Բաժիններ՝

Դիմակը կրում ես, բայց տուգանվում՝ մոտդ անձնագիր չունենալու համար

Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե մարդիկ համակերպվել են վիրուսի առկայության մտքի հետ, և այլևս ամենուր դիմակի կրումը կենսակերպի մի մաս է դարձել։ Միաժամանակ, վարակվածների թվերը, մեկ է, շարունակում են աճել, օրվա կտրվածքով վիրուսից մահացածների թիվը մշտապես հատում է տասի շեմը, իսկ իշխանություններն այդ թվերը նվազեցնելու համար, ըստ էության, համավարակի դեմ պայքարի ողջ ռազմավարությունը շարունակում են կենտրոնացած պահել քաղաքացիների կողմից դիմակ պարտադիր կրելու ու իրենց մոտ անձնագիր ունենալու փաստի վրա։ Ու ոչինչ, որ վերջին շրջանում անասելի տապը պարզապես անհնարին է դարձնում անգամ իդեալական առողջություն ունեցող մարդու համար բացօթյա տարածքում դիմակի կրումը, ավելի կարևոր է, որ անձնագիրն իր մոտ ունենա՝ տուգանվելու գործընթացն իզուր տեղը չբարդացնելու ու չերկարացնելու համար։

Վարչապետ Փաշինյանը, երբ ներկայացնում էր հունիսի 17-ից սկսած անձը հաստատող փաստաթղթի առկայության պարտադիր դառնալու որոշման դրդապատճառը, ասաց, որ շատ դեպքերում, երբ դիմակը չկրելու համար վարչական պատասխանատվության հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ինչի արդյունքում նվազում է սահմանափակումների արդյունավետությունը:

Այսինքն՝ եթե անձը դիմակ չի կրում և, միաժամանակ՝ չունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրան պատասխանատվության ենթարկելն էականորեն բարդանում է, քանի որ վարչական տույժ կիրառելու համար անհրաժեշտ է նույնականացնել անձին:

Խնդիրը նրանում է, որ, եթե ոստիկաններն անձը հաստատող փաստաթուղթ չունեցողներին բերման ենթարկեն, ապա դրա արդյունքում կթուլանա հակահամաճարակային պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը: Բերման ենթարկելու դեպքում էլ ոստիկանների մի մասն անընդհատ ստիպված կլինի գնալ ոստիկանության բաժին, ապա՝ վերադառնալ ծառայության վայր: Սրան պետք է գումարել նաև այն, որ ոստիկանության բաժնում ժամանակ է կորցնելու անձի ինքնությունը պարզելու վրա, մինչդեռ նշված նորմի կիրառման դեպքում ժամանակը խնայվում է՝ առավել հրատապ խնդիրներ լուծելու համար:

Հակահամաճարակային պահանջների վերահսկման թուլացո՞ւմ, ժամանակի վատնո՞ւմ՝ առավել հրատապ խնդիրներ լուծելու փոխարեն։ Քաղաքացու համար, իհարկե, դժվար չէ իր մոտ անձնագիր կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ ունենալ, բայց նման գործիքակազմի կիրառումը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, առանձնապես արդյունք չի տալիս, էլ չենք ասում, որ նույն ոստիկանության կողմից կիրառվում է երբեմն ոչ այնպես, ինչպես հայտարարվել է։

Եվ, այո՛, ոստիկականությունը կարող է իր ժամանակն ու ռեսուրսներն օգտագործել ավելի նպատակային ու թիրախավորված՝ հակահամաճարակային պահանջները վերահսկելու համար։ Հարյուրավոր ասիմպտոմ վարակվածներ, ովքեր պետք է մեկուսացված մնան իրենց բնակարաններում և տներում, շարունակում են, ըստ անհրաժեշտության, ներս ու դուրս անել, ինչով և դառնում են վարակի տարածող։ Այո՛, դա անպատասխանատու քայլ է նրանց կողմից, բայց չէ՞ որ արտակարգ դրության պայմաններում իշխանությունը պետք է հույսը դնի ոչ թե քաղաքացու պատասխանատվության զգացման, այլ իր սահուն աշխատող հակահամաճարակային պայքարի մեխանիզմների վրա։

Այդ քաղաքացիները ներս ու դուրս են անում, որովհետև վերահսկողություն չկա․ այն ոստիկանները, որոնք, օրինակ, կարող էին առավել հաճախ ստուգել, թե որքանով է պահպանվում ինքնամեկուսացումը, ներգրավված են լինում հիմնականում Կենտրոն համայնքի, իսկ ավելի կոնկրետ, կառավարության շենքերի շրջակայքում մշտադիտարկում իրականացնելու գործընթացում՝ փնտրելով փողոցում քայլող՝ առանց դիմակի, իսկ երբեմն էլ՝ դիմակով մարդկանց, ստուգելու համար, թե նրանց մոտ առկա՞ է արդյոք անձը հաստատող փաստաթուղթ, թե՞ ոչ։ Ընդ որում, արձանագրենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որ անձը միշտ պարտավոր է իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ:

Ինչևէ, ընդունում ենք, որ, թեև այս պահանջն անմիջականորեն չի կանխում համավարակի տարածումը, այն կարող է ինչ-որ չափով ապահովել դիմակների կրման կարգապահության բարձրացումը։ Շատ լավ, եթե, ինչպես ներկայացվում է, անձը հաստատող փաստաթղթի առկայության նպատակը վարակի տարածումը կանխելն է, ապա, տրամաբանորեն, նման տուգանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե անձը միաժամանակ չի կրում դիմակ:

Եթե անձը տուգանվի բացառապես նրա համար, որ տվյալ պահին չի կարող ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա սահմանված միջոցառումը ոչ մի խնդիր չի լուծի: Մինչդեռ, մենք արդեն բազմիցս ականատեսն ենք լինում դեպքերի, երբ դիմակ կրող քաղաքացուն կանգնեցնում են փողոցում և տուգանում անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար։ Այստեղ կրկին հստակ վերհիշում ենք օրենքի ձևակերպումը՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար անձը կարող է տուգանվել միայն այն դեպքում, եթե միաժամանակ նաև չի կրել դիմակ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն էլ սահմանում է, որ իրավունքների և ազատությունների թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ:

Սակայն ի՞նչ ենք լսում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի արված պարզաբանմամբ․ «Ոստիկանները քաղաքացիներից կարող են անձը հաստատող փաստաթուղթ պահանջել այն դեպքում, երբ քաղաքացին դիմակ չի կրել, կամ էլ սխալ է կրել, որպեսզի համապատասխան արձանագրություն կազմվի: Եթե քաղաքացին պարետի որոշում չի խախտել, ապա անձը հաստատող փաստաթուղթ քաղաքացուց պահանջելու կարիք չկա, եթե տվյալ քաղաքացու հետ կապված այլ կասկածանքներ չկան»։

Ի՞նչ է նշանակում՝ «ոստիկանությունը կարող է անձը հաստատող փաստաթուղթ պահանջել նաև այն դեպքում, երբ տվյալ քաղաքացու հետ կապված այլ կասկածանքներ կան»:

Բնավ նպատակ չկա խառնվել կամ խոչընդոտել ոստիկանության աշխատանքներին, սակայն տվյալ որոշման կիրառման առումով, փաստորեն, առկա է հակասություն վարչապետի և ոստիկանության պաշտոնյայի մեկնաբանությունների միջև, ինչը կարող է բացասաբար ազդել իրավակիրառ պրակտիկայի վրա և իրավական անորոշության պատճառ դառնալ:

Այս դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք անձը պետք է վճարի 10․000 դրամ տուգանք, եթե, օրինակ, ոստիկանության ծառայողը պահանջում է նրա անձնագիրը՝ կասկածելով, որ անձը կատարել է համաճարակի կանխարգելման հետ կապ չունեցող իրավախախտում: Այդ դեպքում ո՞վ է վերահսկելու, թե որքանով է իրավաչափ գործում ոստիկանությունը, և կիրառված տուգանքներից որքա՞նն է, իրապես, վերաբերել դիմակ չկրելուն և միաժամանակ անձը հաստատող փաստաթուղթ չունենալուն, և ոչ թե՝ միայն անձնագիր չունենալուն։ Ո՞վ է ապահովելու քաղաքացիների իրազեկումն այս հարցի վերաբերյալ։ Սրանք հարցեր են, որոնց մասին առաջնահերթ պետք է մտածեր Կառավարությունը մինչև որոշման ընդունումը՝ հնարավոր բոլոր խնդրահարույց ու հակասական կետերը վերացնելու և դրանով քաղաքացու իրավունքների պահպանումը լիարժեք ապահովելու համար: Բայց քանի որ դա չի իրականացվել, ըստ այդմ, անհրաժեշտ է ևս մեկ անգամ հստակեցնել օրենքի ձևակերպումները՝ նշելով, որ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար անձը կարող է տուգանվել միայն այն դեպքում, եթե միաժամանակ նաև չի կրել դիմակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս