Ճապոնիայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 136-ի
Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ ախտահարման նոր դեպքերը հայտնաբերվել են Քեմփ Հանսեն ռազմակայանում:
Այսպիսով Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների թվում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 136-ի: Հուլիսի 13-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցներն ունեցել են թերություններ: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանություններն ամերիկյան զինվորական հրամանատարության հետ սերտ շփման մեջ են ստեղծված իրավիճակի շուրջը:
Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում կարանտին է սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հուլիսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել է վարակման 61 դեպք ամերիկացի զինծառայողների թվում: Հուլիսի 10-ին Ճապոնիայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում է կայացրել վերադարձնել զինծառայողների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 22 հազարը: Մահացու վախճանների քանակը կազմել է 997: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18,9 հազար մարդ, Ըստ որում 34 պացիենտ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: