Բաժիններ՝

Քաղաքացին ահազանգում է՝ 10 հոգանոց ընտանիքին դուրս են հանում՝ ժամանակ չտալով նոր կացարան փնտրել․ «Իմ քայլը» հիմնադրամը հերքում է ու պարզաբանում

37-ամյա Քրիստինե Մամոյանը զանգահարել էր 168.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իր 10 հոգանոց ընտանիքին ժամանակավոր բնակարանից  դուրս են հանում՝ ժամանակ չտալով նոր կացարան փնտրել։

«Ունեմ 8 երեխա՝ 5 տղա, երեք աղջիկ։ «Իմ քայլը» հիմնադրամը մեզ ժամանակավոր բնակարան էր տրամադրել Նորք-Մարաշ 9 հասցեում։ Մինչև ժամը 5-ը բանալիները պետք է հանձնեինք։ Գոնե 10 օր տրամադրեն, որպեսզի բնակարանի հարց կարողանայինք լուծել։ Մեզ պարտադրում են տնից դուրս գալ, ասում են՝ բնակարանն ազատեք և բանալիները հանձնեք մեզ, հակառակ դեպքում ոստիկան ենք ուղարկում։ Տղաս 2-3 ամսից բանակ է գնալու, 18 տարեկան է։ 20 տարի վարձով ենք բնակվել»,- 168․am-ին ասաց քաղաքացին։

Քրիստինե Մամոյանը հայտնեց, որ 2018թ․ամուսնու հետ գնացել է Կառավարություն, դիմում է գրել, որ բնակարանի հարցը լուծվի, սակայն   պատասխան չի ստացել։

«Հետո դիմեցի ՀՀ վարչապետի տիկնոջ հիմնադրամին, քանի որ փողոցում էինք հայտնվել։ Իրենք մեզ բնակարան տվեցին 1 տարով, այսինքն, այդպիսի խոսակցություն չի եղել, ասել են՝ գնացեք, ապրեք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Եթե նոր ծրագիր լինի՝ ձեզ այլ տեղ կտեղափոխենք։  Տան տերն էլ մեկ անգամ է եկել, ծանոթացել ենք, ասաց՝ ապրեք, մինչև տեսնենք, թե ինչ կլինի։ Մեկ տարին անցավ, ո՛չ տանտերը ձայն հանեց, ո՛չ էլ «Իմ քայլից», ու դա դարձավ 2 տարի։ Եվ հունիսի 1-ին հիմնադրամից զանգեցին ամուսնուս՝ ասելով, որ անհապաղ մինչև ամսի 20-ը պետք է ազատենք բնակարանը։ Համոզեցինք ու 20-ը 29 սարքեցինք։ Հիմա ապրանքը հավաքված է։ 5 րոպեն մեկ զանգում են, թե՝ ի՞նչ արեցիք, շուտ արեք։ Ես 5 առողջ զինվոր եմ տալիս պետությանը, ինչո՞ւ պետք է հանեմ նրանց փողոց՝ վիրուսով վարակվեն։ Եթե երեխաներին մի բան լինի՝ ո՞վ է պատասխան տալու։ ՀՀ-ում մի տարածք չկա՞, որ տան ապրենք։ Ես շատ եմ նամակներ ուղարկում տարբեր տեղեր, բայց պատասխան չի գալիս։ Երբ Տարոն Մարգարյանն էր քաղաքապետ, նամակներին պատասխանում էին, թե նման ծրագիր չունեն։ Պալատ չեմ ուզում, 10 հոգանոց ընտանիք է, փողոցում ենք հայտնվել․ամբողջ ՀՀ-ում, թեկուզ մարզերից մեկում մի տուն չի հասնո՞ւմ, որ գնամ ընտանիքիս հետ հանգիստ ապրեմ, իմ տնտեսությունը ստեղծեմ, հանգիստ խղճով ապրեմ ու երեխայիս ուրախ-ուրախ ուղարկեմ բանակ»,- նշեց նա։

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պատմությունն ավելի երկար է, քան հիմնադրամը ստեղծվել է։

Նա հիշեցրեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչը բարեսիրտ քաղաքացիներին, որտեղ ասվում էր, որ, եթե Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ՝ կարող են  ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

«Ընտանիքը դիմել էր՝ նշելով, որ չունի կացարան։ Այդ ժամանակ գտնվել էր մի բարերար, ով իր Նորք-Մարաշում գտնվող տունը 1 տարով տրամադրել էր այդ ընտանիքին, որից հետո ստեղծվել է հիմնադրամը, և, քանի որ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հետ սկսել է իրականացնել աղքատության փուլային հաղթահարում ծրագիրը,  հիմնադրամը հանձն է առել այդ ընտանիքին ներառել ծրագրի շրջանակներում՝ որպես շահառու, և անել բոլոր այն գործողությունները, որը նախատեսում է ծրագիրը, այն է՝ ընտանիքի ներուժի զարգացում, աջակցություն, որ ընտանիքը կարողանա սեփական եկամուտն ունենալ։ Իրենք գիտեին, որ տունը տրվել է մեկ տարով։ Այդ ընթացքում գտնվեց մեկ այլ բարերար, որն առաջարկեց ընտանիքին 3 տարով տրամադրել իր երեք հարկանի առանձնատունը՝ 1000քմ հողատարածքով, խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված գոմով, կերի ամբարով, և այլն։ Դա Նոր Խարբերդում էր։ Ընտանիքին առաջարկեցինք և այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին հանձն առանք, որ կտրամադրենք գույք, ընտանի կենդանիներ։ Ընտանիքը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չեն գալու։ Շեշտեմ, որ Նոր Խարբերդը Երևանի մեջ է մտնում, և չեն ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ»,- պատմեց «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգողը։

Նա հայտնեց, որ դրանից հետո Քրիստինեին առաջարկել են վերապատրաստվել և մտածել աշխատանքի անցնելու մասին, սակայն նա մերժել է՝ ասելով, որ երեխաներին է խնամում։

«Ունեն 8 անչափահաս երեխա, որոնցից 6-ը հաճախում էին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ավագը՝ Վարդաշենի դպրոց։ Դրանք այն դպրոցներն են, որտեղ երեխաները գիշերում են աշխատանքային օրերին։ Այդ պահին իր խնամքին ուներ 1 երեխա, որը գնում էր մանկապարտեզ։ Թե ո՛ր երեխաներին էր խնամում, ես չգիտեմ։ 2019թ․ամռանը մեկ տարին լրացավ, մենք իրենց այս անգամ առաջարկեցինք պետական «Այլ վայր» ծրագիրը, որը նախատեսում է գյուղում ընտանիքին տան և աշխատանքի տրամադրում, ու ֆինանսավորում է դա։ Իրենք կրկին մերժեցին՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չեն գալու, իսկ մենք զգուշացրեցինք, որ մեկ տարին լրացել է, և բարերարը՝ տանտերը, որ պահին ուզենա՝ ձեզ կհանի, որովհետև դա իր սեփականությունն է։ Իրենք սա լուրջ չընդունեցին։ 2019թ․հոկտեմբերին իմացանք, որ երեխաները դպրոց չեն գնում։ Դիմեցինք խնամակալների և հոգաբարձուների մարմին, նիստ եղավ, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ դպրոց չեն գնում։ Եթե չեմ սխալվում՝ հայրը դպրոցում փականագործ է աշխատում։ Իրենք պատճառաբանեցին, որ պայուսակ չունեն։ Պարզվեց՝ թաղապետարանն անապահով ընտանիքներին ամեն օգոստոսի վերջին բոլոր անապահով ընտանիքներին տրամադրում է գրենական պիտույքներ և այլն։ Իրենց ասացինք, որ գնան ու վերցնեն, բայց չեն գնացել։ Աղմուկ բարձրացրեցինք, դպրոցի տնօրենն անվճար գրքեր տվեց, թաղապետն էլ առաջին ագամ մեքենայով տարել էր դպրոց։ Հետո դուրս եկան հիմնադրամի ծրագրից, քանի որ, եթե ընտանիքը չի ցանկանում աշխատել, վերապատրաստվել, իր եկամուտը ավելացնել, չի համագործակցում, ծրագիրը ոչինչ չի կարող անել»,- նշեց Գայանե Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ մայիսի վերջին իրենց հետ կապ է հաստատել տանտերը՝ ասելով, որ ուզում է, որ ընտանիքը հուլիսի 1-ին դուրս գա։

Այդ մասին նրանց տեղեկացրել են հունիսի 1-ին և նշել, որ ունեն մեկ ամիս ժամանակ՝ դուրս գալու համար։

«Սկսեցինք փնտրել տներ։ Ստեփանավանում գտանք մի ֆերմերի, որն առաջարկեց գնալ ու ապրել իր ֆերմայում և աշխատել՝ յուրաքանչյուրին մոտ 150․000 դրամ աշխատավարձով։ Հրաժարվեցին՝ ասելով, որ Ստեփանավանը շատ հեռու է։ Մենք սկսեցինք բնակարան փնտրել Երևանում։ Երբ տեղեկանում են, որ 7 անչափահաս երեխաներ կան, չեն տալիս բնակարան, բացի դա՝ այնտեղ, որտեղ ապրել են, այդ շրջաններում այնքան վատ համբավ ունեն, որ իրենց ոչ ոք բնակարան չի տալիս։ Բոլորը համարում են, որ իրենք տունը սարքում են ավերակ՝ ջարդում են։ Փականը, օրինակ, ջարդվել է, ու 100․000 դրամի ջրի պարտք են կուտակել՝ հունիսը չհաշված։ Արդեն անցած տարվանից գիտեին, որ պետք է դուրս գան»,- եզրափակեց «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս