Տակտիկական այն քայլերը, որոնք արվել են, հրաշալի ուսումնասիրված մեթոդներ են՝ ընդդիմության ուշադրությունը շեղելու. Լարիսա Ալավերդյանը՝ ԱԺ նախագծի մասին

Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է եղել: Արտահերթ նիստի օրակարգում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծն է, որով, հիշեցնենք,  առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը: Նշենք, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա 13:00-ին:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտապան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  ներկայացված նախագիծը դեմ է Սահմանադրության մի քանի հոդվածներին.  «Օրենքը հակասահմանադրական է. անտեսելով Սահմանադրությունը և գործելով Սահմանադրությանը հակառակ՝ այսպիսի դեպքերն  ընդունված է բնութագրել՝ իբրև Սահմանադրական հեղաշրջում:  Սահմանադրության առնվազն հետևյալ՝  96, 111, 168  հոդվածներին դեմ է. ոչ թե հակասում է, այլ ամբողջովին դեմ է»:

Նրա համոզմամբ՝ սույն օրենքը հետագայում  չի գնալու նաև Սահմանադրական դատարան. «Ես մինչև անգամ կռահում եմ՝  ինչպես են բացատրելու, թե որովհետև էնտեղ կա անձնական շահագրգռվածություն, քանի  որ խոսքը դատավորների մասին է»:

Իրավապաշտպանը հավելեց, որ 213-րդ հոդվածը, որը փոփոխվում է, գործառութային առումով ունի առանձնահատկություններ, և հոդվածում նշված 12 տարվա ժամկետը պետք է հաշվարկվի՝ սկսած 2018 թվականից. «Թե չէ ստացվում է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած նորմը հետադարձ ուժ է ստանում»:

Հարցին՝ արդյո՞ք սա իրավական գիտելիքների պակաս է, թե՞  քաղաքական հրամայական, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Մնացածը կարելի է նայել նրանց բացատրությունների մեջ.  Բացատրություններն իրոք զավեշտալի են:

Օրինակ, երբ խոսում են, թե  իրավական հանրության մեջ թեժ վեճեր են գնում, դա ի՞նչ է նշանակում , որ թեժ վեճեր են,  այստեղ բոլորը չէ, որ համաձայն են, բայց այդտեղ դա բերվում է՝ որպես հիմնավորում:

Ի՞նչ է նշանակում՝ Սահմանադրական դատարանն ունի  ամենացածր հեղինակությունը, ո՞վ է  հաշվարկել, ո՞ւր են այդ տվյալները, որտե՞ղ են դրանք գրված:

Եվ մի ծիծաղելի պարբերություն կա, որտեղ ասվում է, թե քանի որ այդ նորմն ընդունվել է և ուժի մեջ է  մտել 2018 թվականին, ապա,  եթե մենք համեմատում ենք նոր ընտրված դատավորների հետ, ապա այստեղ խախտվում է հավասարության սկզբունքը. Կներեք, էլի, էդպես չի կարելի»:

Իրավապաշտպանը,  սակայն, խորը համոզմունք ունի,  որ այս նախաձեռնությունն իրականացնողները հասկանում են, որ  այդ օրենքն իրականում ամբողջովին տապալում է այն սահմանադրականության նորմերը, որոնք գրված են այդ Սահմանադրության մեջ.

«Այսինքն ՝ փոխարենը երկու տարիների ընթացքում փոխեին Սահմանադրությունը և հետագայում անեին իրենց համար անհրաժեշտ փոփոխությունները (այսինքն՝  Սահմանադրության արմատական փոփոխությունները պետք է տեղի ունենային հանրաքվեով),  փաստորեն դեռ ուժի մեջ գտնվող Սահմանադրությանը հակադրվելով` բերում են այս օրենքը:

Ես համոզված եմ, որ ցանկացած իրավաբան դա կարող է իրոք  բնութագրել՝ որպես Սահմանադրական հեղաշրջում»:

Ըստ նրա՝ սահմանադրականությանը հակասող և հակադրվող այս օրենքը  կընդունվի. «Ես համոզված եմ, որ տակտիկական այն քայլերը, որոնք արվել են, այն է՝ կարծես թե Վերաքննիչի որոշումը  Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, Առաջին ատյանի որոշումը՝  Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, այդ բոլորը հրաշալի  ուսումնասիրված մեթոդներ են՝ ընդդիմության  ուշադրությունը շեղել այդ հարցերի վրա՝ կարծես փոքր հաղթանակներ գրանցելով:

Իրականում այս բոլորն արված է մեկ բանի համար,  որ ամբողջովին հակադրվելով Սահմանադրությանը և դրանով իսկ կորցնելով իշխանությունների լեգիտիմության կարևորագույն տարրը՝ այն է՝ այն իշխանություններն են լեգիտիմ, որոնք եկել են ժողովրդի ընտրությամբ, որոնք և  ենթարկվում են, հարգում, և պաշտպանում են այն օրենսդրությունն ու Սահմանադրությունը, որը դեռ ուժի մեջ է: Եվ այստեղ ամեն անգամ իշխող խմբի ներկայացուցիչները, երբ ասում են՝ իրենք լեգիտիմ են, ժողովուրդն իրենց ձայն է տվել,  խոսում է իրենց անգրագիտության մասին, քանի որ լեգիտիմությունը միայն մեկ տարրից չի բաղկացած,  այլ բնութագրվում է կարևորագույն սկզբունքով՝  իշխանության եկած քաղաքական ուժերը պարտավոր են իրենք հարգել, պահպանել ու պաշտպանել գործող օրենսդրությունը՝ Սահմանադրությունից սկսած: Քանի որ դա էդպես չէ, ապա իշխանությունն այս առումով ամբողջովին կկորցնի իր լեգիտիմությունը»:

Տեսանյութեր

Լրահոս