Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացման վայրերում, հոգեհանգստի արարողություններին
Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։ Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: