Ինչո՞ւ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի

Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Դատարանը վճռել է՝ Այա Սոֆիան Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ հիմնադրամի տնօրինության տակ է և հանրության համար նախատեսված է եղել իբրև մզկիթ: Պետական խորհուրդի հիմնավորմամբ, կառույցը սեփականության վկայականում գրանցված է որպես մզկիթ, և գույքի տնօրինումն այլ նպատակով անօրինական է: Որոշման հրապարակումից մոտ մեկ ժամ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի պաշտամունքի համար որպես մզկիթ: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Հունաստանը, քրիստոնեական աշխարհի առաջնորդները, մտահոգություն էին հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագրի վերաբերյալ, կոչ անելով Թուրքիայի ղեկավարությանը զերծ մնալ ժողովուրդների կրոնական համերաշխությունը խաթարող քայլերից:

168am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին բացատրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այս որոշման պատճառները։

Ռաևսկին ասաց, որ, բնականաբար, այս որոշումը պատմական, ներքաղաքական և արտաքին քաղաքական պատճառներ ունի, և հարցն այն չէր, որ այս տաճարն անհրաժեշտ էր մզկիթի վերածել, սա մտածված քայլ էր։

«Նախ՝ պետք է նշեմ, որ Էրդողանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում Թուրքիայում իսլամացումը խորացնելու գործով է զբաղվել, և սա առաջին դեպքը չէ, որը տեղավորվում է այս քաղաքականության շրջանակում։ Սրանով նաև Էրդողանը ցանկանում է ներքաղաքական ֆրոնտում, որտեղ վերջին շրջանում թուլացել է, ազգայնական հայացքներ ունեցող համակիրներ գրավել և արժանանալ Թուրքիայի իսլամ հասարակության աջակցությանը։

Էրդողանը մեծապետական ձգտումներ ունեցող նախագահ է, ով ցանկանում է նաև վերականգնել Օսմանյան Կայսրության սահմանները, և իր բոլոր քայլերը նաև տարածաշրջանում կարելի է բացատրել իր այդ հավակնություններով։ Էրդողանի բնույթը երևաց նաև այն բանում, որ նա անտեսեց բոլոր հորդորները, այդ թվում՝ քրիստոնյա աշխարհի ղեկավարների, կայացնելով նման որոշում։ Եվ այս հարցում Հունաստանի, Միացյալ Նահանգների և Հայաստանի դերը չկար, Էրդողանը դա պետք է աներ, քանի որ դա պատմական քայլ է համարում թուրք ժողովրդի համար և դրանով փորձում ցույց տալ, թե պատմության նոր՝ հզոր էջ է սկսվում Թուրքիայի և իր մեծապետական հավակնությունների հաջողության համար»,- ասաց նա։

Մյուս կողմից էլ՝ նա նաև ասաց, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ պաշտոնական մակարդակով արդեն իսլամականացված էր, և Էրդողանի այս որոշումը պարզապես այս հարցին պաշտոնական և ավելի աղմկահարույց բնույթ հաղորդեց։

«Եվ կարծում եմ՝ Թուրքիայում բնակվող շատերի համար սա անակնկալ չէր։ Քրիստոնեական ժառանգության տեսանկյունից սա չափազանց ցավալի փաստ է, բայց այն ուրվագծվում էր վերջին տարիների թուրքական քաղաքականությունում, և եթե ավելի լայն դիտարկենք, սա չափազանց վատ քաղաքականություն է հարևանության համար»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս