«Աշխարհում այս պահին մշակվում է 200 պատվաստանյութ, որից 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը «Ռենդեսիվիր» հակավիրուսային դեղի խմբաքանակ է գնել, որը մոտավորապես 10 օրից կլինի Հայաստանում։ Բանակցում են նաև «Առֆիրավիր» հակավիրուսային դեղը ձեռք բերելու համար։ Բոլորովին այլ իրավիճակ է պատվաստանյութերի մասով։

«Աշխարհում այս պահին մշակվում է 200 պատվաստանյութ, որից 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։ Կոնսենսուսային մի իրավիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է։ Այսինքն՝ այդ համոզումը շատ կարևոր է, սկզբում այդ համոզումը չկար, և մենք ավելի մեծ անորոշության մեջ էինք։ Այդ համոզման զարգացմանը զուգընթաց՝ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման գործընթացը։ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է, բայց միակը չէ, կան ավելի խոշոր ապագա արտադրողների պատվաստանյութեր»,- ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի մասով բանակցություններն ընթանում են, սակայն դրանք նախնական են։ Այս հարցում նույնպես, արդեն ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են։ Դրանցից մեկն այն է, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնելով դեռ չարտադրված կամ արտադրված բայց չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, այլ պետություններ դրան հասանելիություն չեն ունենում։

«Հիմա կարծես մրցավազքի նման մի բան կա, ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա էլ բոլորը փորձում են դեռ չարտադրված ու չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակներ գնել։ Տարբեր տեղեկություններով՝ նույնիսկ դրա համար գումարը նախապես վճարելով։ Իհարկե, բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ են գնում, սակայն մենք որոշել ենք սկսել նման խոսակցություններ թե՛ ուղիղ արտադրողների հետ, թե՛  հավաքական գնորդների հետ, օրինակ, ինչպիսին են ՅՈՒՆԻՍԵՖ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաժանել»,- հավելեց Արսեն Թորոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ պատվաստանյութերի փորձակումները տարբեր ժամանակահատվածներ են պահանջել, եղել է 10 տարի, 3-4 տարի, և այլն, սակայն իրավիճակը և գիտական առաջընթացը թույլ են տալիս փորձարկումներն ավելի արագ անել։

«Փորձարկումները երեք փուլով են անցկացվում՝ փոքրաթիվ մարդկանց վրա, նույնիսկ մինչ կլինիկական փորձարկումները կենդանիների վրա։ Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում ենք, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են»,- եզրափակեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս