«Իրենց ուժը մարդ ձերբակալելն է, պառլամենտում բռունցքներով հարցեր լուծելը և ասֆալտին փռելն է». Էդուարդ Շարմազանով

«Ինձ ստիպել է այստեղ գալ իշխանությունների հակապետական ու անօրինական գործողությունները, այսպես կոչված, արտակարգ դրության երկարաձգումը և մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիայից հետո նրանց բերման ենթարկելու մտադրությունը»,- ասաց ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված քաղաքացիներին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս խոսքով՝ բերման են ենթարկվել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը, այլ ներկայացուցիչներ ու քաղաքացիներ:

«Իշխանությունն արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար, որովհետև այն արտակարգ դրությունը, որ իբր թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անում է, արտակարգ դրություն չէ: Մենք տեսնում ենք, որ բոլոր սահմանափակումներն արդեն գրեթե մեկ ամիս հանված են: Մանկապարտեզներն աշխատում են, տրանսպորտը, ռեստորաններն աշխատում են, ոչինչ չեն արել առողջապահական կոլապսը չեղարկելու համար, բայց արտակարգ դրությունը երկարաձգում են մի պարզ պատճառով, որպեսզի մարդկանց ազատ խոսքի իրավունքը, հանրահավաքները, միտինգները սահմանափակեն: Եվ սա բռնատիրական ռեժիմներին հատուկ գործելաոճ է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ նախկին փոխխոսնակը համոզված է, որ արտակարգ դրության երկարաձգումն ունի քաղաքական նպատակ, և դրա մասին հուշում են Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հանդուգն, էյֆորիկ և էմոցիոնալ որոշումները:

«Իհարկե, իշխանությունը մսխել է ժողովրդի վստահությունը, իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատերազմում, իշխանությունը միայնակ է թողել հայ ժողովրդին այս աղետի դեմ հանդիման ու հիմա փորձում է ճնշել ազատ խոսքը: Եվ այս մեր ոստիկաններին և ուժային կառույցներին փորձում է դարձնել իր համար վահան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ համոզված է՝ թե քաղաքացիները, թե ոստիկանները, և թե ուժային կառույցները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կլինի փրկություն մեր պետական կառավարման համար:

Հարցին, թե չի՞ վախենում, որ իրեն էլ բերման կենթարկեն, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ ինքը ոչ մի անօրինական բան չի անում, և «Նիկոլի Հայաստանում ոչինչ բացառված չէ»:

«Ես մայիսի 8-ից հետո ասել եմ, որ ցանկացածիս ցանկացած հոդվածով՝ Քենեդու սպանությունից մինչև Լենինի դեմ մահափորձ, կարող են ձերբակալել: Ձեզ էլ կարող են ձերբակալել, որ ինձնից հարցազրույց եք վերցնում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի օրերը հաշված են:

Ըստ Է. Շարմազանովի՝ այսօր մենք տեսնում ենք, որ նրան լքում են անգամ իր երբեմնի դաշնակիցները:

«Երբեք արտախորհրդարանական ընդդիմությունն այսքան ուժեղ չի եղել, ինչքան հիմա: Մենք համախմբվելու ենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձի դեմ, այլ Հայաստանի ազգային ապագայի համար: Մենք համախմբվում ենք, որպեսզի չեղարկենք այն կործանարար քաղաքականությունը, որը կա ազգային ավանդական արժեքների, հայ ընտանիքի, Արցախի, տնտեսական քաղաքականության ոլորտում»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ԱԺ նախկին փոխխոսնակի՝ «այս ապիկար իշխանությունները 2 տարվա ընթացքում մսխել են ամեն ինչ», և երեկ Եվրոպական խորհրդարանի այդ հակահայկական բանաձևը դրա վառ ապացույցն էր:

«Սրանք ինչ լինում է, մեղադրում են առաջ՝ նախկիններին, հետո՝ Քոչարյանին, հետո՝ «Բարգավաճին», Էդմոն Մարուքյանին: Իրենց ուժը մարդ ձերբակալելն է,  պառլամենտում բռունցքներով հարցեր լուծելը և ասֆալտին փռելն է: Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանավեճը վեր է ածել ասֆալտից ավելի ցածր մակարդակի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե իր նշած արտախորհրդարանական ուժերն արդյո՞ք ունեն վարչապետի թեկնածու, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ իր կարծիքով՝ հայ ժողովրդի արգանդն այնքան բեղմնավոր է, որ հաստատ հազարավոր թեկնածուներ կլինեն, որոնք ավելի լավ կկառավարեն, քան, իր խոսքով, այս ապիկար իշխանությունները:

«Իսկ թեկնածուներ կան, բայց մենք պետք է համախմբվենք ոչ թե թեկնածուի, այլ գաղափարի շուրջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս վստահ է, որ այս իշխանության հանցագործությունները երկուսն են՝ Հայաստանը սևերի և սպիտակների բաժանելը և կորոնավիրուսի պարագայում հանցավոր անգործություն դրսևորելը:

«Այս մոտ 250-300 մահերի քաղաքական պատասխանատուն իշխանությունն է: Մենք բազմաթիվ առաջարկություններ արեցինք, համերաշխության կոչ արեցինք: Ի պատասխան ի՞նչ ստացանք՝ Նիկոլի սամասուդներն ու նոր հաստափոր քրեական գործեր: Դրա համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հեռանալ՝ իր քաղաքական խմբավորման հետ միասին, որովհետև այս մարդիկ անկարող են և որևէ բան չեն էլ ուզում անել»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Դիտարկմանը, թե իշխանությունները քննադատներին դավաճաններ են համարում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ դավաճաններ են նրանք, ովքեր Ալիևին կիրթ ու կառուցողական են անվանում, Արցախի հերոսներին են ձերբակալում, Արցախի հաղթանակած հերոսներին դավադիրներ են անվանում, դավաճան են ԱԺ-ում տրանսգենդերության քարոզ անողները, Հայաստանում բաժանարար գծեր քաշողները, ժողովրդին խաբողներն ու նրա զգացմունքների վրա խաղացողները:

«Բայց եթե Փաշինյանը կարծում է, որ ռեպրեսիվ մեթոդներով կարելի է ուժեղացնել սեփական իշխանությունը, ապա նա չարաչար սխալվում է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս