«Խեղդվում եք, մի՛ խոսացեք»․ Մարությանը դիմակ չկրելու համար անջատեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը՝ նրան անվանելով «հանցագործ»

Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստի ընթացքում  քաղաքապետ Հայկ Մարությանը  հրահանգեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը, երբ նա փորձեց ելույթ ունենալ առանց դիմակի: Նախքան ամբիոնին մոտենալը՝ Մարությանն ասաց.

«Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ, դիմակը դրած ելույթ ունենաք»:

Ավագանու անդամն ամբիոնին մոտենալուց հետո արձագանքեց.

«Ես դիմակով չեմ կարողանում խոսել»:

Հայկ Մարությանն ասաց, որ այս կերպ նա վտանգում է իրեն շրջապատողների առողջությունը, որոնք համապատասխան դիմակներով չեն նստած: Թեհմինա Վարդանյանը հակադարձեց, որ քաղաքապետը կարող է իրեն համարել հանցագործ, ինչպես մեկ անգամ արդեն արել է:

«Այո, ես համարում եմ Ձեզ հանցագործ, որովհետև եթե Դուք հիմա covid-ի դրական արդյունք ունեք և ասիմպտոմ տանում եք հիվանդությունը,  վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Այստեղ բազմաթիվ մարդիկ են նստած այնպիսի դիմակներով, որը չի պահում covid-ից, կոնկրետ իմ դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից։ Քանի որ աշխատում եք նաև բժշկական ոլորտում, ինչո՞ւ եք վտանգի տակ դնում մարդկանց, ինձ համար զարմանալի է, բուժաշխատող եք, ի վերջո: Նորմա՞լ է ձեզ համար, ժողովուրդ ջան»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ կա պարետի որոշում՝ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, և հորդորեց ավագանու անդամներին օրինակ ծառայել հանրությանը: Վարդանյանն ասաց, որ, եթե կա օրենք, թող այն կիրառեն:

«Ես հասկանում եմ, որ Դուք ամեն անգամ իմ խոսքից առաջ լարվում եք, խոսքի ընթացքում էլ հիստերիկ ծիծաղում եք… օրենքը կիրառեք և տուգանեք, հերիք է»,- ասաց Վարդանյանը:

Մարությանը, միևնույն է, անդրդվելի մնաց, նա կարգադրեց անջատել ընդդիմադիր գործչի խոսափողը:

«Ի՞նչ է նշանակում՝ տուգանել և վերջ: Կներեք, եթե չեք կարողանում  դիմակով խոսել, խեղդվում եք, ուրեմն մի՛ խոսացեք: Խոսափողը անջատեք, ես չեմ թողնելու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ լինի»,- ասաց Մարությանը:

Տեսանյութեր

Լրահոս