Ինչո՞ւ է Էրդողանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել Պուտինի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին սրման համատեքստում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը կարևորել է լարվածության աճը խթանող ցանկացած գործողության անթույլատրելիությունը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «երկու կողմերն էլ շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»: «Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանի կայունացման նպատակով: Ղեկավարները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, այլընտրանք չունի»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Հարկ է նաև հիշեցնել նախօրեին Ադրբեջանի ՊՆ հայտնած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացրել։

«Համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ու տարեկան պլանի՝ մեր երկրում կանցկացվեն համատեղ լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի ու օդուժի մասնակցությամբ։ Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են անձնակազմերը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև երկու երկրների ռազմական ավիացիան ու ՀՕՊ համակարգերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվելու են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։ Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները պլանավորվում է անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։

Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ղարաբաղյան թեմատիկայի շուրջ որքան էլ Պուտինի և Էրդողանի մոտեցումները և դիրքորոշումները տարբեր լինեն, լուրջ առճակատման մասին խոսելու կարիք չկա։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առանց Ղարաբաղի ևս կոնֆլիկտային իրավիճակները չափազանց շատ են, ուստի ավելի շատ խնդիրներ իրապես որևէ մեկին պետք չեն։ Սրա հետ մեկտեղ, փորձագետի խոսքով, Թուրքիան առիթը բաց չի թողնում տարբեր հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպիսին Սուրբ Սոֆիայի տաճարի և Արցախյան հիմնահարցի թեմաներն են, խաղարկել և «խայթել» Ռուսաստանին։

«Դրանով Էրդողանը պարզապես իր դժգոհությունն է ցույց տալիս Ռուսաստանին Սիրիայում և Լիբիայում վարած քաղաքականության համար, որտեղ թուրքական էքսպանսիան հանդիպել է Մոսկվայի կոշտ դիմակայությանը։ Բայց Էրդողանը չի կարող հաշվի չառնել նաև ռուսական կարծիքը, հատկապես՝ Արցախյան թեմատիկայի շրջանակում, որտեղ Մոսկվան ոչ միայն առանձին խաղացող է, այլև՝ համանախագահ երկիր, որն աննախադեպ ջանքեր է ներդնում կայունացնելու համար իրավիճակը։ Չեմ բացառում, որ սա փորձ է յուրատեսակ ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ այս հարցում, հետևաբար՝ նաև Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ սա բազում շերտեր ունեցող հարց է։ Ի դեպ, սա այս թեմայով ռուս-թուրքական առաջին շփումը չէր․ տավուշյան սրացման օրերին եղավ շփում նաև ԱԳ նախարարների մակարդակով, որի ընթացքում վստահաբար սահմանին ստեղծված իրավիճակը քննարկվել էր։ Պետք է հաշվի առնել նաև այն գործոնը, որ Թուրքիայի ներքաղաքական տրամադրություններն ի նպաստ Էրդողանի չեն, սա պակաս կարևոր չէ։ Էրդողանի քաղաքականությունը ձևավորող գլխավոր հանգամանքը նրա կայսերապաշտական և պատմական տարածքային հավակնություններն են, որը արվում է՝ ինչպես պատմության էջերում հավերժանալու, այնպես էլ՝ հասարակության որոշ շերտերի հավանությանն արժանանալու նպատակով, քանի որ կան հակաէրդողանական տրամադրություններ։

Կովկասում Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը՝ ևս, բայց նրանք դեռ գործում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության ռեժիմում։ Թուրքիայի նախագահն այդ զանգով փորձում է հիշեցնել տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով իր ներկայության մասին, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ է փորձում գործել Թուրքիան, իսկ Ռուսաստանը, չցանկանալով որևէ բախում Արցախյան հակամարտության գոտում, փորձում է հանդես գալ՝ որպես հավասարակշռող ուժ, և դատելով հաղորդագրության բովանդակությունից, ՌԴ-ն նշել է հակամարտության կարգավորման կարևոր ասպեկտները, որ այն չունի ռազմական լուծում, ինչն ուղերձ էր նաև Էրդողանին։

Շատ հարցերում են ռուս-թուրքական շահերը հակասում, բայց Մոսկվան պարզ խաղացող չէ և փորձելու է Թուրքիայի հավակնությունները զսպել։

Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ևս ոչ միշտ են համընկնում, և եղել են շրջաններ, երբ ԼՂ հակամարտությունը խանգարել է Թուրքիային ԵՄ անդամակցության ճանապարհին»,- ասաց Նադեին-Ռաևսկին։

Իսկ համատեղ զորավարժությունները, ըստ արևելագետի, տավուշյան սրացումից հետո ուժ ցուցադրելու և միմյանց աջակցելու համար են կազմակերպված։

«Ամեն սցենարի պետք է պատրաստ լինել, բայց, կարծում եմ, անվերահսկելի իրավիճակ տարածաշրջանում չպետք է որ ստեղծվի։ Այս հարցում միջազգային հանրության դերակատարությունը պետք է աննախադեպ լինի, քանի որ դրա բացակայությունը ճակատագրական կարող է լինել տարածաշրջանի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս