Շարժեր անշարժ գույքի շուկայում

Տնտեսական ճգնաժամերի համար կարծես սովորություն է դառնում շինարարության ոլորտը պատուհասելը: Մեր տնտեսությունն էլ բացառություն չէ: 2020թ. հունվար-մայիսին շինարարության կրճատումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 23.4 տոկոս է: Իսկ շինարարության ոլորտում կատարվող գործընթացներն ամենաանմիջական ազդեցությունն են թողնում անշարժ գույքի շուկայի վրա:

Վերջին տարիներին անշարժ գույքի շուկան զարգանում էր հստակ համամասնություններով: Մի քանի տարի առաջ ոլորտին աջակցելու համար եկամտահարկի վերադարձի հանրահայտ օրենքն ընդունվեց: Նպատակը նորակառույց բնակարանների իրացմանն աջակցելն էր: Բանկերը գնորդներին վարկավորում էին՝ նույն գնվող վարկը որպես գրավ ձևակերպելով:

Անշարժ գույքի գրավադրման շուկայում համարյա կայուն ցուցանիշ էր ձևավորվել: Գրավադրված անշարժ գույքի կեսից ավելին հենց բնակարաններն էին: Այդ համամասնությունը պահպանվեց մի քանի տարի: Այս տարվա հունվարին էլ գրավադրված անշարժ գույքի 54.4 տոկոսը բազմաբնակարան շենքերի բնակարաններն էին: Այս նույն տրամաբանությամբ գրավադրվող երկրորդ խումբն առանձնատներն էին: Հունվարին գրավադրված անշարժ գույքի 22.3 տոկոսը հենց դրանք էին:  Հունվարին գրավադրվել է 649 բնակարան:

Փետրվարին, սեզոնայնության կանոնի համաձայն՝ գրավադրման քանակն ավելացել էր՝ 1153 (2019-ի ցուցանիշը 1154 էր): Մարտի ցուցանիշներն արդեն իրենց վրա կրում են համավարակի առաջին ազդակները: Նախորդ տարվա 1381 գրավադրված բնակարանի փոխարեն՝ գրավադրվեց 1305-ը:

Ապրիլ-մայիս ամիսներին ընդհանրապես անշարժ գույքի գրավադրման ծավալները կրճատվեցին կրկնակի: Բայց առավել մեծ է (համարյա երեք անգամ) բնակարանների գրավադրման թվաքանակը նվազումը: 2019-ի ապրիլի 1520 դեպքի դիմաց՝ 460: Իսկ մայիս-մայիս հարաբերությունը՝ 1383-ը՝ այս տարվա 553-ի դիմաց:

Բնակելի տների ու բնակարանների մասնաբաժինը գրավադրվող անշարժ գույքի ծավալում պակասել է առնվազն 10 տոկոսով: Բնականաբար, զուգահեռաբար կրճատվում էր և՛ շինարարության, և՛ բանկային համապատասխան վարկավորման պայմանները: Այս պատճառով է շինարարության ոլորտը դարձել «բազմաժանր»: Այնքան բազմաժանր, որ դրա գրավադրման ծավալներով ու գործընթացներով գնահատվում է տնտեսության ընդհանուր վիճակը:

Աշխարհը դեռ չի մոռացել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հենց ոլորտների այս հատման կետից սկսվեց: Մեր պարագային շինարարության ֆինանսավորման ոլորտում էլ էական տեղաշարժեր կան: Բնակչության միջոցների հաշվին կատարվող շինարությունն այս մայիսին նախորդի համեմատ կրճատվել է 46.2 տոկոսով:

Կրճատվել է միջազգային վարկերի հաշվին իրականացվող, մարդասիրական օգնությունների, պետբյուջեի, կազմակերպությունների կողմից շինարարության ֆինանսավորումը: Կրճատման գործընթացի մի մասն արտաքին տնտեսական պատճառներ ունի: Մի մասը՝ ներքին: Բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամերի ընթացքում բոլոր երկրների իշխանություններն էլ արտաքին պատճառներն են փաստարկ բերում: Երևի դա էլ իշխանության բնույթն է:

Տեսանյութեր

Լրահոս