Բաժիններ՝

Ինչո՞ւ որոշումը չեղարկելուց հետո հետ չեն վերադարձվել բարձրադիր համարվող բնակավայրերի համար տրվող հավելավճարները

ՀՀ Կառավարության կողմից 2020թ. մայիսի 27-ին ընդունվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 874-Ն որոշումը, որով նոր չափորոշիչներ էին սահմանվում լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի տարանջատման համար և ըստ այդմ՝ համապատախան փոփոխություններ էին նախատեսվում նաև ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող համայնքների բարձրադիրության նիշերի տվյալներում:

Գեղարքունիքի Լիճք համայնքի բնակիչ Վանո Կարապետյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ որոշման ուղիղ հետևանքը լինելու էր՝ ամսական աշխատավարձի նվազեցում, քանի որ այդ համայնքների աշխատող բնակիչների աշխատավարձին միանում էր նաև «բարձր լեռնային» հավելավճարի բաղադրիչը.

«N 874-Ն որոշումով փոխվել էր բնակավայրերի բարձր լեռնային լինելու (կարգավիճակը) նիշը և նոր չափանիշ էր սահմանվել, ըստ այդմ՝ բարձր լեռնային բնակավայր են համարվելու ծովի մակարդակից 2000 մետր և ավելի բարձրություն ունեցող բնակավայրերը, ինչը նշանակում էր բարձրադիր բնակավայրերում աշխատող հազարավոր քաղաքացիների ամսական աշխատավարձի նվազեցում, քանի որ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողի աշխատավարձին միանում է նաև բարձր լեռնային հավելավճարի բաղադրիչը։

Օրինակ՝ դպրոցում ամսական 70 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի աշխատավարձը կնվազեր  ամսական մոտ 6-8 հազար դրամ, և այդպես շարունակ»:

Այս որոշումը, սակայն, գրեթե մեկ ամիս անց ուժը կորցրած ճանաչվեց. հիմնավորման մեջ մասնավորապես նշվում էր.

«Նկատի ունենալով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 24-ի N 02/05.4/30557-2020 հանձնարարականի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  2020 թվականի հունիսի 24-ի N 01//4343-2020 գրություններով բարձրացված հարցերը, մշակվել է «ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են եղել հիմնական դիտարկումները կառավարությանը՝ N 874-Ն որոշման վերաբերյալ:

Ի պատասխան՝ նա նշեց. «ՀՀ կառավարության N 874-Ն որոշմամբ նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի բազմաթիվ բնակիչներից ստացել էի տասնյակ հեռախոսազանգեր և նամակներ, որոնցում քաղաքացիներն իրենց բողոքն էին բարձրացնում առ այն, որ մարզում նախկինում բարձր լեռնային բնակավայրերի ցանկում ներառված տարբեր քաղաքներ ու գյուղեր նոր որոշմամբ համարվել են լեռնային (դրանց բարձրադիրությունը գնահատվել է մինչև 2000մ), և արդյունքում՝ իրենք զրկվել են բարձր լեռնային գոտում աշխատողների համար նախատեսվող արտոնություններից։ Խնդրի հետքերով գնալով՝ պաշտոնական գրություն էի ուղարկել ՀՀ կառավարությանը, նաև բանավոր քննարկել խնդիրը կառավարության հետ՝ ներկայացնելով բազմաթիվ մարդկանց բողոքներն ու մտահոգությունները և փորձելով նախ և առաջ հստակեցնել կառավարության դիրքորոշումը համապատասխան փոփոխությունների իրականացման սկզբունքների, շահագրգիռ քաղաքացիների վրա այդ որոշման ակնկալվող ազդեցությունների, որոշման ընդունման հիմնավորումների վերաբերյալ։ Կառավարության պատասխան գրությունը ստանալուն պես անհրաժեշտության դեպքում պետք է հստակեցնեի խնդրի լուծման ուղղությամբ իմ հետագա քայլերը։ Սակայն, ինչպես նկատում եք, խնդիրը կարգավորվեց»:

Դիտարկմանը, թե չեղարկման հիմնավորման մեջ նշվում էր, որ «ճշգրտված տվյալները 1:2000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակման և անհրաժեշտության դեպքում նաև նոր տվյալներ հանութագրման աշխատանքներ իրականացնելուց հետո ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը», և հարցին, թե սա ենթադրում է, որ սույն որոշումն այդուհանդերձ պետք է ընդունվի՞՝ պատգամավորը պատասխանեց.

«Քանի որ շահագրգիռ մարմինների քննարկմանը ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման վերաբերյալ դեռևս տեղեկություն չունենք, հետևաբար՝ ծանոթ չենք նախատեսվող փոփոխությունների բովանդակությանը, քաղաքացիների վրա ակնկալվող ազդեցություններին, և, առհասարակ, փոփոխությունների հիմնավորումներին ու նախատեսվող արդյունքներին, կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Բայց, այդուհանդերձ, առաջիկայում նման հարցի բարձրացման դեպքում լիահույս եմ, որ այսուհետ առանց հանրային քննարկման նման որոշում չի ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»:

Նկատենք` թեև կառավարության որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, բայց ըստ Գեղարքունիքի Լիճք համայնքի բնակիչ Վանո Կարապետյանի, որոշման հետևանքները չեն չեղարկվել:

«Չեղարկման ժամանակ հետադարձ ուժ չեն տվել, այսինքն՝ ով որ հունիս ամսվա աշխատավարձը ստացել է, պակաս է ստացել»,- փոխանցեց Վ. Կարապետյանը:

Ի՞նչ է ստացվում՝ կորոնավիրուսային ճգնաժամի այս պիկին, երբ յուրաքանչյուր քաղաքացու համար անգամ պետության կողմից ամենափոքր ֆինանսական օժանդակությունը նշանակություն ունի, պետությունը գրչի մեկ հարվածով զրկում է իր քաղաքացուն իր հասանելիք հավելավճարից:

Թագուհի Թովմասյանից նաև ճշտեցինք, թե տեղյա՞կ է արդյոք` ինչո՞ւ օրենքը չեղարկելուց հետո հետ չեն վերադարձվել բարձրադիր համարվող բնակավայրերի համար տրվող հավելավճարները, որոնք արդեն չեղարկված օրենքով հասանելի էին դառնում միայն բարձրադիր գոտիներում աշխատող բնակիչներին, նա նկատեց.

«Բավականին կարևոր հարց եք բարձրացնում, որի կարգավորման ուղղությամբ արդեն իսկ աշխատում եմ ՀՀ կառավարության հետ։ Կարծում եմ՝ այդ հարցը շուտով կլուծվի, և մարդիկ կստանան իրենց հասանելիք գումարը։ Այդուհանդերձ, եթե առաջիկայում բարձրացված հարցը չկարգավորվի, առաջարկում եմ նման խնդիր ունեցող՝ Գեղարքունիքի մարզի մեր բոլոր հայրենակիցներին կապ հաստատել ինձ հետ, որպեսզի կարողանանք շատ արագ կարգավորել դրանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս