Պետդեպը խորհրդական կվարձի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին օգնելու համար

ԱՄՆ Պետդեպը մտադիր է մասնագետ վարձել, որը Հայաստանի կառավարությանը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ: Այս մասին գրում է russian.rt.com կայքը: Նա պետք է համագործակցի երկրի Արդարադատության նախարարության հետ ու նպաստի բարեփոխումների քաղաքականության առաջխաղացմանը:

Կայքը ծանոթացել է ամերիկյան գերատեսչության պայմանագրի հետ:

«Խորհրդականը Հայաստանի կառավարությանն աջակցություն կտրամադրի նոր հակակոռուպցիոն օրգանների ստեղծման և դրանց արդյունավետության բարձրացման հարցում (այդ թվում՝ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման գործընթացում գտնվող): Այդ հաստատությունները կհետաքննեն կոռուպցիայի դեպքերը և կոռուպցիոներներին կկանչեն պատասխանատվության»,- գրված է փաստաթղթում:

Բացի դրանից, նշված մասնագետը Հայաստանի իշխանություններին իրավապահ ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման և իրականացման խորհրդատվություն կտրամադրի:

«Այդ մասնագետը պետք է պատրաստի, ուսուցանի մասնագետներին, այլ տեխնիկական աջակցություն տրամադրի ՀՀ արդարադատության նախարարությանը, Հայաստանի՝ նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեին և քրեական արդարադատության մյուս համապատասխան ինստիտուտներին հարցերի լայն շրջանակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ առաջնահերթությունը տալով կոռուպցիայի դեմ պայքարին բարձր մակարդակով»,- հայտնում են ԱՄՆ Պետդեպում:

Խորհրդականը կզբաղվի նաև Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող պրյեկտների մասնակիցների ուսուցողական այցերի, թրեյնինգների կազմակերպմամբ:

Այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձինք: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը պլանավորում է մինչև 10 միլիոն դոլար գումար ծախսել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացման համար:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս