«Չնայած Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակում». Փորձագետը՝ այլ երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցող ակցիաների մասին
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվեց ռազմական դաշտից իր գործունեությունը սահուն տեղափոխել այլ դաշտ և տարբեր երկրների դեսպանատների առջև իրականացնել բողոքի ակցիաներ։
Ըստ նրա՝ այդ բողոքի ակցիաները ոչ թե նրա համար էին, որ իրենց բողոքը ներկայացնեին ու հեռանային, այլ այս անգամ դրանք բոլորովին այլ բնույթ էին կրում։
«Այդ բողոքի ակցիաներում քարտեզները, կարգախոսները, պաստառները, բոլորը սադրիչ բնույթ են կրում։ Սա մի կողմից՝ քննություն էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի համար, քանի որ վերջինը պետք է կարողանար իր հավատարմության քննությունը հանձնել Ալիևին։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է կրկին ներկայանալ զոհի կարգավիճակում, քանի որ այս դեպքում այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է։ Սրա պատճառը նախ այն է, որ այս իրադարձությունները կատարվում են ոչ թե իր, այլ ուրիշ երկրներում, և մարդիկ, որոնք թեկուզ ծեծվեն էլ, դա, ըստ նրանց՝ չի համարվում Ադրբեջանի ամոթը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր փորձագետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ամեն ինչ պատրաստ է և ընթանում է ադրբեջանական քարոզչամեքենայի սրտով.
«Ադրբեջանական մեդիադաշտը սկսել է տարածել հայ օգտատերերի (գոնե անուն-ազգանունները հայկական են) ներողության տեքստերը․․․»:
Անդրադառնալով այս գրառմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս ամենն իր տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«Այդ ո՞ր դատարանով, հայերի ո՞ր մեղքն ապացուցվեց, կամ այդ ինչպե՞ս որոշվեց, որ հայերն են մեղավոր, և հայ օգտատերերը պետք է ադրբեջանցիներից ներողություն խնդրեն։ Առհասարակ մենք տեղյակ չենք, թե ինչ է տեղի ունենում, և 1 րոպեանոց տեսանյութը դիտելիս չի կարելի կարծիք կազմել, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել։ Եվ ներողություն խնդրել՝ հիմնվելով 1-2 նախադասության կամ 1 րոպեանոց տեսանյութի վրա՝ համարում եմ սխալ ու անընդունելի։ Մյուս կողմից՝ հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանում չեն գործում հակաազգային, ադրբեջանամետ տարրեր, և կարծում եմ՝ այս ամենն անձնավորված կամ խմբակային նախաձեռնություն է, որոնք որոշել են տարբերվել մնացածից և իրենց կնճռոտ դեմքով հանդես գալ»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծեց, որ որպեսզի այս ամենը Ադրբեջանը չօգտագործի հայերի դեմ, պետք է լավ աշխատեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և այլ երկրներում մեր դեսպանատները, այսինքն՝ դիմեն համապատասխան երկրների ուժային կառույցներին, որպեսզի չթույլատրեն այս ժամանակահատվածում դեսպանատների առջև հակահայկական ցույցեր անցկացնել։
«Կամ, եթե բողոքի ակցիա են իրականացնում, թող իրականացնեն մեկ ժամով։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք վատ հետևանքներ, որը մեզ համար ցանկալի չէ, ոչ թե նկատի ունեմ միջազգային հանրության և այլնի առումով, այլ առհասարակ ֆիզիկական առողջությանը վերաբերող հարցերի առոմով»,- եզրափակեց միտքը Կարեն Հովհաննիսյանը։