«Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների». Ռուբեն Մելքոնյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին ռազմական ագրեսիային՝ նշեց, որ միջազգային հանրությունը հանդես է եկել հրադադարի խախտումները դատապարտող և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։
«Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները։ Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց՝ ինչպես Արտաքին գործերի նախարարության, այնպես էլ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով։
Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս պահվածքն անակնկալ չէր, սակայն նրա ագրեսիվության աճն առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,- իր խոսքում նշեց վարչապետը։
168.am-ը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի կողմից տարվող քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, և առհասարակ՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում 2018 թվականից հետո վարվող քաղաքականությունը։
«2018 թվականի իրադարձություններից հետո տարվող քաղաքականություն տարվող քաղաքականության մեջ բավականին հարցականներ կային, որովհետև եթե այսօր Փաշինյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը նորություն չէ, ապա զարմանալի է, որ այդ նույն ուժի պատգամավորներից ոմանք կարող են ասել, թե կան լավ թուրքեր, առաջարկեն երկխոսության տարատեսակ ֆորմատներ, և այլն։ Ընդհանրապես Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում Թուրքիան որևէ դրական փոփոխության չէր գնում, և զարմանալի է հայկական պասիվությունը կամ չեզոքությունը տարբեր խնդիրների վերաբերյալ։
«Եթե խոսենք դրականի մասին, ապա ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանի ելույթը կամ այդ հայտարարությունը, որը նա արեց, կարծում եմ՝ իրենց մեջ կարևոր և օբյեկտիվ շեշտադրումներ են պարունակում։ Այո, Թուրքիան սպառնալիք երկիր է, և դա վաղուց է այդպես, ցավում եմ, որ այսօր են պատասխանատուները դա հրապարակավ արձանագրում»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ դաշտը բավականին լայն է, հետևաբար՝ շեշտը պետք է դնել անվտանգային մեխանիզմների ավելի կատարելագործման վրա, այնպիսի զսպող մեխանիզմներ, որոնք կան Թուրքիայի պարագայում՝ դրանք ավելի կենսունակ դարձնելու վրա։ Այստեղ խոսքը ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին է։
«Միևնույն ժամանակ մենք ունենք բավականին լայն սպեկտոր՝ այլ գործողություններ անելու համար։ Խոսքը բարեկամ երկրների հետ մեր հարաբերություններն ավելի թիրախավորված դարձնելու մասին է, մասնավորապես՝ Իրանի հետ մեր հարաբերություններում կարող ենք կրկին զսպող մեխանիզմներ տեսնել Թուրքիայի հետ կապված, հայ-չինական հարաբերություներում։ Այսօր արդեն ակտիվանում է Մերձավոր Արևելյան երկրներից այլ խաղացողներ, մասնավորապես՝ Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիությունները, որոնք Հայաստանի հետ ունեն լավ բարեկամական հարաբերություններ։ Այսինքն՝ ինչպես դաշնակից պետությունների, այնպես էլ՝ բարեկամ երկրների հետ, մենք պետք է այդ հարաբերություններում այնպիսի քայլեր անենք, որպեսզի դրանք ոչ թե վնասեն, այլ ընդհակառակը՝ ավելի կենսունակ դառնան։ Բնականաբար, նաև մեր մյուս դաշնակիցները՝ Հունաստանը, Կիպրոսը, որոնց հետ կարելի է տարատեսակ սցենարներով՝ միջազգային հարթակներում, երկկողմանի հարաբերություններում ձեռք բերել կամ ամրապնդել նոր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն թուրքական ագրեսիան զսպելուն և հակահարված տալուն։ Այսօրվա Փաշինյանի ելույթում, ըստ էության, այդ շեշտադրումը կար, որ պետք է նոր մեխանիզմներ կամ միջազգային ասպարեզում քայլեր արվեն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա բավականին ուշացած է, բայց այնուամենայնիվ, սրանք պարտադիր քայլեր են, որոնք պետք է արվեն Հայաստանի անվտանգությունը և մեր պետականության կարևորագույն խնդիրներն ապահովելու համար»,- շեշտեց Ռ. Մելքոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ Թուրքիայում ստեղծված հերթական կառույցը, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության փաստի ուրացմամբ, ևս մեկ ապացույց է, որ այդ երկրի քաղաքականությունը հետևողականորեն եղել և մնում է հակահայկական։
«Մասնագիտական շրջանակների համար որևէ կասկած չկա, որ Թուրքիան, ընդ որում՝ մասնագիտական օբյեկտիվ շրջանակների, ագրեսոր, սպառնալիք պետություն է, և տարիներ, տասնամյակներ շարունակ նա իր այդ քաղաքական գիծը չի փոխել։ Այսօր էլ մենք տեսնում ենք դրա շարունակությունը։ Այլ խնդիր է, որ պետք է մասնագետներին լսել և չտրվել ամենագետի կանխավարկածով առաջնորդվելու գայթակղությանը, լսել մասնագետներին և փորձել ինչ-որ հետևություններ անել։ Կարծում եմ՝ Թուրքիայի պահվածքը նորանոր ագրեսիաներ է իր մեջ կրելու, և մենք ամեն բան պետք է մոնիտորինգ անենք, ուշադիր լինենք թուրքական զարգացումներին, որովհետև նրանց սպառնալիքները տեսականից գործնականի դառնալու շատ արագ միտումներ են ցույց տալիս»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։