Բաժիններ՝

«Հերիք չի՞ ինձ էստեղ-էնտեղ ճանապարհեք». Կոնդ թաղամասի նախկին բնակիչն ուզում է իր խնդիրը վարչապետին ներկայացնել

«Միայն իմ խնդիրը չի լուծվել, քանի որ դատարան էի դիմել: Ես ասեցի` կդիմեմ դատարան, որ ինձ ինչ հասանելի է, նա էլ կտաք, ասեցին՝ որ դատարան ես դիմում՝ ամեն ինչ կանենք՝ քեզ ոչինչ չտանք»,- 168.am-ի զրույցում 2009 թ. իր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին է բարձրաձայնում պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը:

Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել:

«Դաուն թաուն» կազմակերպության ներկայացուցիչն իրեն ասել է, որ տարածքը շահել են տենդերով ու իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են.

«Ասում եմ՝ հարգելիս, դու տարածքը շահել ես, լավ ես արել, բայց ինձ էլ հո չե՞ս շահել, իմ հարցը ո՞նց է լինելու»:

Երկար դատական գործընթացներից հետո էլ խնդիրը լուծում չի ստացել, և մեր զրուցակիցը ցայսօր պետական տարբեր կառույցներից ակնկալում է, որ վերջապես կստանա իրեն հասանելիք բնակարանը.

«2019 թ. հոկտեմբերի 25-ին դիմել եմ Տիգրան Ավինյանին, 8 ու կես ամիս է` դիմումս իրենց մոտ է: Դեկտեմբերի 5-ին նորից եմ դիմել իրենց՝ տեղեկանալու ընթացքի մասին. ոչ մի բան: Տիգրան Ավինյանի օգնականը՝ Վարագ Սիսեռյանը, օգնական ուներ՝ անունը Սուրեն էր, ասեց` մենք ավելի կարևոր գործերով ենք զբաղված: Դրանից հետո ես զայրացա, եկա կառավարության շենքի մոտ, մինչև գիշերվա 8-ը ես կանգնել եմ: Վարագ Սիսեռյանը դուրս եկավ, զրուցեց և խոստացավ հովանավոր գտնել և խնդիրս լուծել, սակայն դրանից հետո ինչքան զանգահարում եմ՝ ոչ մի համարների չեն պատասխանում»:

Ալլա Մանուկյանին ավելի ուշ տեղեկացրել են, որԿառավարությանն ուղղված իր նամակը ուղարկել են քաղաքապետարան, մինչդեռ քաղաքապետարանում տիկնոջը տեղեկացրել են, որ ոչ մի նամակ չի ուղարկվել իրենց. «Դրանից հետո Տիգրան Ավինյանի քարտուղարուհի Լուսինեն ինձ ասում է՝ տիկին Մանուկյան, դիմել ենք Արդարադատության նախարարություն և Դատախազություն, բայց եթե իրենք հարցը չլուծեն, մենք դոնոր կգտնենք Ձեզ համար:

Արդարադատության նախարարությունից ինքս եմ պատասխանը վերցրել երեկ (մինչդեռ հունիսի 29-ին արդեն պատասխանը եղել է, բայց ինձ չեն ուղարկել՝ պատճառաբանելով, թե փոստի խնդիր է): Արդարադատության նախարարություն գնացի, խնդրեցի նամակի կրկնօրինակը, որտեղ գրված է, որ իրենք իրավասու չեն իմ խնդիրը լուծել և միաժամանակ տեղեկացնում են, որ նմանատիպ իրավիճակների բազմակողմանիորեն ուսումնասիրելու և առկա խնդիրները կարգավորելու  նպատակով վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ասում եմ՝ բա այս հանձնաժողովն ինչո՞ւ իմ հարցը չի լուծում, կամ այս հանձնաժողովի օրակարգում իմ հարցը կա՞, ես չգիտեմ, ասում է՝ գնացեք կառավարությունից հարցրեք: Այսօր գնացել եմ կառավարություն, ասում եմ՝ Լուսինե ջան, ի՞նչ եք ասում, ասում է ՝ ես չգիտեմ, տիկին Մանուկյան, էդ իրենցից պիտի հարցնեք, ասեցի՝ հերիք չի՞ ինձ էստեղ-էնտեղ ճանապարհեք, ես ձեզ եմ դիմել, որ իմ անորոշ վիճակը վերջապես փոխվի, չէ՞, ես ինչքան պետք է էսպես անտուն մնամ»:

Մեր զրուցակիցը դիմել է նաև Հանրային խորհրդին, խոստացել են դիմում ներկայացնել Արդարադատության նախարարությանը:

Նա նշեց, որ ինչ-որ ճանապարհ է փնտրում իր խնդիրը վարչապետին ներկայացնելու համար. «Չգիտեմ՝ ոնց դիմեմ, ինչ անեմ, ինչքա՞ն կարելի է այդ կողմնակի օգնականներին դիմել և անարդյունք ու անհեթեթ պատասխաններ ստանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս