Ալիևներն պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում. Սերժ Սարգսյան
«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը քիչ առաջ տեսանյութ են տարածել, որտեղ «Լույս»-ի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևում է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:
Տեսակապի միջոցով նրանք ՀՀ երրորդ նախագահին ցուցադրում և պատմում են անցյալ տարի վանական համալիր Սերժ Սարգսյանի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:
«Շատ լավ է: Շնորհակալ եմ, որ աշխատանքները ոչ մի րոպե կանգ չեն առել, և մեր ժամանակացույցի համաձայն՝ առաջ եք շարժվում: Շատ կարևոր, մնայուն և աստվածահաճո աշխատանք եք անում: Բոլորիս համար Ամարասի վանական համալիրը մեծագույն կարևորություն և խորհուրդ ունի: Եվ այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Ամարասը` լավագույն օրինակն է, թե ինչպես հայոց լեզուն և քրիստոնեական մեր հավատքը միասին հարյուրամյակներ շարունակ հայոց ինքնության պահպանման անառիկ ամրոց են դարձել: Եվ բազմաթիվ ասպատակություններից, ավերումներից հետո էլ Ամարասը կա ու վկայում է, որ հայ ժողովրդի երթն անկասելի է՝ անկասելի է նաև իր ինքնության կարևորագույն տարրերի` հավատքի և լեզվի շնորհիվ:
Մեր նախապապերն այդ ամենը շատ լավ են հասկացել, մենք էլ մեր սերունդներին դա պիտի պատգամենք և փոխանցենք վերանորոգված մեր եկեղեցիներն ու դպրոցները: Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում` Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողները, ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում ձեզ շատ կարևոր այդ աշխատանքներն ավարտին հասցնելու գործում և հուսով եմ՝ տեսանելի ապագայում տեղում կծանոթանամ աշխատանքներին, և կշարունակենք մեր զրույցը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում