«Այս պահին ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի ԱԹՍ-ների խոցման ամենալավագույն գործիքը մեզ մոտ «Օսա-ԱԿ» և «Օսա-ԱԿՄ» համալիրներն են». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ-Ադրբեջան հրադադարի պայմանավորվածության մասով տեղեկություն չունի. այս մասին նա ասաց Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:
«Լինում է հաճախ, որ գիշերներն ակտիվությունն ընկնում է: Եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք անպայման կհայտարարենք կամ բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն կարող է հայտարարել»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցմանը, Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հայտարարությունը՝ խոցվել է հայ ինժեներների կողմից մոդեռնիցազված «Օսա» զենիթահրթիռային համակարգի միջոցով:
«Այո, «Օսա-ԱԿՄ» համալիրն է, որը տեղում արդիականացվում է: Մեր ռազմարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Օսա-ԱԿՄ»-ի մոդեռնիցազման տեխնոլոգիաները: Վերջին տարիներին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ և հետո, ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի ԱԹՍ-ների խոցման ամենալավագույն գործիքը մեզ մոտ այս պահին «Օսա-ԱԿ» և «Օսա-ԱԿՄ» համալիրներն են»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը: