Բաժիններ՝

Կորոնավիրուսին դիմադրող փողեր

Արտակարգ դրության հենց սկզբին մարտի 17-ին մեր գանձապետարանում հաշիվ բացվեց: Երկար անունով հաշիվ՝ ուր հավաքվելու էր «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունը պետությանը՝ (որպես) կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման  ապահովման համար ֆինանսական աջակցություն»: Կորոնավիրուսի կանխարգելումը, ցավոք, չստացվեց:

Հաղթահարման հնարավոր հեռանկարի մասին շարունակում ենք երազել: Բայց երկարանուն հաշվի վրա ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից կատարվել է քանակով 4 587 փոխանցում: Փոխանցված գումարը կազմում է 1 մլրդ 107 մլն 95 հազար 849 դրամ 90 լումա (եթե մոռացել եք՝ լուման մեր ազգային վճարամիջոցի 1/100 մասի անունն է: Եթե չէիք մոռացել՝ ներողություն եմ խնդրում ավելորդ հիշեցման համար):

Հիմա բացատրեմ, թե ինչու ընդգծեցի լումայի փաստը: Հիմնադրամին 4 ֆիզիկական անձ փոխանցել է 10-ական լումա: Եվս 3 անձ փոխանցել են 20-ական լումա: Երկուսը՝ 50-ական լումա, երկուսը՝ 60-ական, մեկ անձ՝ 80 լումա, էլի մեկ անձ՝ 90 լումա: Ինն անձ հիմնադրամին փոխանցել են 1-ական դրամ:

100 դրամից պակաս փոխանցում կատարած անձանց թվաքանակը 134 է: 72 անձ 100-ական դրամ է փոխանցել: Մինչև 1000 դրամ փոխանցում է կատարել 597 անձ:

Ուղիղ 1000-ական դրամ փոխանցողների քանակը 724 անձ է:

Ցուցակում կան նաև, օրինակ, 5 մլն դրամ փոխանցում կատարած ֆիզիկական անձինք (այս փոխանցումը կատարողների անուն-ազգանունից պարզ է դառնում, որ խոսքն անհայտ մարդկանց մասին չէ: Բայց հարգենք անձի մասին տեղեկատվության գաղտնիությունը՝ անգամ, եթե այն օրենքով պարտադրված չէ):

Հասկանալի է, որ ֆիզիկական անձանցից զատ փոխանցումներ կատարել են տարբեր կազմակերպություններ: Կազմակերպություն ասածը մասնավոր ձեռնարկություններ են, պետական հիմնարկություններ, բանկեր, հիմնադրամներ (նաև բուհեր) ԱՁ-ներ, հասարակական կազմակերպություններ, ՍՊԸ-ներ և այլն: Հնարավոր է՝ ինչ–որ մեկին զարմացնի այն փաստը, որ կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման հաշվեհամարին փոխանցում է կատարել պոետական պահպանության ծառայության մարմինը: Բայց կարելի է հիշել, որ սույն գերատեսչությունը ոչ միայն պետական ֆինանսավորում է ստանում: Հետևաբար՝ կարող էր օրենքով թույլատրված միջոցներով ձեռք բերած միջոցների մի մասը փոխանցել այս հիմնադրամին: Հատկապես որ, հիմնադրամը շատ կարևոր նպատակի համար է ստեղծվել:

Բայց այս փաստարկը չի «աշխատի», ասենք, ՀՀ հատուկ քննչական ծառայության 2 մլն դրամանոց, կամ ՀՀ գլխավոր դատախազության 10 մլն դրամանոց փոխանցումներից հիմնավորում-բացատրության պարագային:

Բոլոր դեպքերում եկեք ենթադրենք, որ բոլոր փոխանցումները կատարվել են ինքնաբուխ, ի սրտե, կամավոր: Հատկապես Ազգային ժողովի աշխատակազմի 18 մլն 783 հազար 700 դրամ փոխանցումը: Հատկապես, որ ցանկում խոշոր (100 մլն դրամանոց) երկու փոխանցող կա (այստեղ ևս հիշենք մասնավոր սեփականության ոլորտում առաջնային տեղեկատվության պաշտպանվածության մասին պահանջը: Հիշենք ու անուններ չհրապարակենք): Հիշենք, բայց ասենք, որ այս խոշոր (100 մլն դրամանոց) փոխանցումը կատարած ընկերություններից մեկը մեր խոշորագույն հարկատուներից է:

Զարմանալի է մյուս ընկերության այդ ծավալի փոխանցման փաստը: Այս ընկերությունն անցած տարի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին երկուհարյուրյակից դուրս էր: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի ցանկում դուրս է առաջին երեքհարյուրյակից:

Բայց հիշենք, որ հիմնադրամն ազնիվ նպատակով է ստեղծվել: Երևի նման դեպքերի համար էր ռուս հանրահայտ գործիչն ասում՝ «Ուզում էինք՝ լավ լինի, բայց եղավ՝ ինչպես միշտ»: Առողջ եղեք:

ՀԳ. Կարծում եմ, ցանկացողների համար բարդ չի լինի գտնել հաշվի համարն ու փոխանցում կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս