Թվեր նկարելով տնտեսությունը չենք փրկի
Այլևս պարզ է, որ համավարակի հետևանքով տնտեսության ամենատուժած ճյուղերից մեկը լինելու է զբոսաշրջությունը։ Այնպես չէ, որ միայն Հայաստանի դեպքում է այդպես։ Զբոսաշրջությունը տուժում է ամբողջ աշխարհում։
Բնականաբար, բացառություն չի կարող լինել նաև Հայաստանը։ Այլ հարց է նվազման ծավալը։
Զբոսաշրջության ծավալների նվազման վերաբերյալ տվյալները խիստ տարբեր են։ Տարբեր գերատեսչություններ տարբեր թվեր են հայտարարում։
Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարը ժամանակին խոսում էր առաջին եռամսյակում այցելությունների թվի գրեթե կիսով չափ կրճատման մասին։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունն ընդամենը 15 տոկոս անկում է գրանցել։
Ճիշտ է, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նվազում կա, բայց անհամեմատ ավելի քիչ է։
Թվերն էապես տարբեր են։ Եթե դրանք գոնե մոտ լինեին, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Բայց տարբերությունը շատ մեծ է։ Տպավորությունն այն է, որ ինչ-որ մեկը կրկին թվեր է նկարում, այն էլ ինչպիսի թվեր։ Այլ կերպ սա դժվար է բացատրել։
Հիմա ամեն ինչ՝ ըստ հերթականության։
Դեռևս 2 ամիս առաջ՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում արձանագրված վնասներին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել շուրջ 175 հազար զբոսաշրջիկ։
«Կորուստները գումարային առումով արձանագրված չեն, բայց առաջին եռամսյակում արդեն իսկ բավական զբոսաշրջային այցելությունների նվազում կա։ Քանակական առումով կարող եմ ասել, որ Հայաստան առաջին եռամսյակի ընթացքում չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ։ Դա բավական մեծ կորուստ է ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը դեռ զբոսաշրջային ամենաակտիվ շրջանը չէր, և այդ ընթացքում դեռ կային բաց սահմաններ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ավելի վատ կարող է լինել, քանի որ փակ սահմաններ են, թռիչքներ չեն իրականացվում, զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու։ Դա նշանակում է, որ այն զբոսաշրջային մուտքերը, որոնք նախատեսված էին, չեն լինելու։ Դեռևս չեմ կարող ասել, թե ֆինանսական ինչ վնասներ մասին է խոսքը, բայց եթե հաշվենք մեկ զբոսաշրջիկին բաժին ընկնող արժեքով՝ առաջին եռամսյակում դա կազմել է 175 հազար անգամ 770 ԱՄՆ դոլար։ Դա մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է Հայաստանում»,- այս հայտարարությունը Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն արել է մարտի 30-ին կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսում։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր այցելել 364 հազար զբոսաշրջիկ, ապա կստացվի, որ, ըստ կոմիտեի նախագահի՝ այս տարվա առաջին եռամսյակում այցելուների քանակը եղել է 189 հազար։
Բայց Վիճակագրական կոմիտեն բոլորովին այլ թիվ է հրապարակել։ Ու դրա համաձայն՝ զբոսաշրջության հոսքերի կրճատումը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ասում էր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։
Վիճակագրական կոմիտի հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա 364 հազարի դիմաց, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 311 հազար մարդ։ Տարբերությունը ոչ թե 175 հազար է, այլ ընդամենը 53 հազար։ Այսինքն՝ 3,3 անգամ ավելի քիչ, քան ասում էր այն գերատեսչության ղեկավարը, որը համակարգում է զբոսաշրջության ոլորտը։
Թե ինչո՞ւ է առաջացել նման մեծ անհամապատասխանություն, մնում է միայն ենթադրել. ինչ-որ մեկին հավանաբար այդպես է պետք եղել։ Հատկապես որ, տնտեսության վիճակը վատ է, ու կառավարությանը ցուցանիշներ են պետք՝ տնտեսական քիչ թե շատ ավելի լավ պատկեր ներկայացնելու համար։
Դրանից, իհարկե, իրավիճակը զբոսաշրջության ոլորտում չի փոխվում, և բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Վերջին 3-4 ամիսների կտրվածքով ընդհանրապես անիմաստ է խոսել զբոսաշրջության մասին։
Զբոսաշրջությունը կանգ է առել։ Թեև չի բացառվում, որ երկրորդ եռամսյակում կրկին անակնկալներ լինեն։
Ըստ ամենայնի, զբոսաշրջության ցուցանիշների մեջ կներառվեն այն քաղաքացիները, ովքեր համավարակի հետևանքով ստիպված են եղել վերադառնալ Հայրենիք։ Ու կարող է այնպես ստացվել, որ երկրորդ եռամսյակում մի քանի տասնյակ հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր։ Չնայած պարզ է, որ դա քիչ կապ ունի իրական զբոսաշրջության հետ։
Փաստն այն է, որ համավարակից հետո զբոսաշրջության ոլորտը կանգ է առել, ու առայժմ հեռանկար չկա, որ շուտ կարող է վերականգնվել։ Համավարակի տարածման տեմպերը Հայաստանում այնպիսին են, որ անիմաստ է անգամ մտածել, թե ընդհանրապես երբ հնարավոր կլինի կրկին երկիրը բացել զբոսաշրջիկների առաջ։ Ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ հայտնվել են անելանելի վիճակում և ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը։ Առաջիկա առնվազն 1-2 տարիներին նրանից շատերը հարկադրված կլինեն դուրս մնալ դաշտից։
Թեև կառավարությունը հույսը դրել է ներքին տուրիզմի վրա, այնուհանդերձ այստեղից էլ մեծ ակնկալիքներ չկան։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ առաջին եռամսյակում ներգնա տուրիզմը ևս նվազել է։ Անկումը կազմել է 12 տոկոս։ Ներքին զբոսաշրջությունից օգտվել է 139 հազար մարդ՝ նախորդ տարվա 158 հազարի փոխարեն։ Երկրորդ եռամսյակն այլևս կորսված ժամանահատված է ներքին զբոսաշրջության համար։
Իսկ թե ի՞նչ կարելի է սպասել հետո, մնում է միայն ենթադրել։ Դժվար է պատկերացնել, որ համավարակի տարածման այսպիսի տեմպերի պայմաններում կարող է մեծ ակտիվություն լինել։ Առավել ևս, որ սոցիալական իրավիճակը նպաստավոր չէ դրա համար։ Շատերը հասցրել են կորցնել իրենց եկամուտները և ստիպված են լինելու հրաժարվել նման «ճոխություններից»։
Զբոսաշրջության ոլորտում առկա այս իրավիճակի հետևանքով՝ տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Պատկերացնելու համար ասենք, որ արտագնա տուրիզմի հաշվին անցած տարի ստացվել էր, նվազագույն հաշվարկներով, առնվազն 1,5-1,6 մլրդ դոլար։ Այդ գումարները գնացել են հիմնականում սպասարկման և ծառայությունների ոլորտ։
Այսօր դրանք գրեթե ամբողջությամբ դադարել են՝ լուրջ խնդիրներ ստեղծելով ոլորտում գործող տնտեսվարողների համար։ Պատահական չէ, որ սպասարկման հատվածում զբաղված բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք սնվում էին հիմնականում զբոսաշրջությունից, անաշխատ վիճակում են։
Վարկերի սուբսիդավորումով, ինչն առաջարկում է կառավարությունը, նրանց խնդիրը չես լուծի։ Ընդհակառակը, դա կդառնա պատճառ՝ ավելի մեծ ֆինանսական պարտավորությունների մեջ հայտնվելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ