Ի՞նչ կորոշի Ֆատին
«Բարսելոնայի» հարձակվողական կիսապաշտպան Անսումանե Ֆատին առաջարկներ չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով խաղացողի շրջապատին։
17-ամյա ֆուտբոլիստը չի մտածում հեռանալու մասին և ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:
Ավելի վաղ, ինչպես հաղորդվում էր The Times-ում, «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆատիին առաջարկել էր 150 միլիոն եվրո: Mundo Deportivo-ն գրում է, որ «Բարսան» ոչինչ չգիտի այս առաջարկի մասին, բայց հաշվի չի առնի այն, նույնիսկ, եթե ստանա։
«Բարսելոնան» արդեն ծրագրում է ակումբում 17-ամյա խաղացողի ապագան:
Ըստ Mundo Deportivo-ի, երբ աստղը դառնա գլխավորներից մեկն առաջին թիմում, կատալոնացիները մտադիր են ևս երեք տարի ավելացնել նրա ներկայիս պայմանագրում:
Բացի այդ, Անսուի հրաժարագինը կավելացվի 170 միլիոն եվրոյից մինչև 400 միլիոն եվրո:
«Բարսելոնայի» ղեկավարությունը Ֆատիին տեսնում է թիմի ապագա պլաններում առաջիկա տասնհինգ տարվա ընթացքում։
Ֆատին այս մրցաշրջանում խաղում է կատալոնացիների հիմնական թիմում: Իսպանիայի առաջնության 17 խաղում նա դարձել է 5 գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան