«Սա ոչ թե ազատություն է, այլ հարված է քրիստոնեությանը և եկեղեցուն». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ ԿԳՄՍ նախարարության որոշման մասին
Օրերս Արմավիրի մարզի, Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ դիմում-նամակ են ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ կոչ անելով առարկան չհանել հանրակրթական դպրոցների ծրագրերից։
«Համոզված ենք, որ «Նոր Հայաստանում»՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Եթե երբևէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որևէ դասաժամին, եթե երբևէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնեիք, որ արժեքները մեծավ մասամբ ձևավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։ Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն, ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին, դեմ չենք թարմացված և ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։ Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերնդին, նոր եկող հային»,- նշված է նամակում, որի տակ ստորագրել են 20-ից ավելի ուսուցիչներ։
168.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սիրունիկ Ավեստիսյանն ասաց, որ մինչև այս պահը որևէ արձագանք չկա նախարարությունից, ավելին՝ նախարարությունը չի արձագանքել նաև իր առանձին նամակին, որը նա հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում։
«Ինձ բախտ է վիճակվել առարկան դասավանդել վերջին երկու տարվա ընթացքում, դպրոցում դասավանդում եմ երեք առարկա, պետք է տեսնեք, թե երեխաներն ինչ հետաքրքրություն են ցուցաբերում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հանդեպ, պետք է տեսնեք, թե ինչ հոգևոր մթնոլորտ է ստեղծվում դասարանում։ Ես վրդովմունքս հայտնում եմ ոչ միայն՝ որպես ուսուցչուհի, այլ՝ որպես ծնող։ Ես երեխաներ ունեմ, որոնք պետք է դպրոց գնան, շատ կափսոսեմ, եթե առարկան հանեն դպրոցից, եթե մենք այս «պատերազմում» տանուլ տանք»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր բնույթով և ծավալով այնպիսին է, որ ԿԳՄՍ-ն որևէ տարբերակ չունի առարկան կրճատելու և «Հայոց պատմություն» առարկայի մեջ այնպես զետեղելու, որպեսզի կարողանան բուն էությունը պահպանել:
«Ես շատ կուզենայի, որ նախարարը գոնե մեկ դասաժամ դասալսում անցկացներ։ Անունը դրել են, դե առարկան ինտեգրում են այլ առարկայի, նման բան հնարավոր չէ, դրանով առարկան պարզապես դուրս են բերելու դպրոցներից։ Եթե նման որոշում ընդունեն և առարկան դուրս բերվի դպրոցներից, ես միայն կարող եմ մտածել, որ մեր երկիրը գնալու է կործանման, քանի որ քրիստոնեության հանդեպ նման հարձակում ուղղակի բարբարոսություն է։ Կարծում եմ՝ ԿԳՄՍ-ի այս քայլի նպատակը կրոնական թուլացումն է, սա իրենք կոչում են կրոնական ազատություն, բայց ազատությունը վաղուց է տրված, և մեր պետության քաղաքացիները վաղուց կարողանում էին ընտրել իրենց կրոնական կողմնորոշումը։ Սա ոչ թե ազատություն է, որ երեխան կրոն ուսումնասիրի, այլ հարված է քրիստոնեությանը և եկեղեցուն»,- եզրափակեց ուսուցչուհին։
Հիշեցնենք, որ օրերս «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել էր կրթական նոր չափորոշիչին և «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ծրագրերից դուրս բերելու որոշմանը։
Այս որոշման առնչությամբ ֆեյսբուքյան գրառում էր արել նաև Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նա մասնավորապես գրել էր. «Սիրելի քրիստոնյա հայրենակիցներ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցից դուրս հանելու կառավարության մտադրության վերաբերյալ զգացմունքային, լալահառաչ խոսքեր չեմ գրելու, նման առարկայի դասավանդման կարևորության մասին չեմ խոսելու, առավել ևս չեմ անդրադառնալու Հայ Եկեղեցու դերին,- նույնիսկ ամոթ է այդ մասին ակնարկ անելը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր քայլն արել է՝ համագործակցության ոգով քննարկելու այս խնդիրը հայրենի իշխանությունների հետ։ Համագործակցությունը և քննարկումներն իմ տպավորությամբ առայժմ ունեն իմիտացիոն բնույթ․․․ առայժմ։ Լիահույս եմ, որ առաջիկայում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև համագործակցությունը կբարձրանա ավելի առարկայական և փոխըմբռնման մակարդակի»։