Երջանկացրե՞լ է Սահմանադրության փոփոխությունը քաղաքացիներին

Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում: Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս նախագծին պետք է կողմ քվեարկել, որ ունենանք երջանիկ անհատներ:

168.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում:  Մեր հարցումները ցույց տվեցին, որ այս նախագծի ընդունումը այնքան էլ չի երջանկացրել քաղաքացիներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՍԴ բարեփոխումների մասին խոսելիս մշտապես նշում էին, որ սա ժողովրդի պահանջն է, հարցվածներից շատերն անգամ տեղյակ չէին, որ նման որոշում է ընդունվել: Հիշեցնենք նաև, որ իշխանությունը հանրաքվե էր կազմակերպել այս հարցի շուրջ հանրության կարծիքն իմանալու համար, սակայն այն չեղակվեց: Երջանկացրե՞լ է այս նախագիծը հանրությանը, հնարավո՞ր չէր սպասել, որ համավարակն անցներ և հետո հանրաքվե իրականացվեր. այս և մի շարք այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ մեր համաքաղաքացիներից:

«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Դժվար թե ես դրանից երջանիկ լինեմ, ինձ համար որևէ տարբերություն չկա, բայց կարծում եմ, որ, եթե որևէ փոփոխություն անում են, ուրեմն մտածված է, իզուր չի արվում: Նպատակներն էլ, վստահ եմ, բարի են: Ես Վահե Գրիգորյանին եմ տեսնում որպես ՍԴ նախագահ: Ես չեմ կարող ասել՝ արժե՞ր սպասել հանրաքվեի իրականացմանը, թե՞ ոչ, բայց գիտենք, որ covid 19-ը ամբողջ աշխարհը խառնեց իրար, և բոլոր պետություններում շատ-շատ գործեր, ծրագրեր երկրորդական պլան մղվեցին»,- ասաց մասնագիտությամբ դերասան քաղաքացին:

«Ես միայն երջանիկ եմ իմ ընտանիքի հետ: Երկրորդն էլ Սահմանադրական դատարանը թող վերանա, ֆսյո, էդ ձև եմ ուզում, չեմ ուզում մանրամասնել»,- մեզ հետ զրույցում ասաց մի տղամարդ:

«Ոչ մի բան չեմ լսել: Լսել եմ, որ Սահմանադրությունը փոխել են, բայց կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող: Երջանկացնո՞ւմ է ինձ, թե՞ ոչ, դա էլ չեմ կարող ասել»:

«Չեմ հետևել նախագծի քննարկմանը: Սա ինձ ոչ մի բան չի ասում: Պետք է սպասեին համաճարակի ավարտին, ժողովրդի վիճակը մի քիչ լավանար, նոր»,- ասաց մի տղամարդ:

«Ես երկար ժամանակ տելեվիզր չեմ նայել, ժամանակ չունեմ»,- ասաց մի ծաղկավաճառ:

«Երևի իրանց համար լավ ա, էլի: Ի՞նչ իմանամ: Եթե ժողովրդի համար լավ կլինի, թող տենց էլ անեն, իրանց ձեռն ա: Ասում էին, որ հանրաքվե է պետք անել, բայց ժամանակները փոխվում են արդեն… որ հնարավոր լիներ՝ կսպասեին: 30 տարի է՝ ոչ մի բանով չի զբաղվել ՍԴ-ն: Էդքան ընտրություններ եղան, ոչ մի անգամ ժողովրդի կողմից չեղան, փողը բաժանեցին, ընտրվեցին դեպուտատներ, էս 30 տարի է: Ով ասես՝ դատի տվեց, ոչ մեկը չշահեց դատը»,- ասաց քաղաքացին:

«Չեմ նայել, տեղյակ չեմ»:

«Կոնկրետ այս րոպեին չի երջանկացնում, բայց կարծում եմ, որ դա ամենաճիշտ տարբերակն էր: Գտնում եմ, որ ճիշտ էր»,- ասաց մի կին:

Տեսանյութեր

Լրահոս