«Սա վերջին օրերի կրկեսի ներկայացումներից մեկն էր». Արթուր Դանիելյանը՝ իրենց բերման ենթարկելու մասին

Հունիսի 12-ին,  ժամը 14:20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի հենց շենքի առջևից ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման էին ենթարկել 26 անձանց: Նրանք եկել էին Արաբկիրի բաժին՝ իրենց աջակցությունը հայտնելու ավելի վաղ ԱԺ-ի շենքի մոտից բերման ենթարկված  4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին, Բաբկեն Հարությունյանին: Բերման ենթարկվածներից 4-ը Ոստիկանության Նորք Նորքի բաժնում էին: 3 ժամ այնտեղ մնալուց հետո նրանք ազատ արձակվեցին: 168.am-ի հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ասաց, որ համաձայն չէ այն արձանագրության հետ, որը կազմվել է:

«Մեզ փաստորեն ձերբակալել են՝ մեղադրելով հանրահավաք կազմակերպելու մեջ, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Ես որպես անհատ քաղաքացի՝ ժամանել էին Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ճշտելու համար իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի որպիսությունն ու իր կարգավիճակը, նա միշտ մեր կողքին է եղել մեր բոլոր միջադեպերի ընթացքում իրավապահների հետ, և ես իմ պարտքն էի համարում պարզապես իրեն զորակցել, աջակցել: Ինձ նման ևս մի քանի տասնյակ քաղաքացիներ մոտեցել էին Արաբկիրի բաժին, որ ճշտեն Ռուբեն Մելիքյանի կարգավիճակը, չգիտես ինչո՞ւ, ոստիկանները դա հանրահավաք համարեցին և մեզ բերման ենթարկեցին: Սա վերջին օրերի կրկեսի ներկայացումներից մեկն էր: Անհասկանալի պատճառներով, անհասկանալի տրամաբանության մարդկանց բերման են ենթարկում: Ռուբեն Մելիքյանը առավոտյան միայնակ կանգնած էր ԱԺ դարպասի մոտ և պարետի բոլոր պահանջները կատարել էր, իր վրդովմունքն էր արտահայտում, իրեն բերման ենթարկեցին էլի նույն մեղադրանքով: Սկզբից փորձեցին ուժ կիրառել մեզ համար անհասկանալի պատճառներով, քանի որ որևէ դիմադրություն մենք չենք ցուցաբերել, հետո արդեն շատ ավելի բարյացակամ էին»:

Արթուր Դանիելյանը պնդում է, որ ցույցերը, ըստ տրամաբանության, պետք է պահանջ ունենան, որն իրենք չունեին: «Ադեկվադ» միաբանության հիմնադիրը նաև հայտնեց, որ փորձելու է ճշտել Ռուբեն Մելիքյանի հետագա քայլերը, քանի որ իր կարծիքով՝ իրավապաշտպանի գործունեությունը փորձում են սահմանափակել.

«Եթե նա պատրաստվում է պայքարել այս աճպարարության, արտակարգ դրության տնազի դեմ, ես ինչով կարող եմ՝ իրեն կօգնեմ»:

Տեսանյութեր

Լրահոս