«Կարող եք այդ հարցերն ուղղել իրենց և նրանցից էլ ստանալ պատասխանները». Լիլիթ Մակունցը՝ պասիվ պատգամավորների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ իշխող խմբակցությունում բոլորն էլ իրենց աշխատանքին քննադատաբար են մոտենում:
«Հասկանալի է, որ հանրությանը դա միշտ չէ, որ տեսանելի է լինում: Վստահեցնում եմ, որ մենք մշտապես վերանայում ենք մեր աշխատանքային մոտեցումները և փորձում ենք լավացնել աշխատանքի որակը: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեությանը, ապա գիտեք, որ պատգամավորների մի մասը գործունեություն է ծավալում համայնքներում և մարզերում: Եթե ես օրինակ բերեմ Սիփան Փաշինյանի գործունեությունը, թե ինչ ծավալի աշխատանք է նա կատարում Տավուշի մարզում, կարծում եմ՝ այն, ինչ հանրային է, հավատացնում եմ, դրանից ավելին՝ ոչ հանրային է: Ես չգիտեմ, թե որ պատգամավորներին նկատի ունեք, կարող եք այդ հարցերն ուղղել իրենց և նրանցից էլ ստանալ պատասխանները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխող խմբակցության այն պատգամավորներին, որոնք այս ընթացքում որևէ կերպ իրենց ակտիվությամբ աչքի չեն ընկել:
Լրացուցիչ հարցին էլ, թե այդ պատգամավորներից մեկը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ խմբակցության քարտուղարը ծավալում է բավականին մեծ աշխատանք, որն ուղղված է 88 պատգամավորի հետ աշխատանքները համակարգելուն:
«Երևի ճիշտ կլինի՝ խոսեմ իմ մասին, այն, ինչ տեսանելի է հանրային առումով մամուլին, հավատացնում եմ, որ բազմաթիվ բաներ տեսանելի չեն: Ես համաձայն եմ ձեր այն հարցի հետ, որ պետք է պարբերաբար ինքներս մեզ քննադատաբար մոտենանք, ինչն էլ անում ենք»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը: