Բաժիններ՝

«Վրաստանում ԱԱՀ չկա, դրա համար դեղերը 15-20 տոկոսով ավելի էժան են, քան Հայաստանում. մեզ մոտ էլ օրենքով պետք է հանվի այն». Դեղատան սեփականատերերը՝ շուկայում տիրող վիճակի մասին

«Հայաստանում գրեթե   բոլոր դեղերը մոտ 50 տոկոսով  էժանացել են՝ բացառությամբ  մի քանի դեղերի,  որոնց սպառումը՝ կապված վիրուսի հետ,  մի փոքր ավելացել էր: Այդ  հարցն էլ կարգավորվում է, հիմա գրեթե դեֆիցիտ չկա»,- պնդում են դեղատների սեփականատերերը:

Նրա փոխանցմամբ,  օրինակ, զգալիորեն նվազել են  «Մեզիմ ֆորտե», «Լիպրիմարի բորոր» չափաբաժինների,  «Ռիվարոքսաբան» (Քսարելտո), «Զինացեֆ», «Ասպիրին կարդիո» դեղերի գները:

Հավելենք, որ որոշ դեղեր էլ թանկացել են։ Օրինակ, ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղի 10 մգ-ի 1 հատը, քաղաքացիների պնդմամբ, 230-268 դրամ է՝ նախկին 100-150 դրամի փոխարեն: 5 մգ-անոցի 1 հատը վաճառվում է 146 դրամով: «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 300 դրամից թանկացել է՝ դառնալով 360 դրամ դրամ:

«Միայն  «Տեմպալգինն» է թանկացել, այն էլ կորոնավիրուսից առաջ և 500-ից դարձել է 800-850 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ալֆա-ֆարմ» դեղատան աշխատակիցներից Արմինե Սահարյանը:

«Կան դեղեր, որոնց գինը շատ քիչ բարձրացրել է, սակայն որոշների գինն էլ նվազել է: Ցանկը չեմ կարող նշել, քանի որ բավականին մեծ է: Գների իջեցումը կամ բարձրացումն ընդհանուր դեղատնային է, ոչ թե մի ֆիրմայինը էժանացել է, մյուսինը՝ թանկացել: Դեղ կա՝ դեղատներից մեկում այլ արժեք ունի, մյուսում՝ այլ»,- նշեց «Վագա Ֆարմ» դեղատան պատասխանատուներից Մարիամ Ասլանյանը:

Ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ՝ այստեղ մեծ դեր ունի դեղատների կողմից վարվող քաղաքականությունը:

Դեղատուն կա, որ 13-15 տոկոսով թանկ կամ էժան է վաճառում դեղը:

Մեծածախ առևտրով զբաղվող  դեղատների ցանցի  դեպքում մեկը կարող է մի քիչ ավելի, մյուսը մի փոքր պակաս գին դնի:

«Վերջերս ոնց որ «Գեդեոն Ռիխտերի» մի քանի դեղամիջոց թանկացել է, դա էլ երևի ԵԱՏՄ-ի օրենքների հետա կապված, անդամ  չհանդիսացող երկրներից է ներմուծվել: Շատ առողջ մրցակցություն է, կարող է՝ տարբեր դեղատներում 100-200 դրամի տարբերություն տա: Ներկա պահին «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն  ուզում է, որ բոլորին դուրս մղի շուկայից, մենակ ինքը առևտուր անի: Իր մոտ զեղչի քարտեր կան, որ դրանցով գնում ես, բավականին էժան է լինում: Մենք 5-7 տոկոս էլ չենք կարողանում աշխատել:

Արտակարգ իրավիճակի պայմաններում   հետաքրքիր գնանկում տեղի ունեցավ, ահագին դեղեր էժանացան, բացի դա՝ շուտով, եթե «Զուգահեռ ներմուծման մասին» օրենքը հաստատվի, ապա դեղերի շուկայում գնալով էժանացում կլինի: Վրաստանում ԱԱՀ չկա, դրա համար մեզանից 15-20 տոկոս էժան է: Մեզ մոտ էլ օրենքով պետք է հանվի ԱԱՀ-ն»,- մանրամասնեց դեղատներից մեկի սեփականատերը, ում անունն իր խնդրանքով չենք նշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս