«Այսօր ինչքան մահ կա, բոլորն Արսեն Թորոսյանի խղճին են, նա անհապաղ պետք է հրաժարական տա․․․». Վեդիի բնակիչ
Այսօր ինչքան մահ կա, բոլորն Արսեն Թորոսյանի խղճին են, նրան անհապաղ պետք է հանեն գործից: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Առողջապահության նախարարին շտապ պետք է փոխեն, շտապ պետք է փոխեն դրան: Մի օր ասում էր՝ դիմակ մի՛ դրեք, մի օր ասում էր՝ փողոցում դրեք, բայց ես 2 հատ ստենտ ունեմ սրտիս դրած, ո՞նց քայլեմ սրանով, չեմ կարողանում: Նախկիններն ի՞նչ էին, մտածեցինք՝ կգան, կլավանա մեր կյանքը, բացարձակապես ոչինչ չի լավացել, ավելի շատ վատացել է: Հարգելով պարոն Փաշինյանին՝ ասում եմ, նա ոչ թե ԱԱԾ պետին պետք է փոխեր, ոստիկանության պետին պետք է փոխեր, այլ դրան պետք է փոխեր, որ հասկանար: Մի օր ասում էր՝ կարող եք շորից դիմակ կրել, մի օր ասում է՝ չէ, մի օր ասում է՝ փողոցում կարող եք դնել, մի օր ասում է՝ չէ»:
Դիտարկմանը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ կրել-չկրելու թեմայի վերաբերյալ նորղություն խնդրեց հանրությունից, քաղաքացին պատասխանեց. «Ներողությունով առողջություն չե՛ն վերականգնում, ես էլ կարող եմ մարդ սպանել, ասել՝ ներողություն, հետո՞: Ինչքան մահ կա, բոլորը Թորոսյանի խղճին են, նրան անհապաղ պետք է հանել այդ գործից, անհապա՛ղ»:
Վեդիի քաղաքացիներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է իրենց առօրյան կարանտինի պայմաններում, պատասխանները տարբեր էին:
«Շատ վատ, այս կարանտինը չգիտեմ, թե ինչի համար են երկարացնում, երբ օրական 500-600 հիվանդ կա, ինչո՞ւ են երկարացնում, որ ժողովուրդը չհավաքվե՞ն, չբողոքե՞ն: Չեմ հասկանում՝ մեր վարչապետը սրանով ի՞նչ է ուզում անի: Կառավարությունը հազիվ Սահմանադրական դատարան է փոխում, ոստիկանություն, ԱԱԾ են փոխում, թող ժողովրդի մասին մտածեն, դրանց երբ էլ ուզեն՝ կփոխեն»:
«Ժողովուրդը սկզբից չիմացավ, որ վիրուս կա, սկզբից չկիրառեցին ճիշտ ձևը, հետո գլխի ընկան և սկսեցին դիմակներ կրել ու սոցիալական հեռավորություն պահել: Ոմանք հասկացան, ոմանք չհասկացան, ոմանք էլ էլի չեն հասկանում: Ես կնոջս հետ եմ ապրում, թոշակառուներ ենք, մեր թոշակով ենք յոլա գնում»:
«Շատ լավ է, հանգիստ, խաղաղ, ամեն ինչ նորմալ է: Ֆինանսական մասով դժվարություններ չեն առաջացել, շատ լավ է: Կառավարության աշխատանքները շատ լավ եմ գնահատում, գոհ եմ»,- ասաց բնակիչներից մեկը:
Քաղաքացիներից շատերը չէին ցանկանում քաղաքական հարցերին պատասխանել, սակայն բնակիչներից մեկը, որը ակտիվ հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, պատասխանեց պատգամավորների պարգևավճարների վերաբերյալ հարցին, և վերջերս լրագրողների այդ հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքին:
«Ալեն Սիմոնյանը բացարձակապես ճիշտ չի՛ խոսում: Իրենց պարգևատրումներից թող բերեն 20 հազար դրամ էլ ինձ տան, ասեն՝ թոշակառու մարդ ես՝ ծախսի, ոչ թե վերցնեն, հետո էլ ասեն՝ ի՞նչ ենք արել, 200 հազար: Ի՞նչ է արել ինքը: Խորհրդարանում բոլորը հարուստի երեխաներ են նստած, որոնք գնացել են Ամերիկայում, Անգլիայում ավարտել, եկել դարձել են երկրի հարց որոշողները: Դրանք ի՞նչ հարց պետք է լուծեն: Այսօր 20-25 տարեկաններն իմ հարցն են որոշում, թե ես ոնց պետք է ապրե՞մ: Փաշինյանին հիմնականում դրանք չեն թողնում աշխատի»: