Գինի լից

Ռուսաստանը գինեգործությունը կարգավորող իր օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵԱՏՄ տեխնիկական պահանջներին: Դրան գումարած՝ հայտարարում է, որ եկող տարվա ընթացքում իր տարածքում թույլատրելու է վաճառել միայն ԵՄ չափանիշերին բավարարող գինի:

Նախ՝ հասկանալի է, որ Ղրիմի միացումից հետո Ռուսաստանում սկսեցին մեծ ուշադրություն դարձնել Ղրիմում ու Կրանոդարի երկրամասում խաղողի մշակմանը: Այն հիմա սեփական գինեգործության համար որակյալ հումք կարող է մատակարարել: Հետևաբար` ՌԴ իշխանությունները նպատակ ունեն օրենսդրորեն պաշտպանել ներքին շուկան և հնարավորինս աջակցել սեփական արտադրողին: Ռուսաստանում խոստանում են օրենսդրորեն սահմանել «պաշտպանված աշխարհագրական նշումով գինի» ապրանքատեսակը: Այսինքն` վաճառքի հանվող տեղական ու ներմուծված գինին հստակ գոտիականություն չափանիշի պիտի բավարարի (այսինքն` հայտնի պիտի լինի, թե որ աշխարհագրական գոտում աճեցված խաղողի գինի է շշալցված):

Հասկանալի է, որ սեփական արտադրողին պաշտպանելու համար ՌԴ իշխանությունները հնարավորինս կփորձեն արգելել վատորակ գինիների մուտքը: Եվ դա որոշակի հետևանքներ կունենա: ՌԴ սանիտարական ծառայությունները 2006թ. արգելեցին վրացական գինիների վաճառքը: 2005թ. վրաց արտահանումների ծավալը մոտ 100 մլն դոլար էր: Մինչ այդ մեր երկրից արտահանվում էր մինչև 1 մլն դոլար արժեքի գինի (hենց 2006թ. արտահանման ծավալը 957.000 դոլար էր): Հաջորդ տարիներին արտահանումների ծավալը 2-3 անգամ աճեց: Մեր գինիներին ավելին անել չհաջողվեց: Ռուս-վրացական «գինովցած» պատերազմն ավարտվեց 2013 թ.: Հենց 2013-14թթ. վրաց արտադրողներին հաջողվեց վերականգնել վաճառքի ծավալները Ռուսաստանում: Իսկ մեր արտահանումների ծավալն այդ տարիներին հետևյալն էր՝ 2013թ.՝ 4.257 մլն դոլար, 2014թ.՝ 6.321 մլն: Սա մեր արտահանումների ծավալն է: Այս արժեքից ՌԴ արտահանումների մասնաբաժինը մոտ 80 տոկոսի չափ է: Թե՛ մեր, թե՛ վրաց գինու արտահանումների մոտ 80 տոկոս սպառման շուկան Ռուսաստանն է:

Ուստի ՌԴ օրենսդրական կարգավորումներին լրջորեն պետք է հետևել: 2019թ․ մեր խաղողի գինու արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցեց 11 մլն դոլարը (պաշտոնական արտահանումը կազմել է 11 մլն 835 հազար դոլար): Բայց 2019-ը վրաց գինեգործների համար ևս ռեկորդային էր, արտահանման ծավալն ամենևին էլ համադրելի չի մեր թվերի հետ՝ մոտ 240 մլն դոլար: Վրացական արտահանման ամենամեծ ծավալը՝ 53 մլն շիշ, «ուղևորվել» է ՌԴ, երկրորդ տեղում Ուկրաինան է (10 մլն շիշ), երրորդում՝ Չինաստանը (7 մլն շիշ): Գինեգործությունը վրաց տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունի: Հետևաբար՝ այստեղ լուրջ ու մանրամասն տվյալներ կան: Օրինակ, այն, որ արտահանումների ծավալը ֆիզիկական իմաստով 2019-ին աճել է 9 տոկոսով: Իսկ ֆինանսական աճը կազմել է 17 տոկոս: Այսինքն՝ արտահանվող վրացական գինին ավելի թանկ է իրացվել (կամ արտահանումների մեջ մեծացել է թանկարժեք գինիների մասնաբաժինը): Բայց 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանումները դեպի Ռուսաստան կրճատվել են 13 տոկոսով: ԵԱՏՄ անդամ մյուս երկիր՝ Ղազախստան, վրաց գինիների արտահանումը կրճատվել է 21 տոկոսով: Անցած տարի սեպտեմբերին ամերիկյան գինեգործական մի կազմակերպության տվյալներով՝ մենք 51-րդ գինի արտադրող երկիրն էինք:

Այս փաստով շատ էին ոգևորվել: Հատկապես, որ արտադրության ու իրացման ծավալներով գերազանցել էինք Ադրբեջանին (որ, կարծեմ, 55-րդն էր): Բայց մի քիչ սրտնեղած էինք (Վրաստանը, եթե հիշողությունս չի դավաճանում, 17-րդն էր): Հիմա կրկին մեր գինեգործության համար հնարավորություն է ստեղծվում: Փորձել ԵԱՏՄ անդամ երկրների շուկայում (ու առաջին հերթին՝ Ռուսաստանում) հնարավորինս զբաղեցնել այն «տարածքը», որ ազատում են վրաց գինեգործները:

Նրանք կրկին թեքվել են դեպի Արևելաեվրոպական շուկաներ: Նախորդ հնարավորության դեպքում (2006-2013թթ․) ոլորտը պետական աջակցության չարժանացավ (խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ): Հետևենք, չնայած դժվար է հասկանալ, թե իշխանությունները երբ ժամանակ կգտնեն տնտեսության իրական ոլորտներով զբաղվելու համար: Մյուս կողմից՝ գուցե ավելի լավ է՝ ժամանակ չգտնեն: Գուցե այս ոլորտն իր ուժերով հաջողի իր խնդիրները լուծել: Ո՞վ իմանա:

Տեսանյութեր

Լրահոս