Ճապոնիան չի բացառում արտակարգ դրության կրկնական սահմանումը վարակվածների կտրուկ աճի դեպքում
Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնական սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում: Հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Եթե նոր ախտահարվածների թիվը, նույնիսկ չնայած մեր կողմից գործադրվող ջանքերին, սկսի կտրուկ աճել, իրադրության ամենավատթար զարգացման դեպքում կա արտակարգ դրության ռեժիմի կրկնական հայտարարման հնարավորություն»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ Սուգան ընդգծել է, որ ներկայումս նման միջոցների անհրաժեշտություն չկա: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, հասել է 19 481-ի:
Հունիսի 30-ին ամբող երկրում ախտահարման նոր դեպքերի աճը կազմել է 138. դա ամենամեծ ցուցանիշն է մայիսի 4-ից ի վեր: Մահացու վախճանների թիվը կազմում է 985: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 17,2 հազար մարդ: 43 պացիենտ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 10,3 միլիոն մարդ, ավելի քան 505 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: