«Կատարված և կատարվելիք աշխատանքները հնարավորություն կտան պաշտպանական համակարգում տեսնել կին գեներալներ». Արմեն Գրիգորյան
2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ-ում ժողովրդավարացման լայնամասշտաբ գործընթաց է սկսվել, որը վերաբերում է ոչ միայն ընտրական ինստիտուտին, քաղաքացիական հասարակությանը, պառլամենտին, այլև անվտանգության ոլորտին:
«Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» խորագրով վեբինարի ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ ժողովրդավարացման պրոցեսը համապարփակ պետք է լինի:
«Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը բարձրացնելու է ՀՀ-ում անվտանգության մակարդակը: Եվ դա մեզ առավել մեծ հնարավորություններ է տալու անվտանգության կառավարման համակարգն արդյունավետ և հնարավորինս նաև թափանցիկ դարձնելու, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է: Իհարկե, անվտանգության ոլորտում կան ընկալում և մոտեցումներ, թե ինչքանով պիտի լինի այդ թափանցիկությունը՝ հաշվի առնելով ՀՀ անվտանգության յուրահատուկ վիճակը: Այսինքն՝ պիտի լինի թափանցիկության այնպիսի մակարդակ, որը չի վնասի անվտանգության համակարգին»,- հավելեց Գրիգորյանը և տեղեկացրեց, որ շուտով կհրապարակվի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դրանք ինտենսիվ առաջ են գնում, որի հիմքում դարձյալ ժողովրդավարացման և հանրային ծառայության մակարդակն առավել բարձրացնելն է:
«Բարեփոխումների հիմնական իմաստը սա է՝ հնարավորություն տալ ոստիկանությանը, բարեփոխումներ կատարելով՝ բարձրացնել ոստիկանության կարողությունները, ինչպես նաև հանրային ընկալումը ոստիկանության հանդեպ դրական փոփոխությունների ենթարկել»,- շեշտեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ինչ վերաբերում է պաշտպանական ոլորտի՝ բանակի բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը ելակետային համարեց բանակում սննդակարգի մատակարարման կարգի փոփոխությունը: Այսինքն՝ նախկինում ՊՆ-ն էր զբաղվում սննդի մատակարարումով, իսկ հիմա պատվիրվում է այս գործընթացը մասնավոր սեկտորին, ինչն Անվտանգության խորհրդի քարտուղարը համարեց ամենահաջողված բարեփոխումներից մեկը, քանի որ ազդեցություն է ունեցել ՀՀ ԶՈւ կառավարման վրա:
«Հրամանատարները և պատասխանատուներն այլևս չեն զբաղվում սննդի գործով, և նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց հիմնական պարտականությունների վրա, այսինքն՝ պաշտպանության գործի: Բացի այս, մեծ փոփոխություններ են կատարվել սննդի որակի առումով: Համոզված եմ՝ ցանկացած զինվոր, նույնիսկ այն մարդիկ, որոնք ծառայել են նախկինում և հիմա հնարավորություն են ունեցել ինչ-որ ձև փորձելու այդ նոր սնունդը, կփաստեն, որ ահռելի մեծ փոփոխություններ են եղել»,- պնդեց նա:
Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև կանանց ներգրավվածությունը պաշտպանական համակարգում՝ նշելով, որ այս դեպքում անհրաժեշտ է ոչ միայն մշակութային և ընկալումների փոփոխություն, այլ պետք է ինստիտուցիոնալ այնպիսի կարողություններ ստեղծել, որ կանայք շահագրգռված լինեն միանալու ԶՈՒ-ին և ներդրում ունենալ պաշտպանական համակարգում:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ՀՀ ժողովրդագրական խնդիրները ստիպում են մտածել սրա մասին, բայց ոչ միայն դա: Այս հարցը նաև իրենց «հեղափոխության» տրամաբանության հիմքում է եղել՝ ստեղծել մաքսիմալ հավասար հնարավորություններ կանանց և տղամարդկանց համար:
«Կատարված և կատարվելիք աշխատանքները մեզ հնարավորություն կտան պաշտպանական համակարգում ավելի շատ կանայք տեսնել, կին գեներալներ»,- շեշտեց Գրիգորյանը՝ շարունակելով, որ պաշտպանական ոլորտում կրթական ներդրումները պետք է ավելացվեն: