
Արվեստի ներկայացուցիչները լուսանկարներով կոչ են անում կրել դիմակ և փրկել մշակույթը

Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, կոմպոզիտորներ և պարզապես թատերասերներ համացանցում հրապարակել են լուսանկարների բազմաժանր ու հետաքրքիր շարք, որով կոչ են անում հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում միանալ իրենց և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Lուսանկարներն ունեն #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում, #մենք_մի_ընտանիք_ենք հեշթեգերը:
Մեզ հետ զրույցում Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն ասաց, որ մշակույթի գործիչները պետք է փորձեն չհուսահատվել և տրամադրության անկում չունենալ: «Պետք է փորձել բարձր պահել նաև ժողովրդի տրամադրությունը, իսկ դրա համար մենք չպետք է վհատվենք: Այս նախաձեռնությամբ փորձեցինք ոլորտի ներկայացուցիչներին հիշեցնել, թե ինչու են ընտրել այս կամ այն մասնագիտությունը և միասին փորձել աշխատելու որևէ ելք գտնել»,- նշեց Մովսեսյանն ու հավելեց, որ եթե պահպանենք հակահամաճարակային կանոնները, մեծ կլինի շուտով աշխատանքի վերադառնալու հույսը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կրել դիմակ նաև մշակույթը փրկելու համար, որովհետև որքան երկար ենք խախտում անվտանգության կանոնները, այնքան շատ ենք վնասում նաև մշակութային ոլորտին:
Անդրադառնալով նոր ներկայացումներին՝ ռեժիսորը տեղեկացրեց, որ պարետատան թույլտվությամբ սկսել են Չեխովի «Երեք քույր» ներկայացման փորձերը: «Մեկուսացման սկզբնական շրջանում օնլայն մի քանի նախագիծ իրականացրինք, բայց դրանք արդյունավետ էին, երբ բոլորը տանն էին, իսկ հիմա չեմ կարծում, որ առցանց ծրագրերն ակտուալ եn, քանի որ մարդիկ դրսում են:
Հիմա լուրջ մշակութային իրադարձությունների պակաս կա, և պետք է անենք հնարավորը աշխատանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար»,-նշեց Մովսեսյանը: