Գագիկ Ծառուկյանի հետ առերեսվողն ասել է, թե Ծառուկյանն ընդամենն իրեն ասել է՝ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի կենտրոնական գրասենյակ. փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոց կալանավորումը չկիրառելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց: Դատական նիստը հետաձգելու պատճառն այն էր, որ Վերաքննիչ բողոքները չէին հասել դատարանին և մեղադրող կողմին:

«Վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել, ուղարկվել, այս պահին դատարան չէր հասել, որովհետև, ըստ էության, կարճ ժամկետում նշանակվել էր դատական նիստը՝ օրենքի պահանջն էր այսպիսին: Քանի որ դատարանը որոշ բողոքների մի մասը  չէր ստացել, բնականաբար, հնարավոր չէր այս պահին շարունակել: Պետք է կողմերը ծանոթանան»,- նիստի ավարտից հետո ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի հիմքում հիմնավոր կասկածի հանգամանքն է, ինչպես նաև վարույթի օրինականության հարցը: Պաշտպանական թիմի պնդմամբ՝ առաջադրված մեղադրանքում, ինչպես նաև դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի այդ գործին: Ինչ վերաբերում է  վարույթի օրինականության հարցին, ապա, փաստաբանների պնդումներով՝ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը պետք է քննվեր ոչ թե ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ ՀՔԾ-ում:

«Դատարանի որոշման մեջ շատ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը կվկայի գոնե, չեմ ասում՝ կհիմնավորի, գոնե ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Ծառուկյանը որևէ մեկին կաշառք է տվել, ընտրակաշառք է տվել: Եվ եթե չկա նման փաստական տվյալ, որ արել է, պետք է գա միջնորդավորված տարբերակ, որ որևէ մեկին պետք է հանձնարարի, ինքը պետք է տեղյակ լինի, ինքը պետք է գոնե իմանա, որ նման բան է կատարվում, բայց բոլոր փաստական տվյալներով հաստատվել է, ըստ էության, որ նույնիսկ այդ հանգամանքները չեն հաստատվում:

Եվ այն անձի ցուցմունքը, որը որ դատարան էր ներկայացվել՝ որպես հիմնավոր կասկածը հաստատող, մենք պնդում էինք, որ այդ անձի հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, չկատարվեց, դրանից հետո կատարվեց, և ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Ծառուկյանն ընդհանրապես որևէ մեկին չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տան, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել: Այսինքն՝ այն միջնորդավորված օղակը, որը դրա մասին պիտի ասեր, նույնիսկ առերեսման ժամանակ հստակ նշեց, որ Ծառուկյանն ընդամենն իրեն ասել է, որ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի կենտրոնական գրասենյակ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ծառուկյանի պաշտպանական խմբի մեկ այլ ներկայացուցչի՝ փաստաբան Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ ԲՀԿ ղեկավարին առաջադրված մեղադրանքն ընդհանրական բնույթի ձևակերպում է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, և վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ նա պետք է իմանար կամ գիտեր այդ մասին:

«Ողջամիտ ենթադրությունը չի կարող տրվել կոնկրետ անձին առաջադրվող մեղադրանքի հիմքում: Եթե խոսքը գնում է կազմակերպվածության մասին, ուրեմն պետք է հստակ սահմանված լինի, թե Գագիկ Ծառուկյանի կողմից կոնկրետ ինչ գործողություններ են կատարվել, և այդ հանգամանքը կոնկրետ ինչ ապացույցներով է փաստվում, հաստատվում: Եթե դու չունես որևէ ապացույց նրա կողմից կատարված որևէ գործողության վերաբերյալ, գեթ մեկ գործողության, հետևաբար՝ հիմնավոր կասկածի շեմը չի կարող համարվել հաղթահարված, և մեղադրանքը, որը  ներկայացվել է նրա նկատմամբ, լրիվ անհիմն է և անօրինական  և հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 202  հոդվածի (որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը.- Ա.Հ.) պահանջներին»,- ասաց փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Փաստաբանների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որևէ ցուցմունք չկա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս