Բաժիններ՝

Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ենթարկվածների բաժինն ավելի քան կրկնապատկվել է

Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,1%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։

Իսկ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի 0,5%-ն է բախվել իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Վրաստանի օգտատերերի 0,6%-ը և Ադրբեջանի օգտատերերի 0,7%-ը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 249 748 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝  243 604-ի։

Փորձագետները նշում են, որ կիբեռահանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։

Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը  100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։ 

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս