«Մի հանրային շահը ենթադրում է, որ կորոնավիրուսով հիվանդները պետք է լինեն մեկուսացված, մյուսը, որ ԱԺ-ն պետք է ընդունի այն օրենքները, որոնք հանրության համար կենսական նշանակություն ունեն». Իոաննիսյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխող խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին հարցին, թե ինչպե՞ս են որոշում կոնտակտավորներին, և արդյո՞ք նրանք մեկուսանում են, պատասխանել է, որ այն պատգամավորները, որոնք համարվում են հնարավոր կոնտակտավոր, արդեն կորոնավիրուսի թեստ են հանձնել.
«Օրինակ, տիկին Մակունցը մեր առջև է նստում, նա նույնպես թեստ հանձնել է, և պատասխանը բացասական է: Աստված չանի, եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ՝ մենք՝ լինելով ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է»:
168.am-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց, թե Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը որքանո՞վ է ընդունելի նրա համար. տաքսիստին կարելի է տուգանել, պատգամավորներին չի՞ կարելի:
«Կորոնավիրուսով հիվանդ մարդիկ պետք է լինեն մեկուսացված կամ ինքնամեկուսացված, և դա բխում է հանության շահից, բայց մյուս կողմից՝ նաև կա հանրային շահ, որ օրենսդիր մարմինը գործի և ընդունի այն որոշումները, որոնք որ հանրության շահերից բխում են: Հիմա այդ երկու հանրային շահերի բախումը շատ հնարավոր է, որ առաջիկայում լինի, եթե ԱԺ-ում պատգամավորների շրջանում կորոնավիրուսը է՛լ ավելի տարածվի: Այս առումով մի արձանագրում եմ ուզում անել, որ ոչինչ չի խանգարում օր առաջ, րոպե առաջ կարգավորել և հնարավորություն ընձեռել մեկուսացած պատգամավորներին տնից քվեարկել:
Եվ եթե նման հնարավորություն ստեղծվի, ապա, ի վերջո, այդ երկու հանրային շահերի բախումը տեղի չի ունենա և հնարավոր կլինի ապահովել միաժամանակ այդ երկու հանրային շահերը»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Մեր դիտարկմանը, որ այդուհանդերձ ասվածից կարո՞ղ ենք ենթադրել, որ սովորական քաղաքացու իրավունքի սահմանափակումն ընդունելի է, բայց պատգամավորինը, քանի որ օրենսդիրի ներկայացուցիչ է, ընդունելի չէ, նա արձագանքեց. «Ներեցեք, ես նման բան չեմ ասել»:
Նկատառմանը, թե ստացվում է՝ տաքսիստին քրեական մեղադրանքով տանում են, իսկ պատգամավորներին՝ ոչ, նա պատասխանեց. «Ես չեմ ասել, որ պատգամավորը կարող է ազատ դուրս գալ, եթե հիվանդ է, վարակակիր է, և իր համար զբոսնի: Բայց ես ասում եմ, որ կա երկու հանրային շահ՝ մի հանրային շահը ենթադրում է, որ կորոնավիրուսով հիվանդները պետք է լինեն մեկուսացված, մյուս հանրային շահը ենթադրում է, որ Ազգային ժողովը պետք է ընդունի այն օրենքները, որոնք որ հանրության համար կենսական նշանակություն ունեն: Եվ այդ երկու հանրային շահերը որոշակի առումով կարող են և բախվել, եթե մի կողմից՝ բոլորիս պետք լինի, որ այդ օրենքներն ընդունվեն, մյուս կողմից՝ բոլորիս պետք լինի, որ հիվանդ պատգամավորները տանը նստեն, իսկ առողջ պատգամավորների թիվը չբավարարի օրենքներն ընունելու համար:
Բայց որպեսզի նման իրավիճակ չլինի, որ նստած մտածենք, թե ինչն ենք մենք զոհում՝ անհրաժեշտ օրենք ունենա՞լը, թե՞ հիվանդ պատգամավորի մեկուսանալը, որպեսզի մենք չհասնենք սրան, խորհրդարանը պետք է օր առաջ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարի, և կորոնավիրուսով հիվանդ և մեկուսացած պատգամավորներին հնարավորություն ստեղծի տնից քվեարկել»:
Մեր զրուցակիցը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Ենթադրենք՝ հիվանդ տաքսիստը տանը մեկուսացված է և ենթադրենք՝ հարևանի տանը մարդասպանություն է տեղի ունենում, տաքսիստը իր բնակարանից դուրս է գալիս, գնում է հարևանի տուն՝ կանխելու մարդասպանությունը. Հիմա՝ մի կողմում հանրությանը պետք է, որ կորոնավիրուսով հիվանդ տաքսիստը տնից դուրս չգա, մյուս կողմից, բնականաբար, հանրությանը պետք է, որ մարդասպանություն չլինի: Ամեն մի կոնկրետ իրավիճակում պետք է գնահատել, թե որն է ավելի կարևոր՝ կորոնավիրուսով հիվանդ լինելով տանը նստե՞լը, թե՞ դուրս գալը տնից և մարդասպանություն կանխելը:
Եթե խոսքը օրենսդիրի մասին է՝ասում եմ՝ կախված նրանից, թե ինչ իրավիճակ լինի, քանի պատգամավորի մասին խոսքը լինի, էդ ընդունվելիք օրենքը ինչքանով հրատապ և ինչքանով կարևոր լինի, դրանից կախված էլ պետք է հասկանալ՝ ինչքանով էր հակահամաճարակային կանոնի խախտումը արդարացված:
Բայց ամենակարևորը բանը, որ ուզում եմ ասել, որ քանի դեռ գործը դրան չի հասել, պետք է ներդնել տնից քվեարկության մեխանիզմ գոնե մեկուսացված պատգամավորների համար, ու այլևս այդ հարցը չծագի՝ արդարացվա՞ծ է պատգամավորի տնից դուրս գալը, թե՞ ոչ, թող տնից քվեարկեն»:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լուսանկարի հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:
«Այդ թվում՝ խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ին, ՀՀ վարչապետ Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան-Ararat Mirzoyan-ին և այլոց»,- նշված էր գրառման մեջ: