«Ազգովի  և պետական մակարդակով պիտի նկատի ունենանք՝ Թուրքիան ցանկացած ժամանակ կարող է այս սադրանքների մասնակիցը լինել». Սեյրան Օհանյան

Այս պահին մենք պետք է լսենք ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) կողմից տարածվող պաշտոնական լրատվությանը: 168.am-ի հարցազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գործողություններին և դրանց հայկական կողմի հակազդումներին, և թե որքանով, այսպես ասած, լոկալ մարտը կվերածվի լայնածավալ գործողությունների:

– Մենք հավատալով ՀՀ ՊՆ տարածած լրատվությանը՝ գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են կազմակերպել, այս անգամ՝ ոչ թե Արցախի տարածքում, այլ՝ Հայաստանի: Ադրբեջանի համար վաղուց արդեն այդ սադրանքների կազմակերպումը միևնույն է՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ տարածքում: ՀՀ զինված ուժերն արժանի հակահարված են տվել, իրավիճակը, ըստ տեղեկությունների, վերահսկելի է: Իմ իմացությամբ՝ ՀՀ զինված ուժերը նաև պատրաստ են ցանկացած սադրանքի դեպքում հակահարված տալ, պատժել, պարտադրել, և միշտ պատրաստ են նաև լայնածավալ գործողությունների: Հիմա համեմատություններ են անում 2016 թվականի և հիմիկվա իրավիճակի միջև, գործողության մասշտաբներն անհամեմատելի են, իհարկե, ինչպես նաև՝ հանկարծակիության աստիճանը, որովհետև 2016-ին հանկարծակի դիվերսիոն հետախուզական գործողությունները կարճ ժամանակահատվածում, կարելի է ասել՝ 1-2 ժամվա ընթացքում, վերածվեցին լայնամասշտաբ գործողությունների, քանի որ նրանք պլանավորել էին այդ գործողությունները, այն է՝ ավելի խորը թափանցել Արցախի տարածք: Հիմա լոկալ գործողություններ են, կարծում եմ, որ իրենց նպատակը սադրելն է՝ Հայաստանը ներքաշել այս գործողությունների մեջ:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, պետք է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ն դատապարտի: Հայաստանյան կամ հայկական կողմը բանակցությունների ընթացքում, կարծում եմ, որ ճիշտ է բարձրացնում վերահսկողական մեխանիզմների տեղադրման հարցը, քանի որ այդ ժամանակ հասկանալի և ակնհայտ կլինի, որ ադրբեջանցիներն են սադրել: Բայց դա՝ միայն արձագանքելու և խախտող կողմին դատապարտելու համար, սա այն խնդիրը չէ, որ ՀՀ-ն դիմի ՀԱՊԿ-ին ռազմական աջակցության համար: Մենք կանգնած ենք Ադրբեջանին դեմ առ դեմ, ճանաչում ենք, և, ըստ էության, հոգեբանորեն նրանք այդքան էլ չեն փոխվել, իսկ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են նրանց պարտադրել խաղաղություն: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ գործողությունների վերածվելուն, Ադրբեջանը խաղաղ բանակցությունների, խաղաղությանը պատրաստվելու ֆոնի ներքո միշտ էլ փորձել է սադրանքներ իրականացնել այնպես, ինչպես հիմա:

Եվ այդ սադրանքները մերթընդմերթ վերածվել են լայնամասշտաբ գործողությունների: Այս պահին չեմ կարծում, որ լայնամասշտաբ գործողություններ կլինեն, բայց, ի վերջո, մենք հասկանում ենք՝ համաշխարհային փորձը, համաշխարհային պատերազմները չնչին և շատ փոքր պատճառներից են սկսվել, և այն, որ սադրանքները կարող են վերածվել լայնամասշտաբ գործողությունների, ՀՀ ԶՈւ-ն դրան պիտի պատրաստ լինի: Ակնհայտ է՝ զինված ուժերը՝ ինչպես արցախյան ազատամարտի ժամանակ, ինչպես  հետպատերազմյան տարիներին՝ 2013, 2014, 2015, 2016, այնպես էլ հիմա՝ պատրաստ են: Ես երբևիցե ՀՀ ԶՈւ պատրաստության աստիճանը, դրանց կատարելագործման, զարգացման ունակությունները չեմ տարանջատում այսօրվա, երեկվա: Զինված ուժերն այն կառույցն է, որ մշտապես զարգացել է, և ակնհայտ է, որ պատրաստ են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու:

– ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր տեսլականում խոսել էր փոքր գրոհիչ խմբերի կիրառության մասին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ուղղության զարգացումը, ի՞նչ պետք է արվի դրա համար: Ի դեպ, այդ փորձի հաջող կիրառություն ժամանակին եղել է ՀՀ  ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի կողմից՝ Օնիկ Գասպարյանի հրամանատարության օրոք, ով հիմա  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է:

– Պաշտպանության նախարարն իր տեսլականում ճիշտ շեշտադրում է կատարել կանխարգելիչ, պարտադրող գործողությունների:  Դրանք ՀՀ և Արցախի զինված ուժերի համար նորություն  չեն.  ոչ միայն ՀՀ, այլև  Արցախի Հանրապետության տարածքում մշտապես պատժիչ, պարտադրող գործողություններ կատարվել են՝ և՛ 2003-2006-ին, և՛ իմ ղեկավարության ժամանակ՝ 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին: Եվ հիմա պաշտպանության նախարարն ուզում է այդ ուղղությունը զարգացնել, և ես որքան գիտեմ՝ զարգացնում է: Եվ այդ ուղղությամբ գործող կառույցները, չեմ ուզում դրանց անունները տալ, զարգացվում են, հագեցվում են, և ամենակարևորը՝ զսպման նշանակություն ունեցող սպառազինությամբ են հագեցվում: Եվ անձնակազմի կողմից արդեն յուրացվել է այդ ամենը, և նրանք կարող են շատ արագ այդպիսի գործողություններ իրականացնել:

– Ժամանակին Դուք ներդրեցիք «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» մեթոդը, ինչը  ենթադրում է ռազմական (մարտական) գործողությունների վարում ապակենտրոնացված կերպով` հիմնված առաջադրանքներ հիշեցնող հրամանների վրա: ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ խոսվում է «պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման» մասին: Այսօր պատերազմի վարման ի՞նչ նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով այսօրվա իրողությունները:

-«Հրամանատրում առաջադրանքի միջոցով» մեթոդը դա տարածություններում փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելն է: Ե՛վ ՀՀ-ի, և՛ Արցախի զինված ուժերի համար դա նորություն չէ: Ըստ էության, արցախյան ազատամարտում, ՀՀ սահմաններում մենք դրա հաշվին ենք կարողացել հաղթանակներ տանել: Եվ հետպատերազմյան տարիներին էլ դրա վրա ուշադրություն է դարձվել, պարզապես իմ ժամանակ մենք դա դրեցինք ավելի բարձր՝ գիտական հենքի վրա և ուշադրություն դարձրեցինք փոքր ստորաբաժանումների հրամանատարների պատրաստության վրա, և նրանք ինքնուրույն գործել են: Նույնիսկ՝ ես հրամաններ ունեմ գրած նախկինում՝ սկսած վաշտի հրամանատարից ինքնուրույն գործելու, կանխարգելելու, կրակ, մարտական գործողություն վարելու մասին: Մարտական գործողությունների, հիբրիդային պատերազմի դեպքում մեծ նշանակություն ունի և դա, և պետության գործունեության տարբեր ոլորտներում, ենթակառույցներում, տարբեր ուժերի միջոցով՝  և՛ զինվորական, և՛ քաղաքացիական զսպող, բարոյահոգեբանական ներգործություն ունեցող գործողությունները, ուժային ոլորտում փոքր, հատուկ նշանակության ստորաբաժանումներինը, ինչպես նաև՝ գերճշգրիտ սպառազինության օգտագործումը:

– Պայմանագրային ծառայությունն ընդլայնելու ի՞նչ ռեսուրս ունենք, շատ է խոսվում, որ առաջնագիծը չպետք է 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները պահեն, այլ այն լիովին պիտի հանձնվի պայմանագրայինների հսկողությանը:

– ՀՀ զինված ուժերը բավականին մեծաքանակ են այսօր՝ ի համեմատություն մեր ազգաբնակչության, բայց մեզ մոտ դեռևս երկար ժամանակ խառը սկզբունքով համալրումն արդիական է լինելու, այսինքն՝ և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինվորական ծառայություն: 2008-ից պայմանագրայինների քանակը գրեթե կրկնապատկվել է՝  սպաներ, ենթասպաներ, հիմա էլ ավելի է աճում, բայց կրկնում եմ՝ դեռ երկար ժամանակ խառը համալրումը լինելու է մեծ նշանակություն ունեցող: Անվտանգության խնդիրները կարևորելով, միաժամանակ ես այն մարդկանց շարքում չեմ, որ պնդում են, թե ժամկետային զինվորական ծառայողները պետք է զերծ մնան մարտական հերթապահությունից և մարտական գործողություններից: Արցախյան ազատամարտի փորձը ցույց է տվել, որ շատ-շատ վայրերում ժամկետային զինծառայողներն ավելի պատրաստված են, ավելի շատ են փոփոխությունների գնացել, իսկ հետպատերազմյան տարիներին՝ 1994-2016 թվականներին, շատ վայրերում ժամկետայիններն ավելի նպատակասլաց, ավելի խիստ, ավելի ըմբոստ կեցվածքով են գործել և հակառակորդին պատժել: Խառը համալրումը նշանակում է, որ հին ծառայողների, կռվող տղաների  փորձը պայմանագրային զինծառայողների, սպաների կողմից ուսումնական գործընթացը բարձր մակարդակի դնելու միջոցով փոխանցվում է ժամկետայիններին: Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա երիտասարդ սերունդը պատրաստ է մեր երկրի պաշտպանությանը:

– Վերադառնալով ադրբեջանական գործողություններին, Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում,  մասնավորապես, ասվում է, որ Թուրքիան իր «ողջ հնարավորություններով» կշարունակի կանգնած մնալ Ադրբեջանի կողքին: Կարելի՞ է ենթադրել, որ նախիջևանյան թևում կունենանք թուրք-ադրբեջանական սադրանք, ունե՞նք թուրքական գործոնի ուժեղացում:

– Թուրքիան՝ իր գործողություններով, միանշանակ, ցանկանում է հասնել նրան, որ տարածաշրջանում թուրքական գործոն լինի, և ցանկություն ունի նախևառաջ արցախյան հարցին խառնված լինի: Մենք գիտենք, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին, Թուրքիայի ղեկավարության մեծ նպատակն է՝ իրենց ազդեցությունը, տարածաշրջանային նկրտումները հասցնել մինչև Արևելք: Սրա մասին մենք բոլորս գիտենք, և այս սադրանքների հիմքում միշտ պետք է տեսնել Թուրքիայի «մատը»: 2016-ի ապրիլյան պատերազմի մասով, երբ ասում էին, որ պայմանավորվածություններ կային, ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ պիտի տեսնել միայն  ու միայն թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն: Թուրքերի նկրտումները նաև նախիջևանյան հատվածում ակնհայտ են, այնտեղ իրենք ունեն փոքր ստորաբաժանումներ, նաև՝ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության երկարատև պլաններ, և մենք նկատի պիտի ունենանք սա և՛ ազգովի,  և՛ պետական մակարդակով, որ Թուրքիան էլ ցանկացած ժամանակ կարող է այս սադրանքների մասնակիցը լինել:

– Շնորհակալություն հարցազրույցի համար, հուսով եմ՝ Ձեր փորձը դե յուրե դարձյալ կտեսնենք ՀՀ ԶՈՒ-ում:

– Մեր փորձն արդեն իսկ հիմա երիտասարդ սերունդը կամ, ովքեր որ ղեկավարում են, օգտագործում են:

Տեսանյութեր

Լրահոս