«Առաջիկայում շատ ավելի լայն համախմբման ականատես կլինեք». Արծվիկ Մինասյան
Օրենքի կոպտագույն խախտում է, երբ անձին՝ լինի լրագրող, սպորտսմեն թե շարքային քաղաքացի, հավաքի ժամանակ հենց այնպես բռնում ու տանում են: Այսինքն՝ պահանջում են, որ նրանք ցրվեն, մինչդեռ դրա համար որևէ իրավական հիմք չկա: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե պատճառաբանում են, որ արտակարգ դրություն է, դաշնակցական գործիչն ասաց, որ դա որևէ կապ չունի, արտակարգ դրությունը չի բացառում այդ իրավունքի իրացումը, հատկապես, երբ արտակարգ դրության հիմքում ընկած կանոնները պահպանվում են:
«Անտրամաբանական վարքագիծ է սա, և այդ վարքագիծը հիմնականում չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր և մանկական երազանքներն իրականացնել՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով: Անբացատրելի և անտրամաբանական էր, երբ տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ, ով ՀՀ-ն ներկայացրել է պատվով, ինչ-որ ձևական բանի համար ձեռքերը ոլորեցին և պառկեցրին ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսևորում է: Եթե հասարակությունը չմիավորվի՝ բացառելու սահմանափակելու, պատժելու այս գործողությունները, մենք շուտով կունենանք մի իրավիճակ, երբ անգամ տան մեջ ընտանիքիդ անդամի հետ խոսելը կամ ընկերոջդ հետ հարցի քննարկումը կդատապարտվի ամենախիստ ձևով: Սա տանում է հասարակության իրավունքների ոչնչացման»,- նշեց Մինասյանը:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համարել է, այսպես ասած, «հայկական Իվանիշվիլի», և խոսել բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին, հիմա որքանո՞վ էր 2018-ի Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» բուրժուադեմոկրատական, դաշնակցական գործիչն արձագանքեց.
«Ծիծաղելի կլինի նման ձևակերպում տալը․ եթե ինչ-որ անվանում պիտի լինի, ապա պիտի ասել՝ դա հետադիմական իշխանափոխություն էր, անգամ «հեղափոխություն» բառը չեմ ուզում օգտագործել: Հետադիմական իշխանափոխություն էր, որտեղ տիրում է մարդու ստորին բնազդի՝ իշխանություն հաստատելու մոլուցքը: Սա անհնար է նույնիսկ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անվանելը, առավելևս, որ բուրժուադեմոկրատականի դեպքում տակն իմաստ կա: Իհարկե, դա հակադրում է սոցիալիստական հեղափոխությանը, բայց նույնիսկ կրկնում եմ՝ դրա տակ իմաստ կա, բայց որևէ ձևով այդ իմաստն այս իշխանափոխության և դրան հաջորդած ժամանակահատվածի մասով չի կարելի ասել»։
Իսկ թե ԲՀԿ-ից կամ դրա առաջնորդից հետո ո՞վ է լինելու հաջորդ խոշոր սեփականատերը, որ կհայտնվի իշխանությունների գործողությունների թիրախում, Արծվիկ Մինասյանը նախ ասաց, որ ցանկացած մեկը կարող է լինել բռնաճնշման թիրախ, ինչի ականատեսը երեկ եղանք՝ լրագրողների հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա, ըստ Մինասյանի, այն անձինք, ովքեր որոշակի սպառնալիք են ներկայացնում այսօրվա իշխանության փոքր ցանկությունների իրականացման համար, նրանք բոլորը թիրախում են:
«Իրենք սկսել են քաղաքական ուժերից: Քաղաքական ուժերի նկատմամբ արշավը, իմ խորին համոզմամբ, շարունակվելու է՝ հակաքաղաքական կեցվածքով, պիտակավորումներով, վիրավորանքներ հասցնելով, հասարակությանը թշնամացնելով մեկը մյուսի հետ, քաղաքական ուժերի և հասարակության անդամների միջև սեպ խրելով»,- ընդգծեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ և՛ իրավապաշտպան հանրության, և՛ լրագրողների, և՛ առհասարակ բոլորի նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվելու:
Հակադարձմանը, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասվում է, թե պայքարում են օլիգարխիայի դեմ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ դեպքում իշխանությունները պետք է հրապարակեն բոլոր օլիգարխների անունները և ասեն, թե ինչ սխեմաներով են պայքարում:
«Ապօրինի ձևով, հակասահմանադրական ճանապարհով պայքարն անընդունելի է: Մենք անձի պաշտպանության խնդիր չունենք, մենք երևույթը դատապարտելու և այն արմատախիլ անելու խնդիր ունենք: Երեկ ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի հայտարարության մեխը՝ ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», հենց սա էր: ԲՀԿ-ն ևս ողջունեց և միացավ կոչին, ինչպես նաև այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ»,- լրացրեց Մինասյանը՝ վստահեցնելով, որ իրենց նպատակն է՝ ձևավորել այն համընդհանուր միջավայրն ու համագործակցությունը, որն անհրաժեշտ դիմադրողականություն կապահովի և դիմադրություն ցույց կտա իշխանության հակապետական, հակասահմանադրական, հակաքաղաքական վարքագծին:
Հարցին, թե որքանո՞վ այսօր կա այդ հակակշիռ ուժը, Մինասյանը պատասխանեց, որ փորձում են հասնել սրան, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:
«Առաջիկայում շատ ավելի լայն համախմբման ականատես կլինեք»,- վստահեցրեց նա:
Արդյո՞ք հնարավոր է իշխանափոխություն մոտ ապագայում. քաղաքական գործիչն ասաց, որ երբ վերը նշված համագործակցության շրջանակում կներկայացվեն գործողության ծրագրերն ու պլանները, այնտեղ կտեսնենք բոլոր հարցերի պատասխանները:
Իսկ հարցին, թե մի օր Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ դուրս կբերվե՞ն, երբ այլևս իշխանություն չլինի, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որը շարժվում է ոչ թե կոմպրոմատներով, այլ՝ թե մարդը որքանով է քաղաքական, պատասխանատու: Ես մի քանի դրվագ եմ տեսել, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, թե ինչու իրենց չի հաջողվել ստեղծել անկախ դատական համակարգ՝ շարունակելով՝ որովհետև իրենք ցանկանում են անկախ դատական համակարգ ստեղծել: Այսինքն՝ ստացվում է՝ ձախողման պատճառն իր ցանկությունն է: Հակափաստարկման մեկ այլ օրինակ, երբ ինքը հարցնում է՝ պարոն Մարուքյան, դուք հարցնում եք, թե կա՞ սոցիալական կոլապս երկրում, թե՞ չկա, և պատասխանում՝ իհարկե չկա, այլապես մենք այդ մասին կխոսեինք: Սրանք բաներ են, որոնք ցույց են տալիս քո քաղաքական իշխանության փաստարկման, հակափաստարկման, ծրագրերի ողջախոհությունը, պատկերացումը: Չեմ ուզում անձի պիտակավորել, բայց երբ վերլուծում ես և նայում, թե այդ մարդն ինչ է խոսում և անում, բազմաթիվ իրար հակադրվող, և նույնիսկ՝ անլրջության աստիճանի բաներ կարող ես փաստել: Հետևաբար՝ այդպիսի իշխանության հետ շարունակել ապագան, կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է չընդունի»:
Հակադարձմանը՝ այսինքն Դուք էլ եք պահանջում, մեծ հաշվով, Փաշինյանի հրաժարականը, Արծվիկ Մինասյանը կրկնեց՝ երբ հրապարակվի վերևում նշված քաղաքական համագործակցության գործողությունների ծրագիրը, այնտեղ հստակ կնկարագրվի, թե որն է ելքն այս իրավիճակից՝ տնտեսական, քաղաքական, առհասարակ երկրի ճգնաժամային վիճակից: