Բաժիններ՝

Լոնդոնը Հոնկոնգի բնակիչների համար բրիտանահպատակության ծրագիրը կգործարկի 2021 թվականին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2021 թվականի հունվարից կգործարկի Հոնկոնգից ներգաղթյալներին ընդունելու ծրագիրը, որոնք որոշակի ժամանակաշրջան թագավորությունում ապրելուց ու աշխատելուց հետո կկարողանան ստանալ այս երկրի լիարժեք քաղաքացիություն: Ծրագրի մանրամասները ներկայացրել է Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Փրիթի Փաթելը:

Հոնկոնգի այն բնակիչները, որոնք ունեն բրիտանական անդրծովյան անձնագիր (Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքների քաղաքացու կարգավիճակ) եւ նրանց մերձավոր ազգականները կկարողանան նոր հատուկ այցագրով ժամանել Միացյալ Թագավորություն, որպեսզի ապրեն ու աշխատեն կամ սովորեն:

Նրանց ներկայիս կարգավիճակն առանց այդ էլ նրանց Մեծ Բրիտանիա անայցագիր մուտքի իրավունք էր տվել մինչեւ վեց ամիս ժամկետով: Նոր այցագրով նրանք կկարողանան ստանալ երկրում երկու ժամանակաշրջանով գտնվելու թույլտվություն՝ ընդհանուր առմամբ 30 ամիս կամ մեկ հնգամյա ժամանակաշրջանով:

Արդյունքում նրանք կկարողանան հավակնել բրիտանահպատակության: Այդպիսի իրավունք կստանան նրանք, ովքեր Հոնկոնգում ծնվել են 1997 թվականից հետո, եւ որոնց ծնողներից թեկուզ մեկը Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքների քաղաքացի է: Սահմանելով այդ միջոցառումները՝ Մեծ Բրիտանիան կատարում է Հոնկոնգի բնակիչներին տված իր խոստումը՝ պաշտպանել ազատության նրանց իրավունքը, հայտարարել է նախարարը:

Ծրագիրը գործարկվեց այն բանից հետո, երբ Չինաստանն ընդունեց Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը, որն զգալիորեն սահմանափակում է տարածաշրջանի ինքնավարությունը: Մայիս ամսին ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ բրիտանական անդրծովյան անձնագիր ունեցողները, որոնք ապրում են Հոնկոնգում, Չինաստանի քաղաքացիներ են, եւ նրանց Լոնդոնի կողմից այլ կարգավիճակ տրամադրելը միջազգային իրավունքի խախտում կլինի, հիշեցնում է BBC News-ը:

Անցյալ շաբաթ Լոնդոնը կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման վերաբերյալ համաձայնագրի գործողությունը եւ Հոնկոնգի վրա տարածել ՉԺՀ զենքի մատակարարման Էմբարգոն, որը սահմանվել էր 1989 թվականին Տյանանմենի հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս