Եթե ԶԼՄ-ները կանխատեսում են` բռնության հավանականություն կա, պետք է խուսափեն լրագրողներին ուղարկել նման վայրեր. Նավասարդյան

«Լրատվամիջոցների ղեկավարները պետք է խուսափեն, առանց ակնհայտ անհրաժեշտության, իրենց լրագրողներին ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ այդ կարգի վտանգավոր կուտակումներ կարող են լինել, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԱԱԾ-ի դիմաց լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը։

Ըստ նրա՝ եթե լրատվամիջոցների ղեկավարները կանխատեսում են, որ նմանատիպ իրավիճակների՝ կուտակումների և բռնության կիրառման հավանականություն կա, մանավանդ, որ երեկ լրագրողները նոր տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու ակնկալիք այնտեղ գտնվելով դժվար թե ստանային, որովհետև ԲՀԿ պատգամավորներն իրենք են շահագրգռված, որպեսզի ինֆորմացիան հնարավորինս շատ տարածվի լրատվամիջոցներով, ապա նրանք պետք է խուսափեն իրենց լրագրողներին ուղարկելու կուտակումների վայրեր։

Հակառակ դեպքում, եթե լրագրողների մոտ վիրուսի վարակման բռնկում լինի, պատասխանատվության մի զգալի բաժին ընկնում է հենց իրենց՝ լրատվամիջոցների ղեկավարների ուսերին»։

Շարունակելով վերլուծել երեկ տեղի ունեցածը, մամուլի ակումբի ղեկավարը նկատում է՝ իհարկե տեղի ունեցածի հիմնական մեղավորության բաժինը իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն է և նրանց տրված ոչ պրոֆեսիոնալ հրահանգները.

«Պրոֆեսիոնալիզմի բացակայությունն էր, որ հնարավորություն չտվեց կանխարգելել այդ իրավիճակը։ Մարդկանց այդ քանակի կուտակումները վտանգ են ներկայացնում հենց իրենց՝ ոստիկանների, նաև շրջապատող այլ անձանց առողջության համար, հետևաբար, ոստիկանները պետք է նախապես մշակած գործողությունների հաջորդականություն ունենային, այդպիսի կուտակումներ թույլ չտալու և այդ կարգի ուժի կիրառման անհրաժեշտությունը բացառելու համար»։

Այն նկատառմանը, թե լրագրողների նկատմամաբ բռնության կիրառումը սկսվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդն արդեն իսկ պատրաստվում էր լքել տարածքը, Բորիս Նավասարդյանը պատասխանում է.

«Չեմ կարծում թե այդ գործողությունները հատուկ լրագրողների դեմ էին ուղղված։ Գագիկ Ծառուկյանի մեկնելու պահին էր, որ տեղի ունեցավ մարդկանց խանդավառությունը և եղան այն գործողությունները, որոնք հավաքվածների միջև այնպիսի շփումների հանգեցրին, որոնք առավել վտանգավոր էին ոստիկանների և հենց իրենց համար։ Պարզապես, ոստիկանների պրոֆեսիոնալիզի բացակայության պատճառով տուժեցին նաև լրագրողները, ինչն անընդունելի է, և գտնում եմ, որ պատկան մարմինների կողմից պետք է ծառայողական հետաքննություն իրկանացվի՝ պարզելու համար, թե ո՞ր սխալի արդյունքում է այդպիսի իրավիճակ ստեղծվել, իսկ մեղավորները պատասխանատվության պիտի ենթարկվեն»։

Տեսանյութեր

Լրահոս