«Էն մարդիկ, ովքեր ցուցադրաբար տուգանվում ու դիմակ չէին կրում, հիմա կորոնավիրուսը տեղավորվում է նրանց շրջանում, թաքուն տեղերում են հոսպիտալացվում». Փաշինյան
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց, որ նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին:
«Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,- ասաց Բաթոյանը:
Նախարարի խոսքով՝ կան նաև բացառություններ, որոնք հիմնականում վերաբերում են բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատներին, ապահովագրական ընկերություններին և այլն:
«Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը, ով 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ, կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագիր է ունեցել, 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր՝ բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել, ովքեր հանդիսացել են կամ հանդիսանում են ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրի շահառու»,- ասաց Բաթոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրն այն մարդկանց աջակցելու համար է, որոնք կորոնավիրուսի ընթացքում կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել կամ չեն վերականգնվել աշխատանքի:
«Մի քանի օր առաջ արձանագրել ենք, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում ավելի քան 70 հազար աշխատատեղ փակվել է, և մայիսին այդ 70 հազար աշխատատեղից 50 հազարը վերականգնվել կամ բացվել է: Արդյունքում՝ 20 հազար քաղաքացի կա, որոնք կորոնավիրուսի շրջանում աշխատանքը կորցրել և նոր աշխատանք չեն գտել»,- ասաց վարաչպետը:
Փաշինյանի խոսքով՝ դեռ ապրիլին արձանագրել են, որ տնտեսությունը գահավիժում է, և այդ է պատճառը, որ վարակի տարածման զրոյական վիճակ չունենալով՝ մեղմացրել են տնտեսական սահմանափակումները:
«Եթե այդ որոշումը չկայացվեր, մենք կունենայինք այս նեգատիվ վիճակագրության գուցե կրկնապատիկը, գուցե մայիսի արդյունքներով էլ արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100 հազար, 150 հազար աշխատատեղ: Շատ կարևորում եմ, որ մենք կարողանանք հանրությունով, բոլորով, պահելով հակահամաճարակային կանոնները, ի վիճակի լինենք չգնալ կրկին այդ համատարած lock down-ի վիճակի: Դա ցույց է տալիս, որ տասնյակ-հազարավոր աշխատատեղեր փակվում են սրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով: Սա նշանակում է նաև, որ պետական եկամուտների հավաքագրման առումով պրոբլեմներն ավելի կխորանան, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք պրոբլեմ ունենալ ամենատարբեր, այդ թվում՝ առողջապահական համակարգի ֆինանսավորման առումով: Այսօր մենք այդ պրոբլեմը չունենք, նկատի ունեմ, որ շատ կարևոր և շատ նուրբ եզրով ենք քայլում, մեզանից յուրաքանչյուրը պետք է սա հաշվի առնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ աջակցությունը տրամադրվելու է անկանխիկ, որպեսզի խուսափեն բանկերի առաջ հերթերից: Ըստ նրա՝ հերթ կանգնելու խնդիրը, չնայած գծանշումների առկայությանը, դեռ լուծված չէ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մեկ այլ՝ տեղեկատվության խնդրին, հիշեցնելով, որ հանվել է սահմանափակումը, ըստ որի՝ կորոնավիրուսի մասին պետք էր միայն պաշտոնական վիճակագրություն տարածել, դրանից հետո սկսեցին ապատեղեկատվություն տարածել:
«Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ցուցադրաբար դիմակներ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում: Ամեն օր այդ հայտնի շրջանակները, որոնք այս լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև այդ շրջանակներում տարածվում է: Ես չեմ կարող բժշկական տվյալներ հրապարակել, բայց այդ մարդիկ տենց ամեն օր… տասնյակ լուրեր, մի մասի մասին հրապարակվում է, մյուս մասը չի ընդունում, հարիր չէ իրենց, չեն ուզում խոստովանեն, որ իրենք վարակվել են, բայց մենք գիտենք, այն մարդիկ, որոնք քարոզ էին անում, որ կորոնավիրուսը չկա, մի մասը հոսպիտալացվել է, մի մասը սպասում է հոսպիտալացման, հես ա կահազանգեն՝ բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք՝ դրա համար, մի մասը գնում է, թաքուն տեղերում է հոսպիտալացվում՝ շրջապատից թաքցնելով, որ իրենք կորոնավիրուսով հիվանդ են»,- աջակցության 22-րդ ծրագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: