«30-40 աստիճան շոգին պարտադրելով կրել դիմակ՝ սպանում ենք մեր ժողովրդին». համաճարակաբան
30-40 աստիճան շոգի պայմաններում պարտադրել կրել դիմակ, այն էլ՝ ուռուցքածին դիմակներ, ուղղակի հանցագործություն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ կենտրոնական զինվորական հոսպիտալի համաճարակաբանության ծառայության նախկին պետ Ալվարդ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված պարետատան այն որոշմանը, որով քաղաքացիները պետք է դիմակ կրեն ոչ միայն փակ տարածություններում, այլև բացօթյա տարածքներում:
Գասպարյանի խոսքով՝ 20 տարի է, ինչ ստացիոնար չի աշխատում և իրեն իրավունք չէր ուզում վերապահել այս թեմայով խոսել, սակայն, տեսնելով այս խայտառակ վիճակը, որոշեց բարձրաձայնել վտանգների մասին:
«Դեռ դեկտեմբեր ամսին մենք կամաց-կամաց տեղեկացանք այս հիվանդության մասին Ուհան քաղաքում, և առաջին միտքը, որ ինձ մոտ եկավ, այն էր, որ դա մարդածին է, կենդանածին է: Իհարկե, մենք այդ վիրուսի մասին տեղեկացված էինք շատ վաղուց, բայց որ այդպիսի բռնկում կարող է լինել՝ չէինք սպասում»,- ասաց Գասպարյանը:
Մասնագետի խոսքով՝ վիրուսի տարածման սկզբնական փուլում և՛ Առողջապահության նախարարությունը, և՛ կառավարությունը հապաղեցին.
«Ունենալով բժշկական թիմ, մենք չկարողացանք արագ կողմնորոշվել և խորհրդատվություն անել, քանի որ մենք արդեն գիտեինք, որ այդ տարատեսակը Հայաստանում 2 տիպի կարող է լինել՝ և Իտալիայից բերված, և Իրանից բերված ձևը: Հապաղեցին նաև ախտահանման մեխանիզմները. սկզբում կանգ առանք հեռավորությունների վրա, դիմակների վրա, նման փոքր բաների վրա, բայց ամենաճիշտ մեթոդը, որը որոշ երկրներ կիրառել են, չեմ ուզում այդ երկրների անունները նշել, որ չստացվի՝ ես շատ սիրելով իմ երկիրը՝ թերագնահատում եմ, բայց պետք է մասսայական ախտահանումներ լիներ՝ փողոցներով, տներով, մարդկանցով, հիգիենիկ կանոնները, հեռավորությունը պաշտպանելով, ընտանիքում մեծերին մեկուսացնելով, որը հնարավոր էր, և հնարավորինս շատ կկանխեինք, և հիվանդությունը մուտացվելով՝ կթուլանար, և կգար մի պահ, որ այդ հիվանդությունը թույլ ձևով կարտահայտվեր՝ 2-րդ, 3-րդ մարդը հիվանդանալուց, բայց եղավ այն, ինչ եղավ Իտալիայում, Իրանում, ցավոք սրտի, ունեցանք շատ մեծ թվով մահեր, որից կարելի էր խուսափել»:
Գասպարյանի խոսքով, եթե նախարարությունը մասնագետներ հրավիրեր, անընդհատ քննարկումներ լինեին, իրենք էլ լսեին ճանապարհ անցած մարդկանց, այս ալիքը չէր լինի.
«Ես չգիտեմ՝ ինչու, դրանով զբաղվում էին ոչ բժիշկները, մեկնաբանում էին ոչ բժիշկները, եթե առողջապահության նախարարն էր վերլուծում, ինչո՞ւ չէր նշում, թե ո՞ր մասնագետներն են դրանք ասել, ո՞ր երկրի մասնագետները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումը կարող էր կիրառվել, ենթադրենք՝ Գերմանիայում, Իտալիայում, բայց ոչ Հայաստանում: Պետք է հաշվի առնել մեր կառուցվածքը, որպես արմենոիդներ՝ ի՞նչ վիրուսներ ենք ունեցել դարերի ընթացքում, որի՞ դեմ ենք հաջող պայքարել, որի՞ դեմ չենք կարողացել պայքարել, որի՞ դեմ մենք ունենք իմունիտետ, որի՞ դեմ՝ բնական իմունիտետ, ամենակարևորը, որովհետև, եթե հիմա մտածում են արհեստական պատվաստանյութեր անելու մասին, մենք լինելով շատ հին ժողովուրդ՝ մեր օրգանիզմում ունենք բազմաթիվ պաշտպանողական իմունիտետ, որի կարիքը կարող է և չզգացվել, բայց մի ուրիշ ազգ ունենա դրա խիստ կարիքը»:
Մասնագետը նշեց, որ կա մարդկանց 2 տեսակ, որոնց մի մասը մտածում է, որ կորոնավիրուս գոյություն չունի, իսկ մյուս մասը հակառակն է մտածում, որ կա կորոնավիրուս, դա հենց իրեն պետք է կպնի, և ինքը պետք է մահանա.
«Երկու դեպքում էլ առաջանում են դեպրեսիաներ, առաջանում է խորն ընկճախտ, մեկուսացում, տրամադրության անկում, մարդիկ չգիտեն, թե ինչ անեն: Ժողովրդին կխնդրեմ, որ արդեն հանդարտվեն, հարմարվեն այս հիվանդության հետ և ընդունեն, որ սա ծայրահեղ ծանր հիվանդությունների շարքում չէ, ասեմ ավելին, որ գնալով այն թուլանում է և չի կարող ավելի ուժգին լինել: Ճի՛շտ է, ԱՀԿ-ն ասում է, որ դեռ հնարավոր է 2-րդ, 3-րդ ալիք, և դա հնարավոր է, բայց այնուամենայնիվ 2-րդ, 3-րդ ալիքների դեպքում այս ձևով չի կարող լինել, եթե կորոնավիրուսի ձևը չփոխվի ուրիշ մի ձևով»:
Կորոնավիրուսի ձևերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մասնագետն օրինակ բերեց.
«Վերցնենք, նույն մարդը ամառային հագուստով, ձմեռային, աշնանային հագուստով, եթե անձրև է գալիս, վերնաշապիկը կարող է թրջվել, բայց եթե բաճկոն է հագած, այն թույլ չի տալիս: Նույնը կորոնավիրուսը, կարող է թույլ տեսակ լինել և խոցել մարդուն, և լինելով պաշտպանված՝ չխոցի: Այնուամենայնիվ լավագույն ձևը մաքուր պահելն է, հիգիենիկ վիճակն է՝ և՛ տան, և՛ մարմնի, պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, շրջապատն ախտահանել տարատեսակ նյութերով, նրանք, ովքեր չունեն ֆինանսական հնարավորություն՝ կարող են օգտվել քացախաջրից, սոդայաջրով կարող են ախտահանել, և այլն»:
Գասպարյանը խոսեց նաև դիմակներից, դրանց որակներից և վտանգներից.
«Դիմակները բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում, իմ ամենախորը ցավը դա է: Դիմակները պետք է լինեն փափուկ, պետք է լինեն եռաշերտ, քառաշերտ, պետք է ոչ մի սինթետիկ բան չպարունակեն իրենց մեջ, լինեն բամբակի հիմքի վրա կամ ունենան կողքից թթվածինը կլանելու և արտազատելու հնարավորություն, որոնք թանկարժեք կամ գերթանկարժեք են, բայց սովորական ժողովուրդն ի վիճակի չէ դա գնելու: Օրական պետք է փոխել 6-8 դիմակ՝ բարձր որակավորման, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդն ի վիճակի է, նույնիսկ միջին եկամուտ ունեցող մարդը՝ օրական 1 կամ 2 դիմակ գնելու: Մնացած, մյուս դիմակները հակասում են բոլոր պայմաններին, և հենց դիմակները կարող են պատճառ լինել խորը հիվանդության: Այսինքն՝ կորոնավիրուսը, որն իրենից չի ներկայացնում լուրջ հիվանդություն, լուրջ հիվանդություններ կարող են լինել դիմակների սխալ կրելուց, ոչ ճիշտ դիմակներից և ոչ կանոնակարգված ձևով: Բոլորս գիտենք, որ դիմակները բազմաթիվ անգամ ենք կրում, կրում ենք ամենաէժան դիմակները, դրանք պոլիէթիլենային, պոլիպրոպիլենային նյութերից պատրաստված դիմակներ են, արտադրված՝ չգիտես ում նկուղներում կամ որ երկրի նկուղներում, ոչ բժշկական ստանդարտներին համապատասխան»:
Գասպարյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր էլ այն է, որ մարդկանց մեծ մասը դիմակները սխալ է կրում.
«100 հոգուց 95-ը դիմակը կրում է սխալ, և ճիշտ կրելու դեպքում նա ընդհանրապես չի կարող թթվածին շնչել: Դիմակների սխալ կրումը կարող է հակառակ էֆեկտ տալ և առաջացնել կրկնակի, եռակի ծանր հիվանդություններ: Ո՞րն է դիմակ կրելու իմաստը, եթե դա սխալ է, եթե որակով չէ, եթե մարդուն վնաս է տալիս՝ առողջությունը քայքայում է, առաջացնելու է թոքային ծանր հիվանդություններ: Ճիշտ է, մենք շատ լավ թոքային բժիշկներ ունենք, բայց նրանք ի՞նչ են անելու, այդ բազմաթիվ թոքային ախտահարումներն ինչպե՞ս են բուժելու ամիսներ հետո, քթի հետ կապված աճառային հիվանդություններ են առաջացնում, կոկորդի տարբեր հիվանդություններ: Դիմակները պոլիէթիլենային կառուցվածք ունեն, և այն տոպրակները, որ գովազդում են, մարդիկ բացատրում են, որ դրանք ուռուցքածին երևույթներ են առաջացնում, պատկերացրեք՝ այդ ուռուցքածին դիմակը ժամերով կրում ենք… Հիմնական ցավս այն է, որ այն կրում են երիտասարդները՝ 10-12 ժամ: Ոչ թե ես կատեգորիկ դեմ եմ դիմակին, այլ կողմ եմ շատ բարձր կարգի դիմակներին փակ տարածքներում, որտեղ հիվանդներ են խնամում, որտեղ կան ռիսկային հիվանդներ, մեծահասակներին հանդիպելուց»:
Գասպարյանն անդրադարձավ նաև օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում բաց տարածքներում դիմակ կրելու վտանգներին.
«Մեզ նման ժողովուրդը, որը թթվածնի մեծ կարիք ունի, և մեր թոքային սատուրացիան 95-ից բարձր է լինում, նույնիսկ, երբ մի փոքր ցածրանում է, ունենում ենք գլխապտույտ, սրտխառնոց և այլն, բայց նույն 80 սատուրացիայով չինացին հանգիստ կարող է ապրել, և այս հիվանդությունների տարատեսակների ժամանակ պետք չէ համեմատվել այլ երկրների հետ: Ես նույնիսկ զարմանում եմ, որ հեռուստատեսային տաղավարում 1-2 մետր հեռավորության վրա դիմակ են կրում: Կարծում եմ, որ դիմակն ունի մի քանի կոմպոնենտներ՝ 1. քաղաքական, 2. տնտեսական, 3. հոգեբանական, 4. բժշկական, որովհետև ոնց տեսնում եմ՝ չենք կարողանում այդ այլանդակությանը վերջ տանք: Մենք դիտավորյալ ուզում ենք սպանել մեր ժողովրդին՝ պարտադրելով այդ վատ որակի դիմակներն այս 40 աստիճան ջերմության պայմաններում, երբ թթվածինը շատ նոսր է»:
Մասնագետը նշեց, թե թթվածնային քաղցն ինչ հետևանքներ կարող է ունենալ կանանց և տղամարդկանց տարբեր օրգանների բջիջների վրա, տղամարդկանց սպերմատազոիդների և կանանց ձվարանից արտադրվող նուրբ ձվաբջջի վրա:
«Երբ հղիությունը չի լինում, պարտադրում ենք, որ լինեն թթվածնային կամերաներ, որպեսզի հղիության հավանականությունն ավելի մեծանա, բայց մենք դրանով, փաստորեն, նաև թթվածնի քաղց ենք առաջացնում, և վերարտադրողականության խնդիր կարող է լինել: Չի բացառվում, որ հետագա տարիներին պարզվի, որ մեծ երկրների քաղաքական խնդիրն է եղել նաև այդ ձևով չխթանել հղիությունը կամ վերարտադրողականությունը: Արդյոք տեղյա՞կ է մեր նախարարը և կոմպետենտ մարդիկ, բայց ես ահազանգում եմ, որ նաև այդպիսի վնաս կարող է առաջացնել թթվածնային քաղցը, և պատրաստվեք, միայն դիմակների սխալ և ոչ որակով կրելուց հետո աշնանն առաջանալու են թոքային լուրջ հիվանդություններ: Ես թախանձագին խնդրում եմ առղջապահության նախարար Արսեն Թորոսյանին, պարտադրենք, խնդրենք նաև բոլոր մնացած մասնագետներին, նաև պարետին՝ չեղյալ համարի դիմակ կրելու պարտադիր պայմանը դրսում»,- ասում է մեր զրուցակիցը:
Մասնագետի խոսքով՝ պետք է նաև վերացվի հեռուստատեսային տաղավարներում դիմակներ կրելու պարտադրանքը, քանի որ այն նաև հոգեբանական վախ է առաջացնում հասարակության մոտ.
«Նաև միմիկան, նրանք, ովքեր լսողության խնդիր ունեն, նրանց համար շրթունքների շարժումը շատ մեծ նշանակություն ունի, և ընդհանրապես միմիկայի արտահայտությունը, ուղղակի այդ վախն առաջինը հենց հեռուստատեսությունից է գալիս: Հոգեբանական առումով, ուզում եմ ասել, քանի որ առաջանում են տագնապ և վախ, և մեր օրգանիզմում ամենապատասխանատու՝ երջանկության սերոտոնին նյութն է արտադրվում, որը պայքարում է բոլոր միկրոօրգանիզմների և վիրուսների դեմ, դա մեր տրամադրության, ուրախության հորմոնն է: Ինչի՞ց է առաջանում այդ հորմոնը, միայն ուրախ տրամադրությունը, երգելը, հոգևոր երաժշտությունը, լավ միջավայրը, որ մեր ժողովուրդը վերջերս կտրված է այս ամենից»: