«Մենք ունենք երկրի ամենաբարձր աստիճանի անձի կողմից հղում «Կարգին հաղորդման» սքետչերին. հասկանո՞ւմ եք՝ սա ոչ միայն տխուր է, այլև ողբերգական». Հայկ Դեմոյան

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը խնդրահարույց է համարում ԿԳՄՍ կողմից հանրային քննարկմանը ներկայացված հանրակրթական Հայոց պատմություն առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագիծը:

168.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ երեք հիմնարար խնդիր է տեսնում՝ խնդիրներ, որոնք, ըստ նրա՝ տարիների ընթացքում կուտակվելով՝ բերել են տրամաբանական արդյունքի.

«Ես սահմանափակվում եմ երեք լուրջ հիմնախնդիրներով, որի արտացոլանքը հենց այս խնդիրն է, որն առաջ է բերել լուրջ ընդվզում և հիմնավորված բողոք: Առաջին հիմնախնդիրը, թե ինչու մենք ունենք նման իրավիճակ. սա տրամաբանական հետևանք է այն բանի, որ Պատմություն առարկան իջեցրել ենք ռեպետիտորության մակարդակի: Տասնամյակներ շարունակ պատմությունը և պատմական հարակից գիտությունները (շատ չնչին բացառություններով) վերածվել են ռեպետիտորությամբ պատմություն դասավանդելու, բուհ ընդունվելու և բուհ ավարտելու գործընթացի, այսինքն՝ ծանր հարված է ստացել պատմագիտությունը՝ որպես գիտություն»:

Պատմաբանը շեշտեց, որ պատմությունը ռազմավարական առումով կարևոր և անվտանգության հետ սերտորեն առնչվող գիտություն է, մինչդեռ, ըստ նրա, այն մեզ մոտ ճգնաժամային վիճակում է.

«Եթե ԳԱԱ ակադեմիկոսը բուհ ընդունվելու համար ապագա ուսանողներ պատրաստելու և անցկացնելու գործով է զբաղված, որևէ լավ բան Պատմություն առարկայի, և պատմության նկատմամբ լուրջ վերաբերմունք մի ակնկալեք: Սա այն ճգնաժամն է, որը մենք պետք է ստանայինք»:

Անդրադառնալով երկրորդ հիմնախնդրին՝ Հ. Դեմոյանը նկատեց, որ վերջին տասը տարվա ընթացքում, ըստ իր դիտարկումների, ազգային արժեքների, ազգային հիշողության, ժառանգության, մշակույթի, պատմական հերոսների մասին գիտելիքներն այնքան են սահմանափակվել, որ դրանց մատուցումն այսօր իրականացվում է «Կարգին հաղորդման» սքետչերի միջոցով.

«Գիտեք՝ այսօր մատաղ սերունդն ավելի շատ ոչ թե դասագրքերից է ինչ-որ բան փորձում սերտել և «դաստիարակվել», այլ վերջին 10-15 տարիների ընթացքում այդ տոտալ քայքայիչ գործունեություն իրականացրած «Կարգին հաղորդման» և հարակից մյուս զվարճալի զավզակությունների և մանրապատումների միջոցով:

Մենք այսօր պետք է արձանագրենք, որ կորցնում ենք երկրորդ սերունդը այդ հեռուստաեթերի, հաղորդումների միջոցով, որի վերաբերյալ դեռ 2010 թվականին, լինելով Հանրային խորհրդի անդամ, ասել էի, որ սա հատուկ իրագործվող ծրագիր է. նպատակն է՝ ապագա սերունդը վերածել զանգվածի, ոչ միայն ընտրազանգվածի, այլև զանգվածի, որը չունի ո՛չ մի դավանանք, ո՛չ մի հավատամք, ո՛չ մի արժեհամակարգ, ո՛չ մի հասկացողություն և գիտակցում՝ սեփական պատմության, հիշողության և ժառանգության վերաբերյալ»:

Երրորդ հիմնախնդիրը, ըստ մեր զրուցակցի, այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների վարքագիծն է. «Կարծում են, որ նրանք ունեն լեգիտիմություն «հեղափոխական իրավիճակում» և «հեղափոխությունից ծնված»՝ ինչ-որ գործողություններ և կտրուկ տեղաշարժեր իրականացնելու առումով: Կողքից՝ գիտակից, ինտելեկտուալ մարդկանց համար դա զավեշտալի տեսարան է: Դրա առաջին արձագանքները հնչեցին Ծիծեռնակաբերդից, և այս տարվա ապրիլ-մայիսին մենք տեսանք ճգնաժամային երևույթը՝ թե՛ կադրային քաղաքականության, թե՛ արդարացումների, և թե՛ իրենց կողմից քննադատվող հին արժեհամակարգի, հին քաղաքականության և մոտեցումների կամ ձեռնպահ մնալու քաղաքականության:

Մենք ունենք տրամաբանական շարունակությունը՝ առանց որևէ բարելավման, առանց որևէ փոփոխության՝ նրա, ինչը կար վերջին 10–15 տարիների ընթացքում՝ գոնե հումանիտար գիտությունների ասպարեզում: Եվ վերջին՝ գլուխգործոց արտահայտությունը հնչեցվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենի՝ Հարություն Մարությանի կողմից, որն իրեն համարեց, որ մասնագետ չի հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների, այլ ինքը լոկ հիշողության մասնագետ է. Այ սա թագուպսակն ու արտացոլանքն է այն ամբողջ իրավիճակի, ինչին մենք հասել ենք: Մենք հասել ենք նաև այսպիսի քաղաքականության արդյունքում, երբ բացեիբաց փորձ է արվում զբաղվել ժխտողականությամբ՝ արդեն իսկ լինելով Ծիծեռնակաբերդում»:

Հարցին՝ ծանո՞թ է արդյոք աշխատանքային խմբին, որոնք մշակել են Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչները և ծրագրերը, նա պատասխանեց. «Մի հոգու եմ ծանոթ, որքան գիտեմ՝ նրանց մեծ մասը ԳԱԱ-ից է. հիմա ինչքան փորձեն նրանցից հեռու փախչել, այդ կադրերը պատրաստվել և կոփվել են այնտեղ»:

Արդյոք պատրաստվո՞ւմ եք դիմել ԿԳՄՍ-ին և նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել՝ մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան էլ՝ Հայկ Դեմոյանն ասաց. «Ես կփորձեի դա անել, բայց հասկանո՞ւմ եք, այսօր գիտության, մշակույթի և մնացած ասպարեզներում վերահսկողություն են իրականացնում մարգինալները, որոնք շատ դեպքերում հանդես են գալիս սերունդներին իրենց ազդեցության տակ գցելու, «ստատուս–լայքային» մշակույթ ներդնելու…

Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որի հետևանքը կատաստրոֆիկ է լինելու: Այդ կատաստրոֆայի հիմնաքարը «Կարգին հաղորդումն» է և «Կարգին հաղորդման» մշակույթը, որն այսօր ունենք: Մենք ունենք երկրի ամենաբարձր աստիճանի անձի կողմից հղում «Կարգին հաղորդման» սքետչերին, հասկանո՞ւմ եք, երկրի առաջին դեմքերից մեկը «Կարգին հաղորդմանն» առնվազն երկու անգամ հղում է տվել հետևյալ արտահայտությամբ՝ «պոիսկ տվեք «Կարգին հաղորդման» էսինչ սքետչը», կառավարության նիստի ժամանակ.․․ ավելին մի՛ ակնկալեք, հասկանո՛ւմ եք, սա ոչ միայն տխուր է, այլև ողբերգական, այսօրվա մեր իրականությունը ողբերգական է այնքանով, որքանով դա ողբերգական էր 2018-ից առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս