Բաժիններ՝

Դիմակը սխալ կրող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության որոշ աշխատակիցների վերաբերմունքն անհանգստացնող է. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր թջում գրում է.

«ԴԻՄԱԿԸ ՍԽԱԼ ԿՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՇԽԱՏԱԿԻՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է

Նախ, կարծում եմ, որ բոլորս պետք է պահպանենք առողջապահական պահանջները և նվազագույնի հասցնենք միմյանց վարակելու ռիսկը:

Բայց այն ինչ տեղի է ունենում դիմակներ չկրելու կամ սխալ կրելու համար, ոստիկանության որոշ աշխատակիցների մասնակցությամբ, մեղմ ասած անհանգստացնող է:

Ոչ արտակարգ և ոչ էլ նույնիսկ ռազմական դրությունը չի թույլատրում պետությանը՝
– Խախտել Մարդու ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված արժանապատվության իրավունքը.
– Խախտել Մարդու ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով երաշխավորված նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը.
– սահմանափակել Մարդու մյուս իրավունքները իրավիճակից չբխող ծավալով:

Մի կնոջ բերման են ենթարկում ոստիկանություն դիմակը սխալ կրելու համար, մեկ այլ քաղաքացու փողոցում մի քանի ոստիկանով պառկեցնում են հատակին դիմակ չկրելու համար…:

Սա լավագույն ձևը չէ պայքարելու մարդկանց առողջության համար: Ընդ որում, այս երկու դեպքում էլ, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, առկա են արժանապատվությունը նսեմացնելու տարրեր:

Չքննարկելով ընդհանրապես դիմակը սխալ կրելու կամ չկրելու համար մարդուն պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցը (այստեղ մի շարք իրավական խնդիրներ կան), մի բան առնվազն անվիճելի է. դիմակը կրելու կանոնների համաձայն (ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված N 18 (թեև սա իրազեկման թերթիկ է))՝ դիմակը ճիշտ կրելը միայն քիթը և բերանը փակելու կանոնը չէ, այլ նաև առնվազն հետևյալ կանոնի պահպանումը՝ չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով:

Պատգամավորները և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հաճախ են խոսելու ժամանակ ձեռքով հպվելով ուղղում դիմակը ու դրանից անմիջապես հետո ձեռքերը չեն մշակում սպիրտ պարունակող միջոցով և չեն լվացվում օճառով: Այս գործողությունը նույնկերպ համարվում է դիմակը սխալ կրել, այնպես ինչպես դիմակը կրելուց քիթը դուրս թողնելը: Բայց այս հիմքով որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել (այդպիսի դեպք հայտնի չէ):

Օրենքներն ընդունվում են խելամտության կանխավարկածով և հասարակությունը հիմնականում չի ընդունում այն վարքագծի կանոնները, որոնց տրամաբանությունը խնդրահարույց է: Այդպիսին կարող է համարվել օրինակ հանրային այգում միայնակ մարդու դիմակ կրելը, երբ նա իր իսկ արտաբերած ածխաթթու գազը շնչելու փոխարեն մաքուր օդ է ցանկանում շնչել: Կամ տրանսպորտային միջոցի մեջ ընտանիքի անդամներով տեղաշարժվելու ժամանակ դիմակ կրելու պարտադրանքը: Կարծում եմ, որ այս տիպի մոտեցումներն են հասարակության անդամների մոտ վարքագծի կանոնին դիմադրելու ցանկություն առաջացնում:

Ամենակարևոր խնդիրն այն է, որ պետությունը պետք է այս դեպքերում ոչ թե անձին նվաստացնելու ճանապարհով ստիպի դիմակ կրել, այլ՝ համոզելու, բացատրելու, իրավագիտակցությունը բարձրացնելու այլ եղանակներով:

Առողջ եղեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս