Տեսնում ենք, որ բավական տևական ժամանակ է՝ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների միջև չկա ուղիղ շփում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով, որ չի մասնակցելու հունիսի 24-ին Մոսկվայում նախատեսված միջոցառմանը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին:
«Հարգելի պարոն նախագահ,
Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև: Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:
Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:
Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»,- գրված էր վարչապետի նամակում:
Հասարակական ու քաղաքական շրջանակներում այցի չեղարկումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ, և որպես հավանական պատճառներ՝ սկսեցին շրջանառվել միջպետական խնդիրները, ներքաղաքական իրավիճակը և նույնիսկ Կրեմլի պահանջը, թե Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ պետք է հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման և արագ առողջացման հետ:
168.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ չեղարկված այցը միջպետական հարաբերություններում առկա խնդիրների հետևա՞նք է, թե՞ ներքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս վարչապետին մեկնել։ Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց.
«Ամեն ինչ հուշում է այն մասին, որ խնդիրն այնուամենայնիվ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ է: Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակում կան որոշակի ակնարկներ այն մասին, որ երկու երկրների ղեկավարների աշխատակազմերը լուրջ քննարկումներ են ունեցել իր մասնակցության խնդրի հետ կապված, և նաև մամուլում կա տեղեկություն այն մասին, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծել՝ ամենայն հավանականությամբ, չցանկանալով տեսնել Փաշինյանին հունիսի 24-ին կայանալիք շքերթի ժամանակ»:
Նրա ստացած տպավորությամբ՝ ամբողջ տեղեկատվության բովանդակային մասը թույլ է տալիս կարծել՝ խնդիր կա երկու երկրների հարաբերություններում, որը դեռևս քննարկման կարիք ունի:
Հարցին, թե ինչպես կանդրադառնան այս հարաբերությունները միջպետական համատեղ օրակարգերի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ապագայում: Մենք տեսնում ենք, որ արդեն բավական տևական ժամանակ է՝ չկա ուղիղ շփում Հայաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Անգամ շնորհավորանքների ժամանակ Ռուսաստանի նախագահը շրջանցեց կամ չշնորհավորեց մայիսի 9-ի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին:
Ես կարծում եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք մեզ համար կարևոր են, այս պահի դրությամբ, ըստ էության, օդում են մնացել. սկսած գազի գնից՝ լուծումներ չկան: Այսինքն՝ այս տեսակետից հնարավոր վնասների մինիմումն այդ խնդիրների լուծված չմնալն է՝ ձգձգումը ռուսական կողմից, իսկ ավելի վատ սցենարը կարող է լինել նոր խնդիրների առաջացումը՝ամեն տարբեր բնագավառներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգային հիմնախնդիրներով: Ես, իհարկե, հուսով եմ, որ հարցը դրան չի հասնի, որովհետև, ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է և բավական մեծ դերակատարում ունի մեր երկրի բոլոր ուղղություններով զարգացման հարցերում. հուսով եմ, որ Երևանին, այնուամենայնիվ, կհաջողվի լուծումներ գտնել»: