«Ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում… Դա իմ բրենդն է, որ ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ». Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության հարցով դատական նիստը:

Դատական նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի և երաշխավոր 4 վարչապետների՝ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջև եղած աշխատանքային ու անձնական հարաբերությունների պատմությունը:

Իր ու վարչապետների աշխատանքային ու անձնական հարաբերությունների մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Հարգելի դատարան, լսել եք, որ տասնամյակների հարաբերություններ են ձևավորված, և այդ հարաբերությունները պահպանվել են մինչև վերջին կալանքը: Խորը հարգանք ունեմ այդ մարդկանց նկատմամբ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, թե որքանո՞վ այդ անձանց երաշխավորությունը կազդի պատշաճ վարքագիծ դրսևորելու իր պարտավորության վրա:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռ է ամբողջ կյանքիդ համար, որովհետև ամեն մի քայլ անելիս մտածում ես՝ ինչպես կընկալվի, որովհետև հասկանում ես, որ մշտապես հանրության խոշորացույցի տակ ես գտնվում, և սա լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում յուրաքանչյուր մարդու մոտ, ով այս կարգի բարձր պաշտոններ է զբաղեցնում:

«Ինձ համար մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով ՀՀ նախագահը, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ, և ինչպիսին կլինի դրան հանրության արձագանքը: Սրան նյութական գնահատական տալ ուղղակի հնարավոր չէ: Կցանկանայի սա Ձեր ուշումների մեջ հետագայում ուղղակի հաշվի առնել: Կարծում եմ նաև՝ իմ և կողմնակիցների կողմից և մարդկանց կողմից, որոնք ինձ չեն ընդունում, կա ձևավորված կարծիք, որ բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ՝ ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում… Դա իմ բրենդն է, որ ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ սա իր համար չափազանց կարևոր բրենդ է, և որևէ բան, որ կարող է կասկածներ առաջացնել սրա նկատմամբ, ուղղակի բացառված է:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաև, որ իր համար ուղղակի տհաճ է, որ հիմա ստիպված է դատարանում բացատրել այս հանգամանքի կարևորությունը՝ օգտագործելով ինչ-որ բառեր:

«Ես 14 տարեկան չեմ, ես 66 տարեկան եմ, և այս տարիքում մարդը չի փոխվում: Ես 1988 թվականից որևէ մեկի առիթ չեմ տվել մտածել, որ ես կարող եմ իմ խոսքի տերը չլինել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Դատավոր Նիկողոսյանը Ռոբերտ Քոչարյանից նրան հարցեր ուղղելու թույլտվություն խնդրեց՝ հորդորելով, որ, եթե անգամ հարցերը սուր վեկտոր ունենան, դրանք չընկալել՝ որպես վիրավորանք, որովհետև այդ հարցերը միտում ունեն սոսկ օգնել արդար դատաքննությանը:

Ստանալով նախագահի համաձայնությունը՝ դատավորը նրան հարցրեց, թե իր 2 պետությունների ղեկին 20-ամյա պաշտոնավարության ընթացքում կարո՞ղ էր լինել որևէ մեկը, ով չէր լսի իրեն, և ինչպե՞ս ինքը կվերաբերվեր այդ երևույթներին:

«Ես կարծում եմ, որոշակի թյուրըմբռնում կա իմ էության վերաբերյալ ընդհանրապես»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ըստ նրա՝ իր պաշտոնավարման ընթացքում աշխատանքային քննարկումների ընթացքում եղել են մարդիկ, ովքեր իր հետ անհամաձայնություն են ունեցել ու վիճել են անգամ այս կամ այն հարցի շուրջ:

«Եվ ամենամեծ հարգանքը ես ունենում էի հենց այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կարող էին կարծիք ասել, չհամաձայնել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ մարդն իր անունը, իր նկատմամբ վերաբերմունքը, քարը քարին դնելով, ամբողջ կյանքում է կառուցում:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր համար վիրավորական է, երբ դատախազությունն իր պաշտոնի հանգամանքը նշում է՝ որպես մարդկանց ճնշելու գործիք:

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս