«Մեր երկրում ֆենոմենալ երևույթներ կան, ինչքան թափանցիկ ենք, էնքան անընդհատ ասում են՝ ինչի թափանցիկ չեք». Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հենց կառավարման թափանցիկությանն էր առնչվում։ Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը նախ թվարկեց վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններն ու նոր նշանակումները՝ ՊԵԿ նախագահ, Ոստիկանապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, ապա նշելով, որ չի հիշում նման դեպք, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ միաժամանակյա փոփոխության ենթարկվեն ուժայինների ղեկավարները: Հետո ընդհանրացնելով հարցրեց, թե որքանով է վարչապետը թափանցիկ համարում կադրային նշանակումների կամ պաշտոնանկումների վերաբերյալ որոշումները, դրանց հիմնավորումները, արդյո՞ք դրանք չպետք է լինեն հասկանալի հանրության համար, որպեսզի տարատեսակ մեկնաբանություններից խուսափենք։
«Առհասարակ դրանից ելնելով՝ անհրաժեշտ չե՞ք համարում, որ նմանատիպ առանցքային դերակատարների փոփոխությունների դեպքում հիմնավորումների մասով որոշակի թափանցիկություն ապահովվի»,- որոշակիացրեց հարցը Արկադի Խաչատրյանը:
«Մեր երկրում ֆենոմենալ երևույթներ կան, ինչքան թափանցիկ ենք, էնքան անընդհատ ասում են՝ ինչի թափանցիկ չեք։ Կորոնավիրուսը ձեզ օրինակ, առաջին օրից պարտավորվել ենք, որ մենք քաղաքացիների համար որևէ ինֆորմացիա չենք թաքցնելու, բայց այսքան խոսակցություն, որ թվերը մանիպուլյացնում են, այս են անում, այն են անում: Անկեղծորեն ասում եմ, եթե մենք թվերը փոխենք, նոր նստած ասում էի, կարող է՝ վաղվանից գրենք 30, 15, 9, 7, 0 և վերջ՝ վերջացավ: Այս ամենին ձեր հարցի համատեքստում եմ անդրադառնում, որովհետև այդ իրադարձություններից հետո, հաջորդ օրը ճեպազրույցի ժամանակ, ես այդ հարցին պատասխանել եմ թափանցիկ ձևով, որ այդ հարցը կապված է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կորոնավիրուսային պայմանների պահանջները չկատարելու կամ չվերահսկելու հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորին, սակայն, հետաքրքրում էր՝ կադրային քաղաքականության հիմնարար սկզբունքները որո՞նք են, արձագանքից հետո վարչապետը, իհարկե, սկզբունքները չներկայացրեց, բայց հերթով թվարկեց, թե վերջերս նշանակված պաշտոնյաներից ով ինչ արժանիք է ունեցել։ Դրանից հետո սահուն անցում կատարեց կրթական համակարգին, որ այսօր այդ համակարգը ավերակ է, որ այսօր քննադատողները չեն տիրապետում խնդիրների խորությանը։ Ցավոք, հարցին պատասխանելու ժամանակը սպառվեց այն ժամանակ, երբ վարչապետը դեռ չէր ավարտել ասելիքը։
«Դուք արդեն արձագանքե՞լ եք, ափսոս»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում