,5 տոկոսով։ Ճիշտ այնքան, որքան կազմել է տնտեսական ակտիվության անկումը։

Տնտեսական ակտիվությունը նվազում է, իսկ պետական հատվածում աշխատավարձերն ավելանում են։ Հասկանալի է, պարգևավճարների հաշվին։ Դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ տնտեսության մեջ զբավածների դեպքում ունենք աշխատավարձերի նվազում։ Այլ կերպ, տնտեսության մեջ ընթացող պրոցեսների բացասական դրսևորումներն անմիջականորեն կրում են ոլորտում զբաղվածները։ Փոխարենը՝ պետական պաշտոնյաները շարունակում են վայելել իրենց պարգևավճարները։

Հունիսի զարգացումներից հետո, 6 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվությունն ընդհուպ մոտեցել է 5 տոկոսի։ Մեկ ամսվա ընթացքում այն խորացել է 0,8 տոկոսային կետով։ Դրանում առկա է հատկապես շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների ազդեցությունը։ Տարվա առաջին կեսին շինարարության անկումն անցնում է 23 տոկոսից։ Առևտուրը և ծառայությունները կրճատվել են, համապատասխանաբար՝ 11,1 և 6,4 տոկոսով։ Ծառայությունների ոլորտում տեղի է ունեցել անկման խորացում։

6 ամսվա տվյալներով՝ աճ ունենք արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Մի դեպքում այն կազմել է՝ 1,5, մյուս դեպքում՝ 1,7 տոկոս։

Արդյունաբերության դեպքում ամեն ինչ կարծես պարզ է. ընդերքը դարձել է իշխանությունների հիմնական կռվանը՝ իրենց դեմքն ինչ-որ կերպ փրկելու համար։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա, չնայած արձանագրված աճին, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով։ Դատելով առաջին եռամսյակում գրանցված 4,5 տոկոս աճից, երկրորդ եռամսյակն այնքան էլ բարեհաճ չի գտնվել գյուղատնտեսության նկատմամբ։

Տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության պատկերը։ Համավարակին հաջորդած շրջանում տնտեսությունը մտավ խորը թմբիրի մեջ, որտեղից դուրս գալու հեռանկարներն առաժմ չեն երևում։ Տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ տնտեսությունն այդ վիճակից հանելու կառավարության քայլերը հեռու են բավարար լինելուց։ Մինչև այժմ իրականացված հակաճգնաժամային միջոցառումները սահմանափակվել են գերազանցապես վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ։

Բայց նույնիսկ այդ գումարները շատ դեպքերում չեն հասնում տնտեսությանը։ Իրական հատվածում տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի կրճատում։ Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության մասին է։

Առաջընթաց չկա հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում նախատեսված զարգացման ծրագրերի ֆինանսավորման առումով։ Այս ընթացքում հաստատվել է ընդամենը 1 ծրագիր, այն էլ առայժմ միայն անունը կա։ Ծրագրի մեկնարկի մասին նույնիսկ անիմաստ է խոսել։

Տնտեսական զարգացման ծրագրերի հետ կապված քննարկումները շատ երկար են ձգվում։ Այնինչ՝ ճգնաժամը չի սպասում, իսկ համավարակը շարունակում է իր հետևանքները թողնել տնտեսության վրա։

Չնայած վերջին օրերին Հայաստանում վարակակիրների թվի նվազում է արձանագրվում, այնուհանդերձ ունենում ենք միջին օրական հարյուրների հասնող դեպքեր։ Իսկ դա նշանակում է, որ համավարակի ազդեցությունը դեռ զգալու ենք։

Հատկապես որ, վաղ է ասել, թե առաջիկայում իրադարձություններն ինչպես կզարգանան։ Թեև մինչ այդ էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։

Վերջերս, երբ կառավարությունում քննարկվում էր տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքը՝ դրանց դանդաղումը պայմանավորվեց հատկապես համավարակով։ Բայց մոռացան հիշել, թե ով է դրա մեղավորը։ Փաստն այն է, որ իրենց անլրջությամբ իշխանությունները խորացրեցին ճգնաժամը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր տնտեսության մեջ, ոչ միայն համաշխարհային ճգնաժամի, այլև համավարակի դեմ անլուրջ ու անհետևողական պայքարի հետևանքն է։ Մինչ բազմաթիվ երկրներ աստիճանաբար փորձում են դուրս գալ ստեղծված իրավիճակից և տնտեսական գործունեության հատկապես առանձին ոլորտների համար որոշակի անվտանգ միջավայր ձևավորել՝ Հայաստանը շարունակում է կրել համավարակի ծանր խաչը։ Հետ են ընկնում նաև այն հատուկենտ ծրագրերը, որոնք իբր թե պետք է խթանեին տնտեսության զարգացումները։

Համավարակի տարածվածության հետևանքով այսօր Հայաստանը դարձել է մի երկիրը, որի հետ որևէ մեկը հակված չէ վերականգնել ուղղակի շփումներն ու հարաբերությունները։ Հիմա գոնե գիտակցո՞ւմ են իշխանությունները, թե իրենց անլրջությամբ ինչպիսի վնասներ են հասցրել երկրին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս