Ինձ թվում է՝ սա նաև քաղաքացու շահերից է բխում․Փաստաբանը՝ դրսում պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենալու մասին
Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հունիսի 17-ից պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի կրումը։
«Պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մենք երեկ ասացինք, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը, և այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ: Որոշումն այն մասին է, որ վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է»,- ավելի վաղ նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել էր, որ այս որոշումը կայացվել է, քանի որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, և քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, գործընթացի էֆեկտիվությունը տուժում է:
Քաղաքացիներից ոմանք, սակայն, այս որոշումն անհեթեթություն համարեցին։ Մեկը հարցրեց, թե այս շոգին ինչպե՞ս է անձնագիրը գրպանում պահելու, մյուսը, թե՝ զբոսնելիս ինչո՞ւ պետք է անձնագիր վերցնենք, և այլն։
Փաստաբան Նորայր Նորիկյանի փաստմամբ՝ քաղաքակիրթ երկրներում անձնագիրը միշտ մարդու մոտ է։
«Նույնականացման քարտը միշտ ինձ մոտ է՝ լինի արտակարգ դրություն, կորոնավիրուս, թե այլ բան։ Դա այնքան կարևոր դետալ է, որ ցանկացած պահի կարող է քեզ պետք գալ։ Խորհուրդ կտամ միշտ անձնագիրը մոտներն ունենան։ Հնարավոր է՝ մի դեպք լինի, վայրկենական կարողանում են ճանաչել մարդուն, կապի դուրս գալ։ Հիմա ի՞նչ խնդիր կա․անձին բերման չենթարկելու համար վարչական իրավախախտման ակտը տեղում են արձանագրում։ Ինձ թվում է՝ սա նաև քաղաքացու շահերից է բխում։ Բա, եթե մարդու մոտ անձնագիր չլինի՝ մինչև բերման ենթարկեն, հետո անձնագիրը բերեն, իր ժամանակից է գնում։ Ամեն դեպքում, անկախ որևէ իրավիճակից, ՀՀ քաղաքացիներին հորդորում եմ իրենց մոտ պահել անձը հաստատող փաստաթղթերը՝ լինի անձնագիր թե նույնականացման քարտ, որպեսզի ցանկացած իրավիճակում հնարավոր լինի անձի նույնականացման հետ կապված խնդիրները կարգավորել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ինչ-որ չափով պայմանավորված է նաև քաղաքացիների իրավագիտակցության մակարդակով, բայց հեռու է այն մտքից, որ վարչարարություն չիրականացնելը կամ արտակարգ դրության որոշմամբ պայմանավորված սահմանափակումների կիրառման չիրականացումը պետք է արդարացվի քաղաքացիների իրավագիտակցության բացակայությամբ, կամ ապավինել միայն քաղաքացիների իրավագիտակցությանը։
«Լավ է, վատ է, սա է մեր հասարակությունը․եթե չի լսում խնդրանքները, հորդորներն ու առաջարկները, հետևաբար՝ պետք է ինստիտուտն իր բոլոր գործիքակազմերով, այդ թվում՝ վարչարարության իրականացմամբ ապահովի՝ նաև ելնելով բնակչության առողջության անվտանգության պահպանման տեսանկյունից։ Քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու առումով, կարծում եմ՝ պետությունը լուրջ անելիք ունի»,– ասաց Նորիկյանը։